вторник, 30 мая 2017 г.

Բյուջեի ճեղքվածքը որոշել են անջրաչափ բաժանորդների կեղեքման հաշվին փակե՞ն

Ի վերջո, ինչքա՞ն կարելի է ,,Բաց նամակ,, հղել համապատասխան կառույցներին/ջրային ռեսուրսների պետական կոմիտե, վարչապետ/, որ ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերությունը, որ ստանձնել է Հայաստանում ջրմուղի շահագործումը, այս տարվա հունվարից, երբ դարձավ ,,Լոռի,, ջրմուղի սեփականատեր՝բացի ,,Երեւան-ջուրն,, ու այլ մարզերի ջրային տնտեսություններ, որոշեց ամենադաժան շահագործման ենթարկել անջրաչափ բաժանորդներին, վերջիններիս ջրի վարձը կտրուկ ու թռիչքաձեւ բարձրացնելով ու կայուն վարձ սահմանելով ամսական 5400դրամը/անկախ՝ընտանիքի անդամների քանակից․մի հոգին էլ է 5400դրամ մուծելու, 10 հոգին էլ/։Ու այս որոշումն անուղղակիորեն ուղղված է սոցիալապես խոցելի խմբերին, որոնց բնակարանի վթարային վիճակը տեխնիկապես հնարավորություն չի տալիս ջրաչափ տեղադրել, ու այն կարող է մի շարք ավելի անցանկալի հետեւանքներ առաջացնել։Ուրեմն քիչ է, որ աղետի գոտում դեռ կան մարդիկ, որոնց բնակարաններն այնքան խոցելի վիճակում են, որ ջրաչափ տեղադրելու տեխնիկական անհնարինության պատճառով վերջիններս տարիներ շարունակ ստիպված էին արդեն իսկ բարձր սակագնով մուծել՝անձաքանակ 1100դրամ․այսինքն՝ավելի շատ, քան՝միգուցե, ջրաչափ ունեցողներից ոմանք, քիչ է, որ մարդիկ վթարային բնակարաններում տառապում են՝կենցաղային մի շարք անհարմարությունների պատճառով՝տարիներ շարունակ, ու այդ խնդիրները լավագույն դեպքում կարող էր լուծվել, եթե ԽՍՀՄ ավանդները վերադարձնեին, դեռ մի հատ էլ որոշել են ավելի մեծացնել նրանց սոցիալական բեռը/ինչքա՞ն աղաղակեց տարիներ առաջ Սադոյան Արշակն՝ Ազգային ժողովից, որ ջրի սակագինը չբարձրացնեն, ու դրա համար վերջինիս, փաստորեն,նախընտրեցին զրկել հանրային ամբիոնից ու պատգամավորությունից, ջրի սակագինն էլ տարեցտարի ավելի բարձրացրին/ ի դեպ, մի ժամանակ ՕԵԿ-ն էլ փորձեց պայքարել ջրի սակագնի բարձրացման դեմ/։Բայց, անգամ այդ բարձր սակագնին էին արդեն մի կերպ ,,ինտեգրվել,, մարդիկ ու ,,վայ-անճարի,, մուծում էին, ու,երեւի թե ,,վերեւներում,, տեսնելով, որ ժողովրդի գոտիները դեռ ձգելու տեղ կա, որոշեցին հիմա էլ ավելի թանկացնել վարձը։Սա կհանգեցնի նրան, որ մարդիկ ստիպված կլինեն բնակարանները վարձի դիմաց հանձնել ,,Վեոլիային,, ու հայտնվել փողոցում, վագոնում կամ տնակում/մանավանդ, եթե բիզնես չունեն, եկամուտ չունեն բայց դրա փոխարեն ունեն նաեւ պարտավորություններ՝կոմունալ այլ ծառայությունների նկատմամբ․էներգիայի ու գազի մատակարարման, աղբահանության եւ այլ ոլորտներում․․․/։

Չնայած հարցը համացանցում բարձրացրել եմ դեռ փետրվար ամսից սկսած, տարածել ֆեյսբուքյան անգամ ամենամեծ լսարան ունեցող խմբերում,իրավական ուղղվածություն ունեցող խմբերում,սակայն ոչ միայն ,,ձայն բարբառոյ,, վիճակ է համապատասխան կառույցների կողմից, այլեւ ,,Վեոլիայի,, տեսուչները շարունակում են համառորեն բնակիչներին առաջարկել նոր պայմանագիր կնքել՝ամենադաժան շահագործման ենթարկելու պայմանով, որն ավելի շուտ ,,ղազագիր,, կլինի, քան՝պայմանագիր, եթե այն կնքվում է անջրաչափ բաժանորդի հետ։Եվ, անկախ պայմանագիր կնքել-չկնքելու հանգամանքից, ,,Վեոլիան,, արդեն իսկ հունվարից ուժի մեջ է դրել իր դաժան որոշումը՝Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ,,հանցավոր համաձայնության,, պայմաններում՝առանց նախապես հանրությանն իրազեկելու այդ բարձրացման մասին, առանց հանրային լսումներ կազմակերպելու, ու շարունակում է շուրջ 4 ամիս՝անջրաչափ բաժանորդներին դանդաղ ,,խեղդամահ անել,,՝հաշվեհամարներին ամրագրելով ամսեամիս հրամցվող 5000դրամ/նախկին 1100դրամ անձաքանակ-սակագնի փոխարեն, որ արդեն իսկ բարձր գին էր/։Հարցի մյուս կողմն էլ այն է, որ բաժանորդները, փաստորեն, ջրային տնտեսությունում յուրաքանչյուր սեփականատիրոջ կամ ղեկավարի փոփոխությունից հետո պետք է նոր պայմանագի՞ր կնքեն․ինչու՞ պետք է 2010 եւ 2014 թվերին արդեն իսկ պայմանագիր կնքած բաժանորդը մի հատ էլ՝երրորդ անգամ պայմանագիր կնքի։

Եթե ջրային տնտեսությունում այնքան գումարներ են հավաքվում բաժանորդներից, որ անգամ վիճակախաղեր են կազմակերպվում՝ջրաչափ ունեցող բաժանորդներին ,,խրախուսելու,, համար,բարեգործություններ են արվում, ինչու՞ են անջրաչափների բեռը մեծացնում՝դարձնելով սոցիալապես ավելի խոցելի․սա նշանակում է հարստացում՝աղքատների հաշվին կամ՝որքան էլ աբսուրդային հնչի, երեւի համոզվել են, որ անջրաչափ բաժանորդները նրանք են, ովքեր վերջին 15-18 տարիներին չեն ,,ծախվել,, ու ընտրական գործարքների չեն գնացել՝,,ձայն տուր՝ջրաչափ տամ,, ծրագրով, ու հասարակության ընդդիմադիր շերտերն են, ուստի որոշել են նրանց պատժել՝,,Վեոլիայի,, ձեռամբ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, բլոգեր, ազատ լրագրող

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն