воскресенье, 20 июля 2014 г.

Մի ժամանակ թերթերի դեմ էին պայքարում, հիմա ՝ ինտերնետի

Մի 10 տարի առաջ մարդկանց օբյեկտիվ լրատվությունից կտրելու համար պայքարում էին պետական վերահսկողությունից համեմատաբար ազատ թերթերի դեմ, ու կամ կրպակների թիվն էին պակասեցնում, կամ ՝ ընդդիմադիր թերթերը կրպակներում քողարկում զանազան էրոտիկ ամսագրերով կամ վաճառքի ենթակա զանազան պաճուճանքներով: Կամ էլ ՝ տպավորություն էին ստեղծում, թե տվյալ թերթը ,,պահանջարկ չունի,, ու կրճատում էին վաճառքի ծավալները : Մեկ-մեկ էլ հավաքում էին կրպակներից ՝ երբ ինչ-որ մեկի թանին թթու ասող հոդված էր լինում:Հիմա, ընդհակառակը, թերթերն ազատորեն ցուցադրվում են: Չէ՞ որ հիմա  ,,ազատ ու անկախ,, թերթերին մրցակից է հայտնվել ՝ազատ ու անկախ համացանցը:Ինչ խոսք, համացանցում աղբն ու ապատեղեկատվությունը, բամբասանքն ու հայհոյանքը շատ է, բայց ՝ համացանցում թացը չորից ,,զտելու,, հնարավորություն կա: Համացանցում ,,դուզ խոսքն,, ավելի շատ է, քանի որ ,,դուզ խոսք,, ասելու համար ոմանք թաքնվում են: Իսկ ոմանք էլ չեն թաքնվում , քանի որ կորցնելու բան չունեն ՝ ,,բացի շղթաները,,, ու համարձակ հրապարակումներն այս կամ այն խմբագրի կամեցողությանը համաձայնեցնելու խնդիր չունեն, ինչ ուզում գրում են: Առավել ճարպիկները գովազդների օգնությամբ էլ փող են ,,սարքում,, իրենց չարչարանքի դիմաց: Այս տարվանից Վանաձորում կրպակների թիվն ավելացել է ՝հներին զուգահեռ. նորաոճ կրպակներ են բացվել ՝,,ինֆոկրպակ,, անունով, որոնցում հազիվ մի ոտնաչափ տարածություն է վաճառողի համար, ու զարմանում ես, թե վաճառողների շունչը ո՞նց չի կտրում...Ընդդիմադիր  ու անկախ համարվող թերթերն էլ ազատ-համարձակ, լայնարձակ ու բոլ-բոլ իրենց շքեղությամբ վաճառվում են. դե երեւի իշխանավորներն արդեն մտածում են, թե ավելի լավ է իրենց կողմից որոշակիորեն վերահսկվող թերթեր կարդան, քան թե ՝ համացանց մտնեն: Կրպակների ավելացմանն ու թերթային ժողովրդավարության մեծացմանը զուգահեռ ՝ինտերնետ-ակումբների թիվն է կրճատվել: Դա կարելի է բացատրել նրանով, որ շատերը տանը համակարգիչ ունեն, շատերն էլ ինտերնետային ,,քաղցը,, հագեցնում են հիմնարկներում ՝պետական կամ հիմնարկապատկան համակարգիչների միջոցով: Ամեն դեպքում ՝ ինտերնետային լրատվությունը զարգանում է, ինչը, թերեւս, սկսել է մտահոգել ԱԺ պատգամավորներին ու որոշել են օրենք ընդունել ՝ֆեյքերի կամ ֆեյքերից արտատպող կայքերի  դեմ:Ֆեյքերը վիրավորում են պաշտոնյաների ,,բարի համբավը,, դե նրանք էլ այդ կերպ են պաշտպանվում: Ցավալի է, որ ,,դուզ խոսք,, ասելու համար ծպտվելու անհրաժեշտություն կա: Արմատները, սակայն, ավելի խորն են. ֆեյքերի գրածի պատճառով անցանկալի կայքերը ,, կարելի,, է փակել ՝տուգանքների տակ գցելով: Ինտերնետի դեմ լավագույն պայքարի միջոց են նաեւ հովհարային ու անկապ անջատումները, որի արդյունքում պրովայդերների գործունեությունն է արգելակվում: Ի դեպ. չէի ասի, թե տպագիր մամուլը հետ է մնում պաշտոնյաներին անվանարկելուց կամ պիտակավորելուց, անգամ կենդանական աշխարհի մականուններն են տպում, բայց կարծես թե ոչ մի պաշտոնյա դեռ անհամաձայնություն չի հայտնել այդ առթիվ: Դե երեւի գտնում են, որ ավելի լավ է իրենց մականուններից խոսեն, քան թե ՝մութ ու չբացահայտված գործերից, որոնց մասին ավելի հաճախ համացանցն է գրում:                                                                                                          ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն