среда, 13 августа 2014 г.

Azat Ankakh-ի դատարկ հաշվեհամարը փակվեց, բայց ՝ ոգին չի մեռել

Երեկ համացանցի համախոհներիցս մեկը խորհուրդ տվեց լավատեսական նյութ գրել, դե ես էլ թերեւս ամենալավատեսական վերնագիրն ընտրեցի... Երեկ ,,խոր կսկիծով,, տեղեկացանք, որ Azat Ankakh բլոգի հաշվեհամարը, որ բացել էի 2012թվին ՝ բլոգի հնարավոր ֆինանսավորման հույսով, ի վերջո, փակվել է / երեւի ՝,,անշարժությունից հուսահատ,, /: ,,Դե որ մեկ տարվա ընթացքում գումարային շարժ չի լինում ՝ փակվում է,,- տեղեկացրին բանկից, որտեղ բլոգի հաշվեհամար էի բացել ՝անվճար հիմունքներով, առանց դրա համար վճար հատկացնելու /  դե երեւի դա էլ բարեբախտություն է, քանի որ ոչ բոլոր բանկերն են անվճար հաշվեհամար բացում / : Նշեմ, որ հաշվեհամարը բացելու առթիվ 2012 թվի մայիսի 24-ին բլոգում հանդես եկա ,,Azat Ankakh,,-ը կայացման փուլում, առանց աջակցման-2,, հրապարակմամբ, սակայն այդպես էլ ոչ մի ֆինանսական աջակից կամ փոխշահավետ համագործակցության առաջարկ  չգտնվեց, թեպետ հոդվածը պարբերաբար զետեղում էի համացանցում: Թերեւս բացառություն կարելի էր համարել այն, որ ամերիկահայ մի քաղաքացի ՝ նախկին կիրովականցի, որ համացանցում կարդացել էր բլոգի նյութերը, ոչ միայն շնորհակալական նամակ ուղարկեց ՝,,համարձակ ու սուր, հումորով,, հրապարակումների համար, այլեւ իր իսկ նախաձեռնությամբ որոշակի ֆինանսական աջակցություն ուղարկեց. բայց ոչ թե բանկային հաշվեհամարով, այլ՝ դրամական ուղղակի փոխանցմամբ, համեստորեն չցանկանալով, որ իր անունը հրապարակվի: Հարկ է հիշեցնել, որ 2013 թվի հուլիսի 24-ին բլոգում հանդես եկա ,,Azat Ankakh,,-ի երկամյակի,  ,,մեռնող ճշտի վերջին ասպետների,, եւ այլն-ի մասին,, հոդվածով, որտեղ հարց էի բարձրացրել, որ այն կայքերը կամ բլոգները , որոնք ապացուցել են իրենց գոյության անհրաժեշտությունը, որոնք պարբերաբար հասարակությանը հուզող խնդիրներ են բարձրացնում / առավել եւս ՝տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներին վերաբերվող /, հարկ է, որ պետական ֆինանսավորում ստանան. այնպես, ինչպես թերթերը. այն դեպքում, երբ թերթերն ավելի շատ հասարակության ,,դարդին դարման անող,, հարցեր չեն էլ բարձրացնում, եւ թերթեր կան, որ երբ կարդում ես , մտածում ես, թե ո՞րն է դրա տված օգուտը հասարակությանը ՝բացի կենցաղում օգտագործելը: Որքան հայտնի է ՝,, թղթի վրա,, գործող անկապ հ/կ-ներ էլ են պետությունից փող ,,պլոկում,, / թերթերից բացի /. լոռեցու լեզվով ասած ՝,,յարաբ ո՞ր մեղքի համար,,: Ու մեկ էլ տեսար ՝ լավագույն դեպքում մի ,,փախած,, բրոշյուր են հրատարակում ՝,,ջուր ու ձավար լցրած,,՝.իրենց գոյությունն արդարացնելու միտումով: Ու հենց պետական անուշադրության պատճառով է , որ բլոգներից շատերն ստիպված են լինում կառչել այս  կամ այն կասկածելի աղբյուրից, ու հարմարվել թելադրողի ճաշակին, նրանց ,,դուդուկով,, պարել՝ թեկուզ ոչ հավաստի տեղեկություններ հրատարակելով / դրանից բխող տհաճ հետեւանքներով /: ... Azat Ankakh-ը շարունակում է գործել արդեն 3 տարի / այնպես, ինչպես միաժամանակ ստեղծված իմ ֆեյսբուքի էջը, որ հոդվածներիս ,, պահեստային,, տարբերակն է / ՝ հիմնականում իմ անձնական խնայողությունների շնորհիվ, որի, ինչպես նաեւ ՝ինտերնետային հմտություններիս զարգացման  համար երախտապարտ  եմ 1992-1997 եւ 2004-2009թվերին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երջանկահիշատակ  մորեղբորս, որ 3 տարի շարունակ քրոջ ընտանիքին ֆինանսական օգնություն էր ուղարկում իր համեստ թոշակից / համեստ ՝ ամերիկյան չափանիշներով /, ինչպես նաեւ երջանկահիշատակ հորս եմ երախտապարտ ՝տեղական իշխանությունների կողմից պարբերական հալածանքների անուղղակի զոհ դարձած, որն էլ իր հայաստանյան թոշակից էր ,,մասհանում,, անում ՝բլոգի զարգացման նպատակով, եւ անգամ՝ հետաքրքրվում.,,Հիմա որ ուզենաս գիրք տպես, ինչքա՞ն փող ա պետք,,: Իսկ բլոգի  նպատակը հիմնականում իրավա-սոցիալական խնդիրների վերհանումն ու դրանց վրա հասարակության, համապատասխան մարմինների  ուշադրության հրավիրումն էր. թեպետ ՝որոշ թերահավատներ ասում են ՝,,Հա որ գրեցիք, ո՞վ է հիմա գրածին բանի տեղ դնում, չեք տեսնու՞մ, ինչ ուզում ՝անում են, ոնց ուզում՝վարվում են ժողովրդի հետ,,: 3 տարվա ընթացքում բլոգում տպագրվել են իմ հեղինակած 218 հրապարակումներ, որոնք տարածում եմ ֆեյսբուք, Թվիթեր, Գուգլ-պլյուս ցանցերով: Դրանց, ինչպես նաեւ ՝ ֆեյսբուքի իմ անձնական էջի նոթագրությունների մի մասն, սկսած 2013 թվից արտատպում են նաեւ այլ կայքեր / բարեբախտաբար ՝ համապատասխան հղումով, հեղինակային իրավունքների պաշտպանմամբ /, իսկ դրա շնորհիվ բլոգում բարձրացված հարցերն էլ ավելի մեծ տարածականություն են ձեռք բերում նաեւ այլ սոցիալական կայքերի միջոցով .Օդնոկլասնիկի, Մեյլ-ռու, Վկոնտակտե, Լինկեդին....Ցավոք, ոչ բոլորն են գիտակցում ինտերնետային ազատ մամուլի դերն ու նշանակությունը ՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում, ինչի տխուր ապացույցը ոչ միայն ֆինանսական աղբյուրների բացակայությունն է մի երկրում, որ  հեղեղված է ,,ժողովրդավարության զարգացման ուղղված,, դրամաշնորհային ծրագրերով / հաճախ ՝ փոշիացվող , ու այս ոլորտը թերեւս լավագույն կոռումպացվածներից է /, այլեւ ՝որ ոմանք կարծում են, թե բլոգը միմիայն ,,փող կպցնելու,, համար է: ,,Էդ բլոգներով կարում ե՞ս փող  կպցնես...չէ՞... բա էլ ո՞ւմ ա պետք, որ քեզ օգուտ չի տալիս,,- զարմանում է ծանոթներիցս մեկը, տեղեկանալով, որ ոչ միայն հիշատակված բլոգը, այլեւ 2013 թվից էլ մեկ այլ բլոգ եմ հիմնել ՝,,Լրագրողական նոթեր,,: Ուրեմն ի՞նչ, առաջադեմ մտավորականն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը տեղ չունի՞ այս երկրում, թե՞ գնանք ,, սաղովի բազարում բողկ ծախենք,, իսկ բողկի հոգեբանությամբ թալանչիները ՝որոնց մի ոտքը Ազգային ժողովում է, մի ոտքը ՝բիզնեսում , իրենց կիսագրագետ հալով, ու փողով ձեռք գցած դիպլոմներով ՝ ժողովրդի գլխին ,,կորկոտ աղան,, ու ասեն ՝ ,,բո՜ո՜ղկ, ապե՜, բո ՜ողկ...,,/ ականջը կանչի ,,Բերնարդ շոու,,-ի /: Էս ա էս երկիրը, ով չի քծնում, չի կռանում, չի ստորանում ՝ոտնատակ են տալիս, օդը փակում են,,-հայտնում է վանաձորցի մի գործազուրկ մտավորական ՝հաստատելով իմ այն տեղեկությունը, թե ,,կոռուպցիայի դեմ պայքարին,,  զուգահեռ ՝կրթական ու բանկային համակարգում աշխատանքի ընդունվելիս ինչ թվեր են ,,կրակում,,:                                                                                                                                ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն