вторник, 10 сентября 2013 г.

Ջրմուղագործներն ուսումնական պրակտիկա՞ են անցնում

 Այնպիսի  տպավորություն  է,  թե  Վանաձորի  ջրմուղագործներն  ուսումնական  պրակտիկա  են  անցնում ՝  փողոցի  նույն  հատվածը  մի  քանի  անգամ  քանդելով: Ահավասիկ, 2-3 ամիս  առաջ  Վանաձորի  Ղուկասյան  եւ  Լազյան  փողոցները / որ  անցած  աշնանն  էին  ասֆալտապատել / ,քանդեցին ՝ջրագիծ  փոխելու  պատճառաբանությամբ: Եվ  մինչ  մարդիկ  2  ամիս  սպասում  էին,  թե  երբ  է   ասֆալտաքանդա-խճաքարաավազախառն փողոցն  ասֆալտապատվելու, մեկ էլ  սեպտեմբերի 9-ին, ուսումնական  տարվա  սկզբին  Լազյան  փողոցի ՝ թիվ 3 դպրոցի  ետնաբակում  կրկին  ջրմուղագործների  ,,կոմբայնը,, հայտնվեց, ու  փողոցը  փառավորապես  ընկղմվեց  ցեխաճմբերի  մեջ: Նշենք, որ  2  ամիս  առաջ  էլ  այս  փողոցը  հատող  Տերյանում են  քանդաշինական  աշխատանքներ  սկսվել ՝ մեքենաների  ու  անցորդների  երթեւեկի  համար  լուրջ  խնդիրներ  առաջացնելով:  Այդ  փողոցների  հարցերը  կիսատ-պռատ ՝ Լազյանի  շարունակություն  կազմող  մի  հատված  էլ  քարուքանդ  են  արել ՝ մանկապարտեզի  հարեւանությամբ: Ընդ  որում, պարզվում է,  2  ամիս  առաջ  փորած  Ղուկասյան  փողոցում  էլ  ինչ-որ  սխալ  են  թույլ  տվել  ջրմուղագործները,, ու  հիմա  2  օր  է ՝ կրկին   փողոցը  քանդում  են: Մարդիկ  ուղղակի  ապշած  են. ինչպե՞ս  կարելի  է  նույն  փողոցը  2  ամսում  2  անգամ քանդել ՝ջրագիծ  փոխելու  պատճառաբանությամբ: Ստացվում է, որ  ուսումնական  պրակտիկա  են  անցնում  ջրմուղագործները ՝ անցորդների  կոշիկների  ու  ավտոմեքենաների  անվադողերի ՝ ժամանակից  շուտ  ,,շարքից  դուրս  գալու,,  հաշվին, իսկ  պրակտիկայից  հետո  էլ ՝ ,,ստուգարք,, են  հանձնում ՝ նորից քանդելով :Թերեվս, մարդիկ  չեն  սխալվում, երբ  ասում  են,  թե  ,,փողերի  լվացում,, է  կատարվում ՝ նույն  աշխատանքը երկարաձգվում  ՝լրացուցիչ  գումարներ  ,,քամուն  տալով,, : Նույն  միտքն  էլ  վերջերս  հնչեց  ,,Արմենիա,, հեռուստատեսության  ,,Սուր  անկյան,, նախաարձակուրդային  ռեպորտաժի  ժամանակ, որ  նվիրված  էր  մայրաքաղաքում  ասֆալտապատման  անվան  տակ  կատարվող  ,,փողերի  լվացմանը,,: Ի՞նչ  տարբերություն,  նույնն  էլ  Վանաձորում  է, քաղաքի  մի  զգալի  մասը  խրամատավորված է,  նույն  փողոցը  մի  հազար  անգամ  քանդում-կարկատում  են,  մինչդեռ  մայթերը  տարիներով  ասֆալտի  երես  չես  տեսնում:  Մինչդեռ  տեղական  իշխանությունները  կոչ  են  անում,  թե  ,,հիփ-հիփ ուռա՜... բոլորս  դեպի  Վանաձորի  օր  տոնակատարություն,,... Քանդված-,,խախալտակված,,  փողոցներով,  անլվա  մուրացկաններով  ու  աղբ  քրքրողներով,  պարբերաբար  դատարկվող  քաղաքում  ի՞նչ  ,,Վանաձորի  օր,,:                  ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն