среда, 25 апреля 2012 г.

Ո՞վ է եթերի պատասխանատուն


“Եթեր” շաբաթաթերթում, որտեղ հեռուստածրագրեր են տպագրվում, ծրագրերի մի մասը, որպես “օրինաչափություն”, չի համապատասխանում ցուցադրվող հաղորդումների ժամանակին: Ընդ որում, չհամընկնումները հիմնականում տեղի են ունենում հայաստանյան հեռուստաալիքներով: Ամենաթարմ օրինակը ապրիլի 25-ին էր, Հ2-ի ծրագրում (“Եթերում” տպագրված): Ծրագրում գրված է` “Լրաբեր” 9.55, սակայն այդ ժամին, պարզվում է, լուրերն արդեն ավարտված են, և “Բարի լույսն” է մուտք գործում, որն էլ ծրագրում նշված է 9.30: “Եթերի” վերջում, որպես ինքնաապահովագրում, գրված է, որ “թերթը պատասխանատվություն չի կրում հեռուստատեսային ընկերությունների ծրագրերի, ինչպես նաև գովազդի բովանդակության համար”: Բնականաբար, մեղավորը ծրագրեր կազմողներն են, ովքեր, ենթադրվում է, ծրագրերը կազմում են “աչքաչափով”` “1 ժամ էս կողմ, էն կողմ” սկզբունքով, մինչդեռ, սա էլ սպառողին ապակողմնորոշելու, ոչ պատշաճ ինֆորմացիա տրամադրելու մի տարատեսակ է (գովազդների պարագայում` առավել ևս), սակայն դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Հաճախ էլ հաղորդման անոնսներում օրն ու ժամանակը չի ճիշտ մատնանշվում` բուն հեռուստաեթերով: Ի դեպ, հենց “Եթեր” շաբաթաթերթում 1-2 տարի առաջ մի հոդված էր տպագրվել, որտեղ հոդվածագիրն իրավացիորեն դատապարտում էր հեռուստաընկերություններին` “Եթերին “ սխալ ծրագրեր տրամադրելու և հեռուստադիտողին ապակողմնորոշելու համար. փաստորեն, քննադատությունն առ այսօր մնացել է “ձայն բարբառոյ”: Այս թեմային որոշակիորեն առնչվող մի հարց էլ այն է, երբ որևէ խանութի գովազդ է ներկայացվում հեռուստատեսությամբ` առանց հասցեն մատնանշելու, կամ ներկայացվում է ցուցահանդես, որ պետք է մի քանի օր տևի, բայց վայրը չի մատնանշվում, և կամ որևէ նոր կայքի մասին է խոսվում` առանց հասցեն մատնանշելու: Այս վերջին բացթողումները ևս վերաբերվում են հանրապետական հեռուստաալիքներին: Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն