понедельник, 30 апреля 2012 г.

ՀԱԿ-ի հանրահավաքը Վանաձորում

2003 և 2007թթ. Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին Վանաձորի “Արցախ “ պուրակում իշխանություններին ու ՀՀԿ-ին պախարակում էր երբեմնի ընդդիմադիր, “Արդարություն” դաշինքի նախկին անդամ, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: “Խունտան պետք է տապալվի”,- ամենից շատ հնչող արտահայտությունը Դալլաքյանի կողմից սա էր: 2012թ. խորհրդարանական ընտրությունների նախօրյակին այդ նույն “Արցախ” պուրակի հարևանությամբ` Տիգրան Մեծ պողոտայի վրա շողշողացող հսկայական պաստառի վրա ազդարարված է` “ՀՀԿ, Վիկտոր Դալլաքյան”: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ` ճակատագրի ծաղր ու բարոյական ապտակ հասարակության այն հատվածին, որ նրան ձայն էր տվել որպես ընդդիմադիր պատգամավոր: Ապրիլի 29-ին “Արցախ” պուրակում ժողովրդի հետ հանդիպեցին ընդդիմադիր ՀԱԿ անդամները` երբեմնի “Արդարություն” դաշինքի անդամների մասնակցությամբ: ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր և պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը պախարակեց Վ. Դալլաքյանին` իր երբեմնի ընդդիմադիր հայացքներից հրաժարվելու և իշխանությունների դրոշի ներքո հանդես գալու համար. “Բա դու չես ամաչու՞մ, այ տղա”: Նաև հիշեցրեց, թե ժամանակին ինչ է ասել Դալլաքյանը ՀՀ նախագահի հասցեին: Երբ Փաշինյանը հիշեցրեց Դալլաքյանի նախկին ելույթները` ուղղված ներկա իշխանությունների դեմ, ում դրոշի ներքո այսօր հանդես է գալիս Դալլաքյանը, ժողովուրդը սկսեց ոգևորված ծափահարել ու հիացական ձայնարկություններ արձակել (ծափահարողներն ավելի շատ կլինեին, եթե անձրև չլիներ, քանի որ հավաքվածների մի մասի ձեռքին անձրևանոցներն  էին): Անձրևի ու մռայլ, ամպամած եղանակի գործոնը նպաստել էր հանրահավաքի ոչ շատ մարդաշատ լինելուն: Համենայն դեպս, այդտեղ հավաքվել էր հասարակության գաղափարական հատվածը. անգամ` պետական համակարգում աշխատող դասախոս-մանկավարժների և այլ պաշտոնյաների նկատեցինք, թեպետ ելույթ ունեցողներից նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը կարծում էր, թե պետական ապարատի աշխատողները “վախից” չեն եկել: Նա ոչ միայն քննադատեց գործող վարչապետին` չհիմնավորված ֆինանսական ծախսեր ու ներդրումներ անելու համար, այլև դժգոհեց, որ իր հետ բանավեճի չի մտնում, թեպետ ինքը քանիցս առաջարկել է Հ1-ով բանավեճ կազմակերպել: Բագրատյանի ելույթն, ինչպես միշտ, պատկերավոր մտքերով էր. “Էլ ինչ ասես մեզ չկպցրին` էլ մազութի գող, էլ եսիմ ինչ…”, - հեգնեց բանախոսն ու նկատեց, որ ներկա իշխանավորները որոշ ձեռնարկություններ չնչին գներով, էժան վաուչերներով առել են, բայց դրանից բյուջեն գումարներ չի մտել: ՀԱԿ անդամները կոչ արեցին ձայն տալ թիվ 29, 30,31 ընտրատարածքներում ՀԱԿ թեկնածուներին և Հայ ազգային կոնգրեսին: Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն