вторник, 29 июля 2014 г.

Սազն առած եկան-գովեցին-գնացին. իրական Վանաձորից էնքա՜ն հեռու էին...

   Հուլիսի 28-ին ,,ընդդիմադիր,, համարվող մի հեռուստաալիք Վանաձորի իշխանությունների գովքն էր անում. սազն առել էին ու հո չէին գովու~մ, հո չէին գովու~մ: Նման կարգի հոդված եթե որեւէ թերթում լույս է տեսնում, եթե խիղճները մի քիչ տեղն է լինում, հոդվածի վերջում գովազդի տարբերանշան են դնում, եթե հարկայինին չեն ուզում գովազդից ,,փայ,, հանել ՝ չեն դնում: Դրանք որոշել էին որպես ,,անաչառ,, ու մաքրամաքուր հաղորդում ներկայացնել: Հաղորդման ընթացքում շարքային վանաձորցու բուն հոգսերը մղվել էին հետին պլան, մի շարքային քաղաքացու բողոք չհնչեց հեռուստաէկրանից / որ հաճախ է հնչում այլ հեռուստաալիքներով ու թերթերով /, բայց վերջում ասվեց, որ ,,Ահա այսպիսին է Վանաձորն ու իր մարդիկ,,: Հարց է ծագում. էդ ո՞ր մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյանե՞րը ՝քաղաքի փողոցների վիճակն ավելի հաճախ ծառայողական մեքենաների ու աշխատասենյակի լուսամուտներից  դիտող, քան ՝ առնվազն ,,դերվիշի,, հագուստով փողոցում պտտվող, որ իրենց մասին իրական կարծիք իմանան  կամ տեսնեն, թե որտեղ է ասֆալտը կիսատ-պռատ, ու թերթերից  ու կայքերից չիմանան այդ մասին: Ես հիշում եմ, քաղաքի կոմունիստ ղեկավարներն ու անգամ ՝մի նախկին մարզպետ ՝90-ականներից, քաղաքում ոտքով ման էին գալիս, երբեմն էլ ոտքով էին աշխատանքի գնում, բայց մի օր մի տեղական բարձրաստիճան պաշտոնյա, քաղաքապետ չտեսանք ոտքով քաղաքում շրջող:Հետաքրքիր է, հաղորդման ժամանակ համ խոստովանեցին, որ երբեմնի էն ,,լավ-լավ,,տարիների 180հազարանոց բնակիչ ունեցող քաղաքի բնակչությունից մնացել է 84 հազարը, համ էլ գովերգեցին, թե քաղաքը ..շնչում,, է, քաղաքը ,,ծաղկում է,, ՝16 տարվա քաղաքապետի շնորհիվ:  ,,Կարգին սերիալի,, Ադիկը կասեր ՝,,Վայ մաման անդազահան,,...  Իսկ շարքային դարդակալած վանաձորցին հաստատ կասի ՝,, Ինչի դուք կթողաք՞, որ մարդ շնչի, քիչ է մնում օդից էլ փող պոկեն,,: Մի էլիտար սրճարան ցույց տվեցին ՝ կենդանի ջազի երաժշտությամբ, հսկայական դահլիճում մի 3-4 ջահել էր նստած / դե ահելների տեղը նորացված անվճար նստարաններն են. քաղաքապետարանի ամենաակնհայտ ձեռքբերումն ու նվերը ՝քաղաքի հոգնած բնակչությանը ՝վերջին 1-2 տարում /: Իսկ սրճարանի ջահելներն  էլ ջազ լսելուց շատ հեռու հայացքով զարմացած նայում էին նկարահանողներին, ու երեւի մտածում, թե ,,Արդյոք ովքե՞ր են,,: Ովքե՞ր են, Երեւանից եկած ,,քաջ կտրիճներ,, են, շոգերն ընկել է, եկել են Լոռվա գողտրիկ վայրում զովանալու, ,,ձեռի հետ,, էլ տեղական իշխանություններին ,,արջի ծառայություն,, մատուցելու ու վանաձորցիներին զարմացնելու, թե էս ի՞նչ դրախտում են ապրում, որ ,,վրեքները խաբար չկա,, /սերիալային լեզվով ասած /:Համաձայն ենք ՝,,մշակույթ ունենք՝աշխարհը չունի,, բայց դա մեր ազգին հատուկ ի վերուստ տրված հատկություն է, որ ամեն պայմաններում էլ չի կորցնում երկնելու, արարելու հատկությունները: Բայց կինոդահլիճ դեռ անգամ 1988թվի երկրաշարժից հետո կար ՝մինչեւ 90-ականների վերջերը, քանի դեռ դրանցից մեկը հացի փուռ չդարձավ: Մշակութային օջախները մշտապես գործել են: Անգամ չհիշատակեցին, որ Քիմիագործների մշակույթի պալատը նորոգվել է բարերար Քրքորյանի ու պետբյուջեի միջոցներով: Օրումեջ Վանաձորում բողոքի ցույցեր են կազմակերպում քիմգործարանի տառապյալ աշխատողները, մինչդեռ այդ մասին չխոսվեց, իսկ քաղաքի սոցիալական համայնապատկերը ներկայացվեց հանրապետական ,,ծիրում,, որպես ազգային համընդհանուր խնդիր ՝ ստեղծված ԽՍՀՄ փլուզումից հետո:Բա էն ո՞վ էր 2003թվի նախագահական ընտրություններին բնակչությանը համոզում, թե 1998թվին սեփականաշնորհած  ու մի քանի անգամ, ամեն սեփականատիրոջ փոփոխությունից հետո ժապավենային բացում արված գործարանին մեծ հեռանկարներ են սպասվում ՝ մոտ ապագայում. իհարկե քաղաքապետն էր, որի ղեկավարած կառույցին նույնպես գործարանը պարտքեր ուներ:Հետաքիքիր է, հաղորդման հեղինակները Վանաձորի ՝2 տարի շարունակ  խճապատված  Լազյան փողոցով / Գոշից մինչեւ Լաչինի միջանցք /,ասֆալտ չտեսած մայթերով քայլե՞լ են գոնե, տեսե՞լ են, թե ինչ վիճակում են 20 տարի շարունակ՝երջանկահիշատակ Կ. Դեմիրճյանի անվան փողոցի մայթերը / որի թվում ՝ Երկաթուղայինների այգուն հարող տարածքներում / :Տեսե՞լ են, որ Լուսավորչի փողոցի որոշ հատվածներից անցնելիս մարդիկ ստիպված մայթը փոխում են ոչ միայն անբարեկարգության պատճառով, այլեւ ՝բանկերի հարեւանությամբ տեղակայված աղբարկղերի ,,բուրմունքը,, չշնչելու եւ աղբարկղ քրքրողների թշվառությանը չբախվելու նպատակով: Մանկական կարուսելները կան, սրճարանները կան, մշակույթի օջախները կան, ուրիշ ի՞նչ է պետք ՝ լիակատար երջանկության համար . սա էր հաղորդման մեխը ՝ ուղղված, թերեւս, քաղաքը գունավոր ակնոցներով չնայողներին ՝ որպես ,,մեսիջ,,: Հա հետո՞, ռեստորաններ էլ կան ՝բնակելի շենքերին մոտ տարածության վրա, որտեղ պարբերաբար քեֆ են անում կասկածելի միջոցներով ,,բիրդան հարստացածներն,, ու գիշերվա ,,հազարին,, անկապ հրավառություններով թնդացնում շրջակայքը ՝բնակելիների դուռ-լուսամուտները զրնգացնելով: Նման մի հրավառության ժամանակ Կ.Դեմիրճյան 28 ծայրահեղ վթարային շենքի 4-րդ հարկի մանուկները սարսափած կպել էին լուսամուտներին, տանտիկինները պատշգամբ դուրս եկած անհասցե հայհոյում էին:Նման դեպքերում մարդիկ երբեմն սարսափած մտածում են, թե չլինի՞ թուրքը Նոյեմբերյանը գրավել է՝ հասել է Վանաձորին, կամ չլինի՞ հերթական երկրաշարժն է: Իսկ ոմանք էլ զայրացած մտածում են, թե ,,Յարաբ էս քաղաքը տեր-տիրական չունի՞, ո՞նց կարելի է գիշերային շատ ուժ ժամի հրավառություն կազմակերպել ,,:Ըստ այդ հաղորդման ՝ քաղաքում ոչ գործազրկություն կա, ոչ ՝ ապօրինաշինությունների հետեւանքով սեյսմիկ վիճակի վտանգ, ոչ բնակչության հիմնախնդիրներ, որոնց լուծումը միշտ չէ, որ ,,վերեւների,, հետ կապ ունի:Ի՞նչ հիմնախնդիր, իսկի խնդիր էլ չկա, եղածներն էլ, ինչպես վերը նշեցինք ՝համազգային են ՝կապված ԽՍՀՄ փլուզման հետ: Մնում է Սովետը հետ բերենք ու քաղաքապետին էլ դարձնենք քաղսովետի նախագահ: Հասկացանք ՝գազի ու էներգիայի գնի բաձրացման մեղավորը քաղաքապետը չի, բայց առջեւում ձմեռ է, մարդկանց մեծ մասն անվճարունակ է, ինչպե՞ս են ջեռուցվելու, եթե 16տարի շարունակ տեղական իշխանությունները երբ ասում են ,,կենտրոնացված ջեռուցում,, հասկանում են միայն համայնքապատկան հիմնարկների,քաղաքապետարանի, մանկապարտեզների ջեռուցումը,իսկ բնակելի շենքերի կենտրոնացված ջեռուցումը չկա նրանց քննարկման օրակարգում:Իսկ մարդկանց գերակշիռ մասը ջեռուցվում է  էներգիայի միջոցով ՝շենքերի սնուցման համակարգը ծանրաբեռնելով, մի մասն էլ մրսելու պատճառով հիվանդանում է  ու գնում ,,ավելի լավ Հայաստան,, ՝,,էն աշխարհ,,:Քաղաքապետարանի նիստերի հեռարձակումն արգելվել է այս տարվանից, ասում են ՝,, քաղաքապետարանը թափանցիկ է աշխատում, իսկ քաղաքապետը մշտապես ասուլիսներ է կազմակերպում,, / որ վերջերս անգամ քաղաքապետարանի կայքում չի լուսաբանվում, որովհետեւ եթե լուսաբանվի, իրեղեն ապացույց վկայություններ կմնան այն մասին, օրինակ, թե ջրմուղն ու քաղաքապետարանն ինչպես են փոխադարձաբար միմյանց մեղադրում ՝ասֆալտի գումարները նպատակային կամ աննպատակ ծախսելու համար /:ԶԼՄ-ներից ով ՝ինչ հասցնում կամ ում ինչ պետք է ՝վերցնում է ասուլիսից ու տպագրում կամ եթեր տալիս, ինչը չի կարող լիարժեք լուսաբանում կոչվել, եթե ոչ հարց տվողների հարցերն են ֆիքսվում  էկրանից, ոչ ՝քաղաքապետի պատասխանները, ոչ էլ իմանում ես, թե որ ԶԼՄ-ներն են մասնակցել, որ նրանց կայքերը ,,փորփրես,,:Ահա եւ ձեզ թափանցիկ աշխատաոճ:Այնպիսի տպավորություն էր, թե հաղորդման հեղինակի լեզվի տակ ոսկոր չկար. չկայացած կոմունիզմին բնորոշ ինչ կար-չկար ՝,,վրա էր տալիս,, ՝ինքնագոհ ձայնով:Ու ամենազարմանալին այն էր, թե իբր ,,քաղաքապետարանն իր աշխատանքները համաձայնեցնում է բնակչության հետ,, / գոնե ասեր համայնքի ավագանու 99տոկոսի հետ ՝հասկանալի կլիներ, բայց ո՞ր բնակչի կարծիքն է հաշվի առնվել որեւէ կանաչապատ տարածք որպես ,,օբյեկտ,, վաճառքի հանվելիս, կամ ՝շենքերի 1-ին հարկերի ձեւափոխությունների առնչությամբ... /: Փաստորեն, հաղորդման հեղինակները  քաղաքապետարանի ,,պադավատների,, պատուհանից են դիտել քաղաքը, սրճարանում ջազ են լսել ու արհեստական լճերում նավակներով հիացել: Տեսնես գոնե հետաքրքրվե՞լ են, թե քանի խեղդվող է եղել Լճերում ՝ աշխատողների անփութության պատճառով, կամ օրերս ինչո՞ւ մի 25-ամյա երիտասարդ հսկայական ալրաղացում խեղդվեց, ինչու՞ են մարդիկ այդքան հաճախ ինքնասպանության դիմում....Բա մի հատ գնայիք բացօթյա առեւվտրի կետեր, ասեիք ՝ընդդիմադիր հեռուստաալիքից ենք, միք վախի, սրտներումդ ինչ կա ՝ ասեք, հետաքրքրվեիք, ո՞նց է առեւտուրն առաջ գնում, գո՞հ են տարածքի վարձի չափից,կամ ամեն շաբաթ Թուրքիա կամ Ռուսաստան մեկնող ավտոբուսների ուղեւորներից հետաքրքրվեիք, թե ինչու են մեկնում, մշտական են մեկնու՞մ, թե՞ ՝ հարազատին այցելության կամ հանգստանալու:Խելքը գլխին ում հետ խոսում ես, բողոքում է, որ քաղաքում աշխատատեղերի մրցույթները ձեւական են, բանկերում կամ դպրոցներում աշխատանքի տեղավորվելու համար դեր է խաղում շատ լավ հայտնի է, թե ինչը / որի թվում ՝ԽԾԲ-ն /:Ինչքան էլ ուզում է քաղաքը դատարկվի, էլի թափուր աշխատատեղերը ,,խաղարկային,, են: Չի բացառվում, որ մի մարդուն տարբեր հաստիքներում էլ ձեւակերպեն, ստուգողն ո՞վ է, եթե մեռած թոշակառուներ են պահում սոցապի ու փոստի համակարգերում, ու  Խաչիկյանին սարքել են քավության նոխազ, ինչն է խանգարու՞մ, որ մի մարդուն մի քանի ցուցակներով աշխատավարձ տան: Ով չի աշխատում ՝ չաշխատելուց է դժգոհ, ով էլ աշխատում է ՝ ստորացվելուց ու նեղվելուց / եթե ինչ-որ մի օր խիղճն ու ինքնասիրությունը գլուխ են բարձրացնում /: Մանկավարժականի մի դասախոս վերջերս մեկնեց արտերկիր, ու այնտեղից ստիպված էր մամուլում խոստովանել, որ հոգնել էր ստրուկի հոգեբանությամբ մարդկանց հետ աշխատելուց, գաղջ մթնոլորտից /քանի որ միայն ստրուկի հոգեբանությամբ մարդը կարող է այսօր աշխատել քծնանքի ու հարմարվողականության, հանդուրժողականության, հարկ եղած դեպքում գործընկերներին ,,ծախելու,, կամ չարախոսելու պայմաններում /:Ինձ հետաքիքիր է, հաղորդման հեղինակը գոնե այլ հեռուստատեսություններից կամ թերթերից, կայքերից չի՞ լսել իրական Վանաձորի մասին,որ միայն ներկայացվեց, որ Վանաձորում 84 վթարային շենք կա, որում ստիպված են մարդիկ բնակվել, / իսկ մնացածներն էլ ,,մանրից,, վթարային են դառնում /, եւ քանի՞ տարի կարելի է արձանագրել  ու փաստել Վանաձորի վթարային շենքերի մասին, մինչեւ դրանցից մեկնումեկը Գյումրու համանման շենքերի նման փո՞ւլ գա բնակիչների գլխին:Ու գիտե՞ք որն է վիրավորականը, որ մարդկանց լրիվ ,,լոխի,, տեղ են դրել, ու երեւանյան տապերից Վանաձորի գեղատեսիլ վայրերում հանգիստը զուգակցել են տեղական իշխանություններին նրանց ճաշակով ,,արջի ծառայություն,, մատուցելով / միգուցե պատրաստի տեքստը ,,Դե քեզ տենամ,, ապսպրանքով բուռները դրած, որի համար Աստված գիտե, թե որ գործարարն ինչքան է ,,փող գցել,, /:Խիղճներդ ուրանում եք ՝ հասկացանք, բայց գոնե ,,ընդդիմադիր,, կոչվող ալիքի իմիջի մասին մի քիչ մտածեիք ու գոնե մի քանի հիմնախնդիր ներկայացնեիք:Թե՞ լոռեցիներին ,,թամամ,, լոռեցու տեղ եք դրել  / գյումրեցու հայտնի ասացվածքի ասած ՝,, Ժամից ես կուգամ, տերօղորմեան դու՞ կսես,, /: Հիմա եթե այդ հաղորդումը պետական ալիքով գնար ՝վրա կտային-կմեղադրեին, կասեին իրենց ալիքն է ՝ գովում են, բայց արի ու տես, որ մի 10 տարի առաջ պետական Հ 1-ով մեկնաբան Արտակ Ալեսանյանը ներկայացրեց իրական Վանաձորը ՝ համատարած ապօրինաշինության, կանաչ տարածքների հաշվին օբյեկտներ կառուցելու, շենքերի հիմքերը խախտելու առնչությամբ:Երեւի դրա համար էլ Արտակին հետո մի քանի տարով ԱՄՆ գործուղեցին, որ հանկարծ նորից Վանաձորին չանդրադառնա:                                                  ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն