суббота, 13 июля 2013 г.

Ջրագծերը փոխում են, ասֆալտապատումը ՝ մոռանում

Շուրջ  2  ամիս  է ՝ Վանաձորի  կենտրոնական  հատվածների  տարբեր  փողոցներ  հերթով  խրամատավորվում  են. ջրատար  խողովակներ  են  փոխում ՝ մայթեզրին  հարող  ուղղությամբ, ու  ջրագիծ  փոխելուց  հետո ,  փորած  ավազախճաքարախառն  զանգվածը  նորից  լցնում  ու  պարզապես  հարթեցնում  են. բայց ՝ ասֆալտապատում  չի  արվում, ինչի  հետեւանքով  առանց  այդ  էլ  կարգին  ասֆալտի  երես  չտեսած  փողոցներն  ավելի  են  այլանդակվում: Այսինքն ՝ջրմուղն  իր  մասով  գործն  անում-վերջացնում  է,  եւ, դրանից  հետո, թվում  էր, թե  համայնքային  ճանշինը  պետք  է  ասֆալտապատում  աներ, բայց ՝ չի  արվում. համենայն դեպս ՝Կ. Դեմիրճյան  փողոցում, որտեղ  շուրջ  3 շաբաթ  առաջ  ,,վիրաբուժական,, միջամտություն  արեցին, ու  այդպես  էլ  ասֆալտապատում  չարեցին:  Ընդ  որում, Դեմիրճյանում  աշխատանքները  կիսատ ՝ անցան  Տերյանին, Տերյանի  մի  մասը  դեռ  խրամատավորված ՝ սկսեցին  ,,մանրից,, քչփորել  Լազյանն  ու  Ղուկասյանը: Այնպիսի  տպավորություն  է ՝ թե  գերմանացիների  հարձակումն  է  Սովետական  Միության  վրա:  1 տարի  էլ  չկա ՝ այդ  փողոցներում  կարկատանային  ասֆալտապատում  էին  արել, իսկ  հիմա  դրա  հետքն  էլ  չկա: Եւ  անուն  է ՝ թե  կառավարությունը  Վանաձորում  ասֆալտապատման  համար  փող  է  հատկացրել: Հիմա  սա  ասֆալտապատու՞մ  է,  թե՞ ՝ ասֆալտատնաքանդում ՝ նախկին  Ղարաքիլիսայի  գյուղական  կոլորիտը  վերականգնելու  ու  փողոցները  վերջնականապես  նախնադարյան  հողային  տեսքին  բերելու  նպատակով: Մայթերն  առանց  այդ  էլ  չեն  ասֆալտապատվում ՝ որպես  կանոն, եւ  պարզապես  ,,լացելու,, վիճակում  են / Կ.Դեմիրճյան, Տերյան / : Փաստորեն,, առանց  այդ  էլ  քարուքանդ  եղած  մայթից  փրկվելու  նպատակով  մարդկանց  որպես  ,,այլընտրանք,, փողոցն  էլ  չի  մնում: Հերթական  անձրեւներից  հետո, Լազյան  փողոցում  անցորդները  անցնող  մեքենաներից  խուսափելու  համար  ստիպված  են  մնալ  ,,ցեխաճմբերի,, հույսին: Սրան  ավելացնենք  նաեւ  այն, թե  ինչ  փոշի  է  բարձրանում  մեքենաների  երթեւեկից  հետո: Ի  դեպ,  մշտական  անձրեւներն  ի  հայտ  բերեցին, թե  ինչ  անորակ  ասֆալտապատում  էր  արվել  Կ. Դեմիրճյան  փողոցում  ՝ 2 ամիս  առաջ / ավելի  ճիշտ ՝ կարկատանային  փոսալցումներ,  որոնց  հիմա  էլ  ավելացել  են  ջրագծեր  փոխելու , բայց  նոր, ավելի  լայնածավալ  ասֆալտապատում  չանելու  վնասները  թե  անցորդների, թե  մեքենաների  համար :  Խրախուսելի  չէ  նաեւ  այն, որ  ջրագծեր  փոխելուց  հետո  փողոցներում  շարունակում  են  մնալ  ավազախճաթմբեր, ինչը  լուրջ  վնաս  է  հատկապես  գիշերային  երթեւեկության  համար: Ընդհանրապես, այդ  ամենի  արդյունքում  աջ  ու  ձախ  երթեւեկություն  է  խախտվում: Նշենք, որ  ամիսներ  առաջ  Վանաձորում  խոշոր  ավտովթարի  պատճառը  ինչ-որ  շինարարական  կիսատ  աշխատանքներն  էին  եղել: Հիշեցնենք,  որ  անորակ  ասֆալտապատման  մեկնարկային  աշխատանքներին  անդրադարձել  ենք  բլոգի ՝ հունիսի 15-ի  համարում ՝,,Եվ  կրկին  անորակ  ասֆալտապատման,  բաց  դիտահորերի  ու  բյուջետային  վնասների  մասին,,:                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                               Հ.Գ. Հուլիսի  24-ի  դրությամբ  լայնածավալ  ասֆալտապատում  է  սկսվել  առայժմ  միայն  Տիգրան  Մեծ  պողոտայում, որտեղ  նույնպես  ջրագծեր  փոխեցին:                                                                                                    

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն