воскресенье, 27 ноября 2011 г.

Ավտովթար` Ձորագես ավանի վթարային կամրջի վրա


Վանաձոր-Ալավերդի ավտոմայրուղու` Ձորագես ավանի մուտքի մոտ գտնվող կամրջի աղետալի վիճակին անդրադարձել է <<Իրատես դե ֆակտո-ն>>` 8.07.2011թ. <<Վթարային իրավիճակ>> հոդվածում: Դրանից հետո հարցը բարձրացվել է նաև հոկտեմբեր ամսին` <<Դիպլոմատ>> և <<Ազատ անկախ>> կայքերում` <<Աղետի գոտին դարձել է ռիսկային գոտի>>: Անգամ facebook ցանցում է հարցը բարձրացվել: Ավելի վաղ էլ <<Ankakh.com>> կայքն էր հարցին անդրադարձել 5.11.2010թ. <<Գերեզմանագողերի, սրբապիղծ կովերի և այլնի մասին>>: Եվ մինչ համապատասխան մարմիններն այս ամենն անուշադրությանն էին մատնում, երեկ ահազանգ ստացանք Ձորագեսից, որ կամրջի վրա ավտովթար է տեղի ունեցել. նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 10-ին Ալավերդի ուղևորվող <<Գազել>> մակնիշի բեռ տեղափոխող մեքենան կամրջից թռել-ընկել է գետը, բայց ոչ թե առանց բազրիքի հատվածից, այլ` բազրիքային մասից, որի երկաթե ճաղաշարի մի մասը մեքենայի բախման արդյունքում պոկվել-ընկել է գետը: Մեքենայի մեջ գտնվող 2 անձինք, որոնցից մեկը` վարորդը, տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: Այլ ուղևորներ չեն եղել մեքենայում: Ենթադրվում է, թե վթարի պատճառը ոչ այնքան կամրջի անբարեկարգ վիճակն է եղել, որքան` մերկասառույցը, քանի որ այս տեղեկությունը հայտնող բնակիչներից մեկն ասաց, թե <<Էդ դեպքից հետո նոր բերին ավազ շաղ տվին, ուրեմն մինչև մի բան չլներ, շաղ չէին տալու՞>>: Փաստորեն, պատկերավոր ասած` եթե կամուրջը մինչև հիմա միակողմանի էր <<կաղ>>, ապա ներկայումս` երկկողմանի, ինրն առավել վտանգավոր է դարձնում երթևեկությունը` նաև ավանի բնակիչների համար: Ի դեպ, այս հատվածում ավտոմեքենայի` գետն ընկնելու դեպքեր եղել են նաև խորհրդային տարիներին. մասնավորապես` ավտոբուս էր շրջվել: Կարծում ենք, կամուրջն անհրաժեշտ է հիմնովին բարենորոգել, և երկաթե բարձր ճաղաշար տեղադրել` ավտոմեքենաների հարկադրական <<թռիչքը>> դեպի գետ կանխելու նպատակով: Այս առնչությամբ ավանի բնակիչներից մեկը կատակեց. <<Համ էլ բալքի մինն ու մինն ուզում ա իրան գետը գցի, որ ճաղերը բարձր ըլեն, կարալ չի>>:
                                                                                                                                
                                                                                                                         Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն