четверг, 30 августа 2012 г.

Վթարային կամուրջ` Վանաձոր-Բագրատաշեն մայրուղու վրա





Սա  Լոռու  մարզի  Ձորագես  ավանի  քարուքանդ  եղած  կամուրջն  է` տարբեր  դիրքերից  լուսանկարված:  2-3  տարի  առաջ  կամրջի  ձախակողմյան  (դեպի  Ալավերդի  գնացող  հատվածի)  բազրիքներն  էին  ամբողջությամբ  թափված,  իսկ  1  տարի  առաջ  աջակողմյան  հատվածի  բազրիքների մի  մասն  էլ  պոկվեց ավտովթարի  արդյունքում.  մեքենան  թռել-ընկել  էր  գետը  (Azatankakh.blogspot.com, 27.11.2011թ.,  "Ավտովթար  Ձորագես  ավանի  կամրջին"):  Կամրջով  մշտապես  հսկայական  բեռնատարներ  են  անցնում`  ապրանք  տեղափոխող  ("ֆուռեր"),  մինչդեռ  գետինն  արդեն  նույնիսկ  սկսել  է  ճաքեր  տալ,  և  ավանի  բնակիչները  լուրջ  մտահոգություն  ունեն:  Ի  դեպ,  Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհին  առաջացած  սողանքից հետո այս  ճանապարհահատվածով  անցած  տարի  բեռնատարներ  չէին  անցնում,քանի  որ  արգելվել  էր  նրանց  երթևեկը,  սակայն  արդեն  մի  քանի  ամիս  է` կրկին  անցնում  են,  ինչը  կրկնակի  վտանգ  է  կամրջի  համար:  Կամրջով  նաև  հետիոտներ  են  անցնում`  ավանի  բնակիչները,  և  դժվար  չէ  պատկերացնել  նրանց  վիճակը,  երբ  այդ  պահին  որևէ  մեքենա  անցնի,  քանի  որ  առանց  բազրիքների  կամրջի  մայթային  նեղ  հատվածից  խուսափելու  համար հետիոտնը  ստիպված  է  քայլել  ավտոճանապարհով:  "Մի  բռնվելու  տեղ  էլ  չկա` թե  բռնվենք,  ասենք  թե  հետևից  մի  ավտո  է  գալիս,  ի՞նչ  պետք  է  անենք",-իրավացիորեն  դժգոհում  է  ավանի  հնագույն  բնակչուհի  Ելենա  Անդրեասյանն  ու  ավելացնում. ,,Աստված  ոչ  անի, որ  հանկարծ  պատերազմ  ըլի,  տանկը  չի  կարա  անցկենա,,:   Կամրջի  աղետալի  վիճակի  մասին  քանիցս  ահազանգել  ենք. "Իրատես  դե  ֆակտո"  թերթում (11.07.2011թ.  "Վթարային  իրավիճակ"),  Ankakh.com  կայքում` 5.11.2010թ.  "Գերեզմանագողերի,  սրբապիղծ  կովերի  և  այլնի  մասին",  Azatankakh.blogspot.com  բլոգում` 8.10.2011թ.,  "Աղետի  գոտին  դարձել  է  ռիսկի  գոտի" (ընդ  որում,  այդ  նյութը  նույն  օրը  տեղ  էր  գտել  նաև  Diplomat.am  կայքում),  ,,Ձորագետավանի  հին  ու  նոր  խնդիրները,, / ,,Azatankakh.blogspot.com,10.04.2012թ./,  սակայն  համապատասխան  մարմինների  կողմից  խնդիրն  առ  այսօր  անուշադրության  է  մատնված:
...Լուսանկարները` Իտալիայում  բնակվող  մեր  հայրենակից  Եվա  Պապիկյանի,  ով  այս տարի  ամուսնու` իտալացի  Բրունոյի հետ  ամառային  հանգիստն  էր  անցկացնում  Ձորագեսում,  և  օգոստոսի  13-ին,  Ձորագես  ավան  մեր  այցելության  ժամանակ  մեր  խնդրանքով  նկարեց  կամուրջը`  տարբեր  դիրքերից,  որի  համար  մեծապես  շնորհակալ  ենք:

ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

4 комментария:

  1. հոկտեմբերի 4-ի գիշերը կամրջից հերթական անգամ մեքենա է ընկել գետը: Այս առնչությամբ մեզ հետ հեռախոսազրույցում բնակիչներից մեկը պատմեց, որ առավոտյան կողմ, երբ մարդիկ են հավաքվել, շտապօգնություն ու ոստիկանություն է ժամանել, ինքը զայրացած հիշեցրել է, որ կամրջի վիճակի մասին քանիցս գրվել է, բայց մնացել է, ,,ձայն բարբառոյ,,: ,,Ասի իտալացին էլ էկավ նկարեց, էլի պետքները չի,,: Բարեբախտաբար զոհեր չկան, բայց մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Մինչ շտապօգնության ժամանելը մոտակայքի բնակիչներն ինչով կարողացել օգնել են, ինչպես նախորդ՝ մեկ տարի առաջ տեղի ունեցած վթարի ժամանակ:

    ОтветитьУдалить
  2. եՐԵԿ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԳՐԵԼ ԷԻ, ՈՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ ՇԱՄՇՅԱՆՆ Է, ԹԵ ՆԿԱՐԵՑ ՝ ՆԿԱՐԵՑ. ԱՅՍ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՁՈՐԱԳԵՍՑԻՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՍԱՑ ,,ԲԱՅՑ ՊԵՏՔ Ա ՄԻ ԲԱՆ ՊԱՏԱՀԻ, ՈՐ ՇԱՄՇՅԱՆԸ ԳԱ ՆԿԱՐԻ,,:

    ОтветитьУдалить
  3. Սույն թվի ապրիլի 24-ին Ձորագետավան մեր այցելության ընթացքում տեղեկացանք, որ կամրջի ՝ փոս ընկած հատվածներից մեկը ավազ են լցրել, որպես հարցի նախնական լուծման ձեւ: Ի դեպ,շուտով նորոգման անհրաժեշտություն կզգացվի նաեւ Դսեղ տանող կամրջի վրա, որի ՝ 2 հանդիպակաց ճաղերից մեկական հատված պոկվել-թափվել են.միգուցե ՝ մեքենաների բախման արդյունքում: Ընդհանրապես, Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը բավականին անբարեկարգ է, եզրաքարեր գրեթե չկան կամ շատ փոքր են. թերեւս, «սովետի» ժամանակներից, թեպետ անցած տարի ճանապարհներն ասֆալտապատել են:

    ОтветитьУдалить
  4. Տես նաեւ «Ոչ կամուրջն է նորոգվում, ոչ թունելը», սույն բլոգի 2014թ. մարտի համարում

    ОтветитьУдалить

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն