пятница, 29 августа 2014 г.

Հերթական քարուքանդը ՝,,Լաչինում,, ու Լազյանի վրա

Շուրջ 1 շաբաթ է ՝սկսվել է Վանաձորի,,Լաչինի միջանցք կոչվող առեւտրի վայրի գրոհը ՝հայ դասականներից մեկի ՝մեծն Շիրվանզադեի  անունը կրող փողոցում: Երկու տարի առաջ, ի վերջո, ,,Լաչինը,, ասֆալտապատեցին ՝ ավելի քան 15 տարվա ,,կոմայից,, հանելով: Մարդիկ ուրախացել էին, որ , ի վերջո, տարածքն ասֆալտապատվել է, բայց հեռատեսներն ու հոռետեսներն զգուշացրին. ի՞նչ օգուտ, որ ջրահեռացումը չեն արել: Ու, ինչպես ենթադրվում էր, մի օր էլ  կրկին պետք է ասֆալտը քանդեին ՝ջրահեռացում անելու եւ, միգուցե, ջրատար խողովակներ փոխելու համար. մանավանդ, որ ջրագծերի փոխման վարկային ծրագիրն ավելի ուշ մոտեցավ ,,Լաչինին,, ՝ ասֆալտապատումից երկու տարի անց:    Մեկ  շաբաթ առաջ ,,Լաչինի,, մի կեսը ՝Լազյան խաչմերուկից ներքեւ, փորեցին, ,,խրամատներ,, բացեցին / որի կողքով անցորդներն իրենց ,,բաժին,, մնացած նեղ հատվածի վրա մեկ-երկու օր ոստոստացին ՝միաժամանակ ,,քթները բռնած,, որպեսզի արգելեն նեխած-հնացած խողովակների գարշահոտության մուտքն իրենց շնչառական օրգաններ /: Քանդածի մի մասը, ինչպես սովորաբար, ծածկել են խճով, ու ոչ մի երաշխիք չկա, թե խիճը մոտակա ժամանակներում կփոխարինվի ասֆալտով, ու առայժմ մարդիկ հիմա էլ խճերի վրայով են ոստոստալով քայլում կամ ՝աշխատում շրջանցել, եթե դա հնարավոր է: Նույնն էլ ,,Լաչինը,, հատող Լազյանի պարագայում է. չնայած  անցյալ տարի Լազյանի տարբեր հատվածներ քանդեցին-փորեցին ու   աշխատանքներն ավարտելուց հետո  ընդամենը հողով ծածկեցին, բայց ՝ այս տարի էլ նույն գործողությունը կատարեցին, ու  էլի ոչ մի երաշխիք չկա, թե առաջիկայում այդտեղ ասֆալտապատում կլինի: Իսկ առաջիկայում  սպասվող անձրեւներին անցորդներին խորհուրդ է տրվում այդ կողմերով անցնել   ինքնաշեն ,,կոշկանավակներով,,: Երեւի թե փողոցների որոշ հատվածներ ամիսներով կամ տարիներով թողնում են խճապատ  կամ հողաթաթախ, մտածելով, որ մեկ է, էսօր-էգուց էլի մի վթար է լինելու, ի՞նչ իմաստ ունի ասֆալտապատելը: Իսկ վթարների պակաս չկա ՝ անկախ ջրագծերի փոխման հանգամանքից: Մի քանի օր առաջ Խորենացի / Լուսավորիչ խաչմերուկում արեւ օրով ՝ էլի ջրեր էին հոսում, բանվորները երկարաճիտ սապոգները  հագներին դեսուդեն էին վազում, մի տեղ էլ վթարը հասել էր կահույքի խանութ...  /ակամա հիշեցի  տարիներ առաջ գործընկերներիցս մեկի գրված հոդվածը ՝վանաձորյան մամուլում. ,,Բոլոր ջրերն էլ հոսում են.մանավանդ ՝ կոյուղաջրերը,, /:  Չի բացառվում, որ որոշ դեպքերում վթարի պատճառ լինի ջրի ճնշման կտրուկ ուժեղացումը. մանավանդ ՝ շենքային վթարների պարագայում, քանի որ շենքերի ներքին ցանցը մի 40-50տարվա հնություն ունի: Ոչ միայն ջրի վթարներն են անպակաս, այլեւ ՝ դիտահորերի խցանումները / թեպետ հնարավոր է, դա էլ է ջրի վթարների հետեւանք /:Մեկ շաբաթից ավելի է ՝Լուսավորչի 38 հասցեում, ավտոկանգառի ու թերթի կրպակի հարեւանությամբ, մայթի վրա գտնվող դիտահորը բացել են, խցանումը վերացրել, բայց ոչ միայն դիտահորը չեն փակել / ինչի հետեւանքով այն աստիճանաբար աղբամանի է վերածվում /, այլեւ ՝ցեխախառն զանգվածն այդպես էլ թողել են   մայթեզրին՝ որպես հակագեղագիտական արժեք. կամ ՝,,գեղ,,ագիտական  արժեք, եթե ընդունենք, որ բառի արմատը ոչ թե ,,գեղեցիկն,, է, այլ ՝,,գեղը,,: Ենթադրվում է, թե աղբ տեղափոխողներն առաջնորդվում են այն հաշվարկով, որ դա ոչ թե կենցաղային աղբ է, այլ ՝ շինարարական կամ հողային, ուստի ովքեր որ այդ աշխատանքները կատարել են, թող իրենց ուժերով էլ տեղափոխումը  կազմակերպեն:                                                           ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                                                         

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն