вторник, 10 апреля 2012 г.

Ով` աստվածավախ, ով` սրբապիղծ

Ինչ խոսք, մինչերկրաշարժյան տարիների համեմատությամբ հայ ազգը շատ ավելի աստվածավախ է դարձել ու հարգում է կրոնական ավանդույթները: «Վերջապես սովորեցին, որ Զատիկի օրով չի կարելի գերեզման գնալ, այլ պետք է հաջորդ օրը գնալ, ծնունդն ու մեռելոցը խառնում էին իրար», _ նկատում է լոռեցիներից մեկը: Աստվածավախության ու կրոնական ծեսերը հարգելու մի ապացույց էլ այն էր, որ Զատիկի օրով ու հաջորդ օրը` մեռելոցին, առևտրի ու տարադրամի փոխանակման շատ կետեր Վանաձորում փակ էին: Իսկ ահա, կային մարդիկ, որ սբ. Զատիկը շահարկեցին, նախօրեին ժողովրդից հավելյալ գումարներ շորթելով: Թե մայրաքաղաքում (ինչպես հավաստում էին հանրապետական հեռուստատեսությամբ), թե Վանաձորում կանաչեղենի գինը շուկայում մի քանի անգամ բարձրացել էր, և այդ հարցում ոչ մի 3-րդ կամ 4-րդ ձեռքի վերավաճառողների հանգամանք էլ չկար (ինչպես պատճառաբանում էին հանրապետական հեռուստատեսությամբ): Նույն առևտրականներն էին, նույն ապրանքը, որ Զատիկի նախօրեին վաճառում էին թանկ գնով, իսկ հաջորդ օրը, եռակի էժանացնելուց հետո պարծենում, որ նախորդ օրը եռապատիկ թանկ են վաճառել: Այդ օրերին սպառողների վրա նաև անորակ մթերքներ «սաղացրին». հնացած լավաշ, դառնահամ խմորեղեն (ձկան տեսքով), որ հավանաբար , թխվածքի համար չնախատեսված, անորակ ալյուրից էին հունցել:Ի դեպ, հնացած լավաշ «սաղացնելը» արդեն ավանդույթի ուժ է ստացել. չէ՞ որ փաթեթավորած, իրար վրա դարսած լավաշները գնորդը չի կարող տեղում ստուգել: Բայց, այ, գնելուց հետո տեսնում է, որ դրանք արդեն բորբոսնելու ակնհայտ նշաններ են ցույց տալիս: Հատկանշական է, որ դրանք վաճառվում էին «Բարձրորակ հաց» անվանումը կրող փաթեթավորումով: Երբ այս կարգի «բարձրորակ» լավաշ գնած մի կին հաջորդ օրը վաճառողուհուն գանգատվում է, որ լավաշն անորակ է եղել, վերջինս արդարանում է. «Ինչ անեմ, մեզ ինչ տալիս են, էն ենք վաճառում»: Ավանդույթի ուժ է ստացել նաև Զատիկի ու մեռելոցի, ապրիլի 24-ի օրերին ծաղիկների ահռելի գները, և այս հարցում ոչ մի կարգավորում չկա, ՏՄՊՊՀ-ն (տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) այս ոլորտում կարծես թե չարաշահումներ չի արձանագրում ու միջոցներ չի ձեռնարկում: Այդ մասին միայն հեռուստատեսությամբ լրագրողական ուսումնասիրություն է ներկայացվում ու վերջ, այդքանով հարցը փակվում է: Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն