суббота, 15 ноября 2014 г.

Նորից չեն քանդում, քանդում են կրկին

15 նոյեմբերի, Վանաձոր, 2014 թիվ. այսօրվանից նոր թափով վերսկսվել է ,,Լաչինի միջանցքի,, հերթական գրոհը:Մինչդեռ ընդամենը 1 ամիս առաջ էր ավարտվել նախորդ գրոհը. այն է ՝բացօթյա առեւտրի ու փակ տաղավարների համար նախատեսված այս փողոցը քանդեցին երկարությամբ, հայտնի չէ ՝ խողովակները փոխեցին թե ինչ արեցին, հիմա նորից են փորում.ոչ միայն երկարությամբ, այլեւ ՝ լայնությամբ, տեղ-տեղ ՝զուգահեռ, ու այս գործընթացը վերջ չունի:Այդ հողածածկ տարածքներում էլ, ցեխի հարեւանությամբ բանջարեղեն ու միրգ է վաճառվում:Այս տարածքով անցնող մարդիկ զայրացած են, թե ,,Ախր էս փողոցը հազիվ էին ասֆալտապատել ՝1-2 տարի առաջ, ու հիմա հա քանդում ու քանդում են,,: Ամիսներ առաջ Վանաձորի քաղաքապետը խիստ ու խիստ դատապարտեց այս գործընթացի հեղինակներին, հիշեցրեց, որ պայմանավորվածություն է եղել, որ այն փողոցները, որ տեղ մինչեւ փորելն ասֆալտապատ է եղել, պետք է կրկին ասֆալտապատեն, բայց ՝ լսո՞ղն ով է, ոչ միայն չասֆալտապատեցին քանդած տարածքները, այլեւ ՝ 1 ամսյա դադարից հետո , որի ընթացքում հողով ծածկեցին ընդամենը, կրկին փորեցին: Երեւի թե մտածում են ՝ինչի՞ ասֆալտապատենք, եթե նորից ենք փորելու: Ամենայն հավանականությամբ, վթարված հատվածները կամ չեն գտել, կամ ՝ անորակ աշխատանք են կատարել:Ու փաստորեն, այս ամենի համար կրկնակի փող է ,,թափվում,,: Իսկ մարդիկ այս հատվածում ստիպված են քայլել ոստոստալով, որպեսզի փորած փոսերը կամ վատ ծածկած փոսորակները չընկնեն: Վիճակն էլ ավելի սարսափելի կլինի ձմռանը: Ըստ կայքերից մեկի, նույն անմխիթար վիճակն էլ Գյումրիում է, որի առնչությամբ ֆեյսբուքային օգտատերերից մեկը գրել էր, թե Գյումրու փողոցներով անցնելիս անծանոթ մարդը կարող է տպավորություն ստանալ, թե մեռելներին արդեն որտեղ պատահի ՝ թաղում են, անգամ ՝ շքամուտքերի առջեւ, քանի որ ջրմուղը որտեղ ասես փորում է ու այդպես թումբուփոս արած էլ թողնում: Ըստ տեղեկությունների, 2 քույր-քաղաքներում համանման ավերածությունների հեղինակը նույն ընկերությունն է: Ուրեմն էդքան հզոր ,,մեջք,, ունի, հա՞, որ որտեղ ուզում քանդում է ու ,,մարսում,, ՝ ի հաշիվ բնակիչների անվտանգ երթեւեկությունը վտանգավոր դարձնելու ու քաղաքը աղբի, փոշու ու ցեխի մեջ թողնելու: Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս վիճակը: Եթե տվյալ ընկերությանը պարբերաբար քննադատում են  աղետի գոտու 2 քաղաքների մակարդակով, ինչու՞ են թույլ տալիս շարունակել ավերիչ գործունեությունն ու փողոցները պարբերաբար քանդուքարափ անել մեկ լայնությամբ, մեկ երկարությամբ, մեկ զուգահեռ, մեկ ուղղահայաց...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն