среда, 31 июля 2013 г.

Մեռան ավանդներին սպասելով, մեռա՜ն

Հուլիսի  26-ին  Վանաձորի  ,,Լոռի,,  հեռուստատեսության  ,,Մունետիկ,, ծրագրով  ներկայացվեց  Աժ պատգամավոր  Էդմոն  Մարուքյանի  հանդիպումը  մի  խումբ  տարեց  բնակիչների  հետ, որոնց, բացի  այն, որ  զայրացրել  էր  իշխող  վարչախմբի  կողմից  անուղղակի  հայաթափման, երկիրը  դատարկելու  ծրագիրը, այլեւ  վերջիններս  մտահոգ  էին   ԽՍՀՄ  խնայբանկի  ավանդների  վերադարձման  չարչրկված  ու  10տարուց  ավելի  շրջանառվող,  բայց  չլուծվող  հարցի  կապակցությամբ:  Ի  վերջո  անհարմար  է,  խայտառակություն  է. բիոզուգարանների  կառուցման  համար  մի  քանի  հազար  դոլար  են  ծախսում  պետբյուջեից  ու  պարզում, որ  դրանք  չեն  աշխատում,   Երեվանի  պետական  կրկեսի  շենքի  ամրացման  համար  ահռելի  գումարներ  են  ծախսվում, բայց  հետո  պարզում  են, որ  ճիշտը  շենքը  քանդելն  է, նույն  ասֆալտը  մի  հազար  անգամ  անորակ  կարկատում-քանդում  են,  բյուջեի  հաշվին  բարձրաստիճան  պաշտոնյաների  ահռելի  բանակի  ամեն  մի  անդամը  5-10  օգնական, խորհրդական,  տեղակալ  ու  տեղակալի  օգնական  ունի, եւ  առհասարակ  օրեցօր  դատարկվող  երկրի  ժողովրդի  վզին  մի  ահռելի  ուռճացված  ապարատ  է  ,,բազմած,, ՝ բայց ՝ ավանդների  վերադարձի  ,,փող  չկա,,:  Իսկ  ի՞նչ  է  այդ  առթիվ  առաջարկում  վանաձորցի  պատգամավորը: Ըստ  Է.Մարուքյանի, ով այդ  առթիվ հարցով  դիմել  էր  արդարադատության  նախարարին / եւ  ժողովրդին  ոչինչ  չտվող  պատասխան  ստացել Աժ ամբիոնից  -Գ.Հ. / ,2014թ.  անհրաժեշտ է  նոր  նախագիծ  ներկայացնել  ԱԺ,: քանի  որ  ավանդների  վերադարձի  հին  ,,մեխանիզմը,, / կառավարության  կողմից  հաստատված /, ոչ  թե  ավանդների  վերադարձի  է  եղել, այլ ՝ սոցիալապես  անապահով  խավերի  փոխհատուցման  ծրագիր / ինչը  ԱԺ ամբիոնից  խոստովանել  էր  արդարադատության  նախարարը /: Եւ  ուրեմն, ըստ  նոր, 2014թվին  նախատեսվող  նախագծի, նախ ՝ անհրաժեշտ  է  վերադարձնել  տարեց  մարդկանց  ավանդները, այնուհետ ՝ սոցիալապես  անապահովներինը:  Դե  մինչ  օրենքի  նախագծի  ներկայացնելն  ու  ընդունելը, կարծում  ենք, էլի  մի  քանի  հարյուր  կամ  հազարը  չեն  դիմանա  սոցիալական  ծանր  պայմաններին, օրեցօր  թանկացող  կյանքին, իսկ  ,,սոցիալապես  անապահով,, կոչումը  ,,մրցութային,,պայմաններով  ձեռք  բերածներից  միգուցե  հրաշքով  ողջ  մնացած  տարեցները, որոնք  մի  անգամ  արդեն  ավանդի  վերադարձի  անվան  տակ  փոխհատուցում  են  ստացել,  մի  հատ  էլ  կստանան  որպես  ավանդ:  Բա  նախկին  երիտասարդնե՞րը, որոնք  խորհրդային  տարիներին  երիտասարդ  են  եղել, իսկ  հիմա  միջինի  ու  ավագի  ,,արանքում,, ,,տարուբերվում,, են, բա  ներկա  երիտասարդները ՝ նրանց  ավանդների  վերադարձի  հա՞րցը  երբ  է  լուծվելու: Թե՞  ավանդների  վերադարձը  ձգձգում  են, որ  մարդկանց  չարտագաղթած  հատվածին  պատանդի  կարգավիճակում  պահեն  ու  կանխեն  հնարավոր  ,,փախուստը,,  գաղջ  մթնոլորտից.../ Ի  վերջո  բյուջեն  լցնող  միավոր  են /: Եթե  այսօրվա  պետությունը  իր  նախորդի  ավանդը  չի  վերադարձնում, ի՞նչ  երաշխիքով  են  այսօր  զանազան  բանկեր  ,,էստի  համեցեք,, անում  ու  հորդորում,որ  մարդիկ  նոր  ավանդ  ներդնեն: Ի՞նչ  երաշխիք, թե  մի  օր  էլ  այս  իշխանությունը  չի  փոխարինվելու  նորով, ու  այդ  նորը  չի  ասելու, թե  մենք  հին  ավանդի  տերը  չենք,  ում  պահ  եք  տվել, գնացեք  նրանից  էլ  պահանջեք...Եթե  խորհրդարանը  շուրջ  10 տարի է, չի  կարողանում  ավանդի  հարց  լուծել / թեպետ  ՕԵԿ խորհրդարանական  կուսակցությունը  շարունակ  պնդում է, թե  իրենք  ,,հարցը  լուծել  են,,  մասնակիորեն, այն  ,,ընթացքի,, մեջ  է,  ու  ,,հետեւողական,, են  լինելու  հարցի  լիարժեք  լուծմանը / , ու՞մ  է  պետք  այդ  խորհրդարանը ՝իր 131  պատգամավորներով, որոնց  աշխատավարձերը  250-300հազար  դրամ  են,  երբ  մեր  երկրից  մի  քանի  անգամ  ավելի  բնակչություն  ունեցող  Իսրայելում  պատգամավորների  թիվը  120 է:                       ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն