понедельник, 10 ноября 2014 г.

Հայկական հումորը գնալով իջնում է փողոցային մակարդակի

Երեկ հայկական հեռուստաալիքներից մեկը հումորի թեմա էր դարձրել ,,գոմիկներին,, / իրենց խոսքով /, Իլհամ Ալիեւի ,,մամային,,/ իրենց խոսքով / եւ...,,Արմենիա,, հեռուստատեսության  ,,Սուր անկյան,,  ,,Խեղված ճակատագրեր,, տխուր վերնագրով սոցիալական ենթաբաժինը / որ ներկայացնում է կյանքի հատակում հայտնված մարդկանց ծանր կյանքն ու գորշ առօրյան /: Իսկ սա նշանակում է, որ հայկական հումորն սկսում է անցնել ողջամտության ու էթիկայի սահմանը եւ իջնում է փողոցային մակարդակի: Իրենց ,,հումորային,, կամ ժարգոնային լեզվով ասած ՝երեւի թե ,,վրեքները խաբար չկա,, որ անգամ աշխարհի մակարդակով են դատեր գնում, երբ խոսքը վերաբերվում է ազգային կամ կրոնական առաջնորդներին ծաղրի ենթարկելուն, ու թշնամի համարվող պետության ղեկավարի համախոհները կարող են անգամ ՝ իրենց ղեկավարին ծաղրելու համար երկրիդ բյուջեի ,,գլխին սարքել,,:Այլ կերպ ասած ՝ քաղաքական հոտառություն չունեն: Եթե մենք ՝ մեր պետության ներկայացուցիչներս / կամ ոմանք /, չենք ուզում, որ մեր ղեկավարներին ,,դրսում,, ծաղրեն, քանի որ հարգում ենք մեր երկրի նախագահական ինստիտուտը, ուրեմն պետք է հանգիստ թողնենք այլ պետությունների ղեկավարներին ու չշփոթենք քաղաքական հումորը զազրախոսության հետ, եւ  բանուգործ չդարձնենք թշնամի համարվող պետության ղեկավարներին առիթով-անառիթ ծաղրի ենթարկելը ՝ անգամ պետական հեռուստատեսությամբ: Հասարակության լայն լսարանի առջեւ, հեռուստատեսությամբ ներկայացվող հումորը պետք է տարբերվի համացանցի այս ու այն անկյուններից հնչող,,հումորից,, կամ ՝ հումորի անվան տակ ներկայացվող զազրախոսությունից / ցավոք, սոցիալական ցանցերն այսօր ավելի շատ հայհոյախոսությամբ ու զազրախոսությամբ են լցված, ինչը միտումնավոր է արվում, որպեսզի վարկաբեկվի  նաեւ այն օգտատերերի գործունեությունը, ովքեր այսօր համացանցն օգտագործում են որպես ժողովրդավարական ամբիոն /: Հայկական հեռուստաալիքներով հնչող հումորի համար ամենակարեւորը, թերեւս, ,,չաղ,, հովանավոր գտնելն է ու նրա հովանու ներքո ,,չաղ ու բախտավոր,, գործունեություն ծավալելը ՝ անմտություններ ու անճաշակ, գռեհիկ ,,սրամտություններ,, հնչեցնելը  ՝հեռուստաէկրանից, ու դա նոր սերնդին փոխանցելը: /  /Ինչ խոսք, լավ հումորային համարներ էլ ունենք, բայց խոտանն ավելի շատ է / :Ուսումնասիրեք մեր դպրոցականների պահվածքը , խոսելաձեւը փողոցում, ու կճանաչեք սերիալային ու ,,հումորային,, բազում կերպարների. դպրոցականների մի մասի մոտ արդեն սովորույթ է դարձել միմյանց հետ շփվել...,,այ անասուն,, կամ ,,այ դեբիլ,, բառապաշարով: Այս կարգի ,,շփումներն,, անգամ կոլեկտիվներ են թափանցում, երիտասարդ աղջիկներ են միմյանց հետ ,,ընկերական,, շփումներում այդ բառապաշարն օգտագործում , լավագույն դեպքում ՝ռաբիզության գագաթնակետին հասնող ,,կյանքուլ,, արտահայտությունն են անխնա շահագործում: Հազիվ թե դպրոցներում ուսուցիչներն աշակերտներին հայհոյախոսություն ու ժարգոն փոխանցեն, թեպետ, ո՞վ գիտե, միգուցե տեր-Թոդիկի ժամանակներից մեկ քայլ ենք առաջ գնացել, աշակերտ ծեծող ուսուցիչների մասին էլ ենք երբեմն տեղեկանում, ուր մնաց ՝ լեքսիկոնի մասին:...Լավ, ասենք ՝ հովանավորը ժամանակ չունի դիտել հումորային ծրագրի նախնական դիտումը կամ նրան դա չի հետաքրքրում, իսկ հեռուստատեսությու՞նը, եթեր հեռարձակելուց առաջ համապատասխան ,,ներքին գրաքննություն,, չկա՞: Երբեմն էլ այն աստիճան անմտություններ են հնչում ՝ հումորի անվան տակ, որ ,,խուտուտով,, անգամ հնարավոր չէ ծիծաղ առաջացնել, ու, թերեւս, դրա համար էլ կեղծ, արհեստական ծիծաղ են ձայնագրում ու ամեն ,,չդիպուկ,, արտահայտությունից հետո միացնում. իրենք իրենց ,,դուխ են տալիս,,: Մի ժամանակ հեռուստաէկրանից հնչող հումորային ծրագրերում անընդհատ շահարկում էին ,,գյալաբոկ,, գռեհիկ արտահայտությունը, հիմա էլ անցել են վերը նշված էլ ավելի գռեհիկ բառապաշարի ՝ սեռական կողմնորոշում բնորոշող, ու դրանով, փաստորեն հեռուստադիտողի ականջն են սեռական բռնության ենթարկում, ամենեւին չմտահոգվելով, որ այդ ամենը խիստ բացասական ազդեցություն է ունենում նոր ձեւավորվող սերնդի ու նրա մարդկային որակների վրա: Հումորիստներ, նմանակողներ կան, որ բարձրակարգ սրամտություններով են հանդես գալիս, բայց, ցավոք, այդ հումորային համարները  հիմնականում փակ դահլիճներում են հնչում ու  հազվադեպ ներկայացվում հեռուստատեսությամբ, ասպարեզը թողնելով անճաշակությունների շքերթին: Ի դեպ, տարիներ առաջ, երջանկահիշատակ դերասան, ասմունքող Ազատ Գասպարյանը թերթերից մեկին տված հարցազրույցում տեղին էր նկատել , որ հումորի անվան տակ ,,լրբություններ ու լաչառություններ են ցուցադրվում,,:

                                     ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն