среда, 13 мая 2015 г.

,,Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես,,. ու ինչի մեջ ասես՝ կմեղադրվես

Ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ ,,մութ ուժեր,, հերթական սադրանքն են փորձում կազմակերպել իմ նկատմամբ:Երեկ, տուն տանող ճանապարհին, ժամը 17-ի սահմաններում,մեկ էլ հանկարծ միհարկանի ,,օբյեկտներից,, մեկից իգական սեռի մի անձնավորության ձայն հասավ ականջիս ՝,,Հլա մի րոպե...,,: Շրջվեցի, ու տեսնելով, որ ձայն տվողն իմ կողմն է նայում ու գլխով հաստատում, որ կանչն ինձ է ուղղված, կանգնում եմ: Ձայն տվողը, ,,օբյեկտի,, ներսից տեղից չշարժվելով, ինձ ձեռքով նշանացի կանչում է ու ասում.,,Հլա արի, արի,,: Տեղիցս չշարժվելով՝ ասում եմ՝ ,,Ի՞նչ խնդիր կա,,: Ի վերջո, ամեն մեկս մեկ քայլ առաջ եկանք, բայց ոչ կանչողն իր տիրույթից դուրս եկավ, ոչ էլ ես ներս մտա, ու զրույցի ներգրավվեցի դրսից՝ փողոցի հատվածից: Ու ինձ հարցնում է միջին տարիքի անծանոթ կինը, որին տեսած էլ չկայի մինչ այդ.,,Դու ինձ ճանաչում ե՞ս,,: Ուշադիր նայելով՝ ասում եմ՝ ,,Չէ, չեմ ճանաչում,,:  ,,Հաստատ չես ճանաչու՞մ,,- շարունակում է: ,,Հաստատ չեմ ճանաչում,,-պատասխանում եմ: Մտքումս էլ մտածում եմ, թե կարող է՞ 40տարի առաջվա հին դասընկերուհիներիցս է, ու հիմա հաստատ ընկերավարի  որոշել է նախատել՝ իրեն չհիշելու համար: Բայց հանկարծ որ սպառնալից տոնով չի ասու՜մ..,,Բա որ չես ճանաչում, էսինչին ինչի՞ ես իմ մասին բաներ ասել...,,: Այստեղ արդեն ,,սթափվում,, եմ ու զարմացած ասում, որ ոչ այդ ինչին եմ ճանաչում, ոչ էլ, առավել եւս՝ իրեն, ինչպես՞ կարող եմ ինչ-որ բան ասած լինել ինչ-որ մեկին, որին նույնպես չեմ ճանաչում: Այստեղ մարտավարությունը փոխում է, ու ,,թարս-թարս,, ու թերահավատ նայելով ասում,,Քո անունը Անո չի՞,,: Ասում եմ՝,,Չէ, Անո չի,,: Ասում է ՝,,Բա ի՞նչ ա,,: Ասում եմ՝ ,,Դե որ Անո չի, քո ինչի՞ն է պետք, թե իմ անունն ինչ ա...,,: Շարունակում է համառել, թե ,,Հաստատ Անո չի՞,, ՝ու մի հատ էլ պահանջում, որ անունս հայտնեմ. ,,Դե որ Անո չի, բա ի՞նչ ա,,: Այստեղ ես նախահարձակ եղա, ու ասացի՝,,Իսկ քո անունն ի՞նչ է, կարո՞ղ եմ իմանալ,,: Անսպասելի գալով՝ մի անուն է հայտնում. չեմ կարող ասել ՝իր անու՞նն է, թե՞՝ հորինում է, քանի որ  նրա համառ պնդումներից հետո, ի վերջո, անունս հայտնեցի, բայց վերջինս թերահավատությամբ նետեց, թե՝,,Էդ էլ ըտեղ խաբեցիր, էլի,,: Մնացել էր անձնագիր պահանջեր:Հետո էլ ,,մեծահոգաբար,, ու ,,ներողամիտ,, տոնով, թե ՝,,Բա ո՞րտեղ ես ապրում,,: Համբերությանս վերջին պաշարները հավաքելով՝ ասացի ,,Այս կողմերում եմ ապրում,, ՝ ի հեճուկս էլ ավելացրի, որ  հաճախ էլ անցնում եմ այս կողմերով,,: Ի պատասխան ակամա խոստովանում է, թե ՝,,Հա, ես գիտեմ,, ՝ ու կտրուկ շրջվում է ՝ զրույցը թե ,,ռազբորկան,,համարելով ավարտված...

Չեմ կարող ասել, թե տհաճ զրույցը թյուրիմացությա՞ն արդյունք է, թե՞ ՝ հերթական սադրանք, բայց, քանի որ 15-20 տարվա լրագրողական գործունեությունս ,,տառապանքի փորձ,, ունի, որ նման ,,թյուրիմացությունները,, պատահական չեն լինում, ուստի հակված եմ ընդունել որպես սադրանք: Ամեն դեպքում՝ երեւույթն ինքնին տհաճ է, երբ անմակարդակ ու անգաղափար մեկը բոշայական պահվածքով քեզ մեղադրում է ինչ-ինչ ,,բաներ ասելու,, մեջ՝իբր շփոթելով ուրիշի հետ, ու ,,սխալվելուց,, հետո անգամ ներողություն չի խնդրում, եւ անգամ մեղադրում է քեզ  անունդ ,,խաբելու,,՝ ,,ստախոսության,, մեջ:Նորմալ երկրներում նման դեպքերում բարոյական պատասխանատվության կարելի է կանչել՝անհիմն վրավորելու համար, իսկ ես երեւի թե պետք է գոհ լինեմ, որ ինձ ավելի ,,ծանր,, մեղադրանքներ չներկայացրեց անծանոթ ,,զրուցակիցը,,: ....90-ականների վերջին, երբ հանրապետական թերթերից մեկին թղթակցելով՝իրավասոցիալական թեմաներով նյութեր էի ուղարկում, հերթական նյութից հետո ինչ-որ մեկը՝ մանր-առեւտրական խավից, էլի իբր ինձ ,,շփոթել,, էր ինչ-որ մեկի հետ, ու նրա հետ ,,զրույցը,, երկար ժամանակ տհաճ նստվածք թողեց իմ մոտ: 2001թվին, երբ ՀՀ նախագահի այցի ժամանակ Վանաձորում տեղի ունեցած ՝ քիմիագործ կանանց բողոքի ցույցն էի լուսաբանել ՝ աշխատավարձերի պարտքերի չվճարման առնչությամբ, նույն օրը կիսահարբած մեկը մեր տան շեմքում ինչ-որ հարցի պատրվակով հորս փորձել էր վեճի մեջ քաշել ՝ աղմուկ-աղաղակ բարձրացնելով / թեպետ հետագայում ներողություն էր խնդրել հորիցս՝ անվայելուչ պահվածքի համար /: 2000թվականների մի հատվածում էլ երբ տեղեկատվություն տպագրեցի մամուլում, որ մի ամբողջ ծառաթուփ ոչնչացվեց մի հայտնի պաշտոնյայի ,,դաբրոյով,, ու  այդ տարածքն ասֆալտապատվեց, որպեսզի մեքենաները կարողանան անցնել,  մի հանդուգն անչափահասի ,,լարել,, էին, ու  այդ օրը վերջինս մինչեւ շքամուտք հասավ իմ ետեւից ու փորձեց մուրացիկ երեխայի դեր խաղալ՝ սպառնալից տոնով փող պահանջելով. ո՞վ է տեսել, մուրացիկը երիտասարդ կնոջը հետապնդի օրը ցերեկով ու փող պահանջի ՝ռուսաստանյան ռեկետի նման:Սա էլ սադրանքի մի ուրիշ տեսակ էր՝ որպես բարոյա-հոգեբանական ճնշման փորձ կամ լուռ նախազգուշացում: 2008թվին, երբ ,,Ժամանակ-Երեվան,, թերթում հանդես եկա ,,100 օրվա վկաները՝ սուտ վկայություններով,, քաղաքական հոդվածով, որի տպագիր համարն այդ օրը Վանաձոր չհասավ, էլի հարազատիս նկատմամբ էլ ավելի անհեթեթ ,,մոտիվացիայով,, սադրանք կազմակերպվեց՝ մեր տան շեմքում, ու եթե բարձրաձայն ,,ռազբորկան,, երկար շարունակվեր / որ կանխվեց, երբ հոխորտացողին, որ հարազատիս դուրս էր կանչում, ասացի՝,,Արդեն պարզ է, քեզ ով է ուղարկել,, / ու հանկարծ ինսուլտով այդ ժամանակ հիվանդ մորս ականջին հասներ, երեւի թե նա ավելի քիչ կապրեր ՝էլ ավելի մեծ սթրեսի ենթարկվելով:Ո՞ր մեկը թվարկեմ, երբ որ հոդվածներիս հետ կապված տհաճ հիշողությունների պակաս չկա...

...Քաղաքացիական ակտիվիստների կամ լրագրողների նկատմամբ անպայման չէ, որ ֆիզիակական ճնշումներ կիրառեն. դա ,,կարելի,, է անել նաեւ շա՜տ ,,անմեղ,, տեսքով ՝սոցիալական ու բարոյահոգեբանական ճնշումների միջոցով:Հետո էլ ոմանք ինձ խորհուրդ են տալիս որեւէ  ընդդիմադիր կուսակցության մեջ մտնեմ...Եթե որեւէ կուսակցության անդամ չեմ, բայց էլի ,,թիրախի տակ,, եմ, բա որ անդամ լինեի...Ես ,,զահլա ունե՞մ,, ինչ-որ կուսակցության մեջ մտնեմ, հետո դրա ղեկավարի հետ հարցերը կարգավորեն, փոխզիջումների գնան, ես էլ մնամ ,,քաշված,, ու նոր կուսակցություն փնտրեմ. ոնց որ մեր ժողովրդի մեծ մասն է քաշված վիճակում ՝ ամեն անգամ մի ընդդիմությունից հիասթափվելով...Գաղջ ու գարշահոտ մթնոլորտում իշխանություններին կամավոր ,,արջի ծառայություն,, մատուցողների պակաս չկա, ու նրանց նմաններին անպայման չէ, որ ասեն՝,,Էս ինչին է պետք նեղել,, կամ ,,էնինչին,,: Իրենք կամավոր ,,գլխի,, են ընկնում թե ում՝ ինչ ձեւով ,,կարելի,, է ահաբեկել կամ նեղել: Երեւի ամեն մեկի նկատմամբ մի սցենար ունեն ՝ նախապես գծած...Ու հենց դրանց նմաններն են 30-ականների բռնաշնշումների պատճառ դարձել...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն