суббота, 15 июня 2013 г.

Եւ կրկին անորակ ասֆալտապատման,բաց դիտահորերի ու բյուջետային վնասների մասին

Շուրջ  2 ամիս  առաջ  Վանաձորի ՝Կ.Դեմիրճյան  փողոցը  կարկատանային  ասֆալտապատման  ենթարկվեց. չնայած  2012թ. աշնանը  այն կրկին  կարկատանապատվել էր: Այս  տարվա  գարնանն էլ  կառավարությունը  300միլիոն դրամ  հատկացրեց  ասֆալտապատման  նպատակով: Տիգրան  Մեծ  պողոտայում  ասֆալտապատմանը  նախորդեց  ու դեռ  ընթացքի  մեջ  են ջրատարների  նորոգման  հետ  կապված  աշխատանքները: Բայց, որքան  էլ  տարյրինակ  է,Կ. Դեմիրճյան  փողոցում  պատկերը  ճիշտ  հակառակն է. նախ ՝ կարկատանային  ասֆալտապատում  արեցին /ընդ  որում ՝ անձրեւային  եղանակին, ինչպես  Գյումրիում  էին  արել /,իսկ  հիմա  սկսել  են  մայթեզրի  ուղղությամբ  փողոցը  քանդել ՝ ջրատարների  նորոգման  թե  փոփոխման  պատճառաբանությամբ: Հունիսի  15-ին, շաբաթ  օրը, վաղ  առավոտից, երբ  ՀՀ  բացառիկ  երջանիկ  խավը ՝ աշխատավորությունը, թվում  է, թե  ունի  ,,հանգստի  իրավունք,, Կ. Դեմիրճյան  փողոցում  հռնդյունով  բուլդոզեր  էր  աշխատում ՝ քնաթաթախ  մարդկանց  զարմանքը  հարուցելով. ,,Ախր  նոր  են  ասֆալտ  քաշել, էլի  քանդում  ե՞ն,,: Եթե  նկատի  ունենանք,  որ  1 ամսից  ավելի է, Տիգրան  Մեծի  վրա  դեռ  ,,բզբզում,, է  քանդող-սարքող  բրիգադը, ենթադրվում է,  թե  առնվազն  մեկ  ամիս  էլ  Կ.Դեմիրճյան  փողոցում  ,,կբզբզան,, քանդաշինարարները, որից  հետո, լավագույն  դեպքում ՝ մի  կերպ  ինչ-որ  դարուփոսատիպի  կփակեն  փորածը:Չէ՞  որ  հաճախ  է  ջրմուղն  այսուայնտեղ  վթարային  աշխատանքներ  տանում  ու  այդպես  էլ  թողնում  կամ ՝,,գլխառադ,, ասֆալտ  անում: Օրինակ, Տերյան  փողոցի  սկզբնամասում,  զինմասի  հարեւանությամբ  1 տարի  առաջ  փառավոր  քանդեցին ՝ ջրի  վթարի  հետ  կապված,  ու  մի  քանի  շաբաթ  անց  միայն  մի  ,,գլխառադ,, կարկատան  արեցին ՝ առանց  այդ  էլ  տարիներով  ասֆալտ  չտեսած, քարուքանդ  եղած  մայթին: Սա ՝  միակ  թերությունը  չէ  այս եւ  քաղաքի  այլ  հատվածներում,  ուր  շարունակում  են  անցորդների  համար  լուրջ  վտանգ  հանդիսանալ  բաց  դիտահորերը: Երկաթուղայինների  այգու  դիմաց, Կ.Դեմիրճյան  30 շենքի  հանդիպակաց  մայթեզրի  մոտ  ժամանակ  առ  ժամանակ  դիտահորը  բացվում  ու  այդպես  բաց  մնում  է ՝այգու  քարուքանդ  մայթի  պատճառով  ավտոճանապարհը  որպես  ,,այլընտրանք,, ընդունող  անցորդների  համար վտանգ  հանդիսանալով: Մեզ  հաջողվեց  պարզել, որ  դիտահորը  բացելու  պատճառն  այն  է,  որ  անձրեւներից  հետո  մոտակա  սրճարանը  ջուր  է  լցվում,  որ  կանխվում  է  միայն  դիտահորը  բացելուց  հետո /,,Հեղնար  աղբյուրի,, հրաշքն  է ՝ վանաձորյան  տարբերակով /:  Ինչ  վերաբերվում  է  ասֆալտը  քանդել-թափելուն, ապա  ենթադրվում  է, թե  մի  օր  էլ  ,,Լաչինի  միջանցքի,,  ,,նորաթուխ,, ասֆալտն  են  կրկին  քանդելու,  քանի  որ  20 տարի ասֆալտի  երես  չտեսած, հավերժական  ջրերի  մեջ  գտնվող  առեւտրի  այդ  բացօթյա  վայրն, ի  վերջո, անցած  աշնանն  ասֆալտապատեցին /ՏԻՄ  ընտրություններին  ընդառաջ /, բայց ՝ արեւային  օրերին  անգամ  այդտեղ  երբեմն  ջրային  հոսքեր  են  լինում , ինչն  առաջացնում  է  այդ  տարածքով  անցնողների  դժգոհությունը.,,Ասֆալտն  արեցին ՝ էլի  էս  փողոցը  խելքի  չեկավ,,: Ակամա  հիշում  ենք, թե  ինչպես  էր  ,,Լաչինի  միջանցքի,,  ասֆալտապատումից  ոգեւորվածներին  շտապում  հիասթափեցնել  մի  վանաձորցի. ,,Հա  բայց  ի՞նչ  օգուտ,  որ  ասֆալտն  արել  են, ջրահեռացումը  չեն  արել,,: Այս  ամենը, թերեւս, հետեւանք  է  այն  բանի,  որ  ջրմուղն  ու  քաղաքապետարանը  համակցված  չեն  աշխատում, տարբեր  կառույցներ  են, ջրմուղը  չունի  քաղաքապետարանի  ենթակայություն. թեպետ ՝ 2 տիրոջ  ծառա է. մի  տերը  տարածքային  նախարարության  ջրային  ռեսուրսների  պետական  կոմիտեն  է, մյուս  տերը ՝գերմանացիները ՝ սեփականատիրոջ  իրավունքով:Ահա  այսպիսի  ,,համայնքային  կառավարում  է,,:, որի  պայմաններում  տուժում  է  պետական  ու  համայնքային  բյուջեն:Դրանից  էլ  մեծ  վնա՞ս  բյուջեին, երբ  նախ  ասֆալտում  են, հետո՝ քանդում, ջրատար  փոխում  ու  լավագույն  դեպքում  նորից  ասֆալտում: 3-րդ  տարբերակն  էլ  կա. ասֆալտը  քանդում  են,  հեռախոսի  կաբել  փոխում,  ու  այդպես  էլ  թողնում  կամ  ,,թումբուփոսախառն,, փակում:                                    ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն