пятница, 4 ноября 2011 г.

Ինչպե՞ս և ինչու՞ հայտնվեցի Facebook-ում

  2011թ. հուլիսի 19-ը կարող եմ ինձ համար ,,պատմական օր,, համարել. գրանցվեցի Facebook-ում: Այդ գաղափարն ինձ հուշեց վանաձորաբնակ մանկավարժ, ՀԱԿ համակիր Սոֆյա Քալանթարյանը, երբ ես կարծիք հայտնեցի, որ հայաստանյան մամուլում խոսքի ազատության պակաս կա, ու ներքին գրաքննություն (և սա` ոչ միայն իմ դիտարկման արդյունք է: Ահավասիկ, բազմաչարչար, անկոտրում մտավորական Ռաֆիկ Սահարյանը նկատում է. ,,Տո այ մարդ, անուններն ազատ մամուլ են դրել, նամակ ես ուղարկում ու սպասում, թե պիտի տպեն, թերթի հետևին էլ գրում են` ,,Հոդվածները չեն գրախոսվում և չեն վերադարձվում: Բա էլ ինչի՞ են պահում, եթե չեն տպում: Այ էդ հարցն է պետք մամուլում բարձրացնել,,): Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ վերջերս հետաքրքրվեց, թե ինչու՞ իմ հոդվածներին վերջերս չի հանդիպում: ,,Վերջերս Diplomat.am-ում էի տպագրվում` կայքը փակվեց,,,- փորձեցի մի կերպ արդարանալ: Ահա թե ինչու` նախ ,,թասիբի,, ընկած մի քանի հոդված ուղարկեցի դեսուդեն, հետո էլ մեծ ակնածանքով ,,թակեցի,, Facebook-ի ,,դուռը,,: 3-րդ ,,թակոցից,, հետո ,,դուռը բացեցին,,  օտար լեզվով ողջունեցին ու ,,հետաքրքրվեցին,,, թե ֆեյսբուքային ,,ախպերությունից,, ( ինչպես Գևորգ Ալթունյանը կասեր` ,,ֆեյսբուքահայությունից,,) ու՞մ հետ կուզեի ,,ընկերանալ,, դե ես էլ որոշեցի 1-ին հղումը կատարել Սոֆյա Քալանթարյանին, որպես Facebook մտնելու ,,քավոր,,: Սոֆյա Քալանթարյանի էջին ծանոթանալիս զարմանքով մտածեցի, թե բազմազբաղ, հոգսաշատ, թոռնիկների տեր այս կինն ինչպե՞ս է հասցրել մտավորականի աշխատանքն էլ համատեղել Facebook-ի հետ ու այդքան հետաքրքրություն ցուցաբերել մամուլի հանդեպ ՝ պարբերաբար իր էջում զետեղելով հավանած հոդվածները: ,,Ափսոս, ժամանակս չի հերիքում, բոլոր թերթերին չեմ հասցնում ծանոթանալ,,,- ափսոսանք է հայտնում   տիկին Սոֆյան իմ հետ զրույցում: Ֆեյսբուքային ընկերներիս 2-րդ տեղում Երկրապահ-ԱԻՄ-ական Հակոբ Ղուկասյանն է, որի հետ ,,հին ընկերներ,, ենք այն ժամանակվանից, երբ ես թղթակցում էի ԱԻՄ-ի ,,Կանչ նախնյաց,, թերթին (1995-1996թթ.): Հակոբի հետ իմ տարբեր հարցազրույցներ տպագրվել են ,,Առավոտ,, թերթում: Հակոբի մտքով հենց մի գաղափար էր անցնում` ասում էր` ,,Արի էդ մասին մի հարցազրույց սարքենք,,, բայց հենց հոդվածը տպագրվում էր, Հակոբը, որքան էլ տարօրինակ է` տպագրվելուց հետո թերթը ,,չէր գտնում,,. ,,Վա~յ, տպվել ա՞, ե՞րբ, ինչ կլնի բեր կարդամ էլի,,: Եթե ԱԻՄ-ի ,,թանին թթու ասող,, մտքեր էր լինում հոդվածում` աշխատում էի Հակոբի աչքին չերևամ, թեպետ, ի տարբերություն այլ քաղաքական դեմքերի, Հակոբը երբեք քննադատության համար ,,կռիվ չէր անում,,:  Արդեն 3 տարի է` Հակոբի հետ որոշում ենք Վանաձորում թերթ տպել` գլուխ չի գալիս: Հակոբն այն եզակի մարդկանցից է, որ սուր խնդիրներ ոչ մեկի հետ գրեթե չունի (իմ կարծիքով): Իսկ իր ազգանվանակից կոմունիստ Ղուկասյան Անդրանիկի հետ էլ շատ հաշտ-համերաշխ են, թեպետ Հակոբն էությամբ հակակոմունիստ է և աստվածասեր: Սիրած արտահայտություններից է` ,,Ախպոր պես,, թեպետ, բնականաբար, ինձ ողջունելիս ասում է` ,,Բարի օր, քիր ջան,,: Չմոռանամ ասել, որ Հակոբի սիրած քաղաքական գործիչը Տիգրան Կարապետիչն է, ում առնչությամբ (ավելի ճիշտ` նրա ղեկավարած ԱԼՄ հոլդինգի փակվելու) ասում է. ,,Էդ մարդու հետ շատ անարդար վարվեցին,,:

                                             ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, 25.07.11

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն