среда, 15 октября 2014 г.

Կարտոֆիլի, ձկան ու ձվի ,,կուրսն,, աճում է, սխտորի գինը ռեկորդ է խփում

Օրերս հայաստանյան հեռուստաալիքները ոգեւորությամբ փաստում էին, որ եվրասիական տարածաշրջանային միության անդամագրվելուց հետո հայաստանյան ապրանքների համար Ռուսաստանում լայն հորիզոններ / ավելի ճիշտ՝ վաճառակետեր / կբացվեն:Ի դեպ, եվրոպական տարբեր երկրներում էլ, ԱՄՆ-ում էլ ՝ հայաստանյան բարձրորակ ապրանքի վաճառք միշտ էլ եղել է , սակայն տվյալ դեպքում ,,աչքալուսանքը,, վերաբերվում է նաեւ բանջարեղինին. դեռ ամիսներ առաջ էլ ասվեց, որ ռուսաստանյան ընկերությունները պետք է բանջարեղեն ներկրեն Հայաստանից: Ու հոկտեմբերի սկզբից արդեն Վանաձորի առեւտրի կետերում սկսվեց կարտոֆիլի գնի կտրուկ  աճ: Դրան նպաստեց նաեւ այն, որ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներից մեկն էլ հեռուստատեսությամբ ,,գուշակել.. էր, որ կարտոֆիլի գնի աճ է սպասվում: Ամենայն հավանականությամբ, այս մթերգի գնաճին նպաստում է նաեւ այն, որ Թուրքիայից արդեն կարտոֆիլ չի ներկրվում, այսինքն ՝ չկա մրցակցության հանգամանք: Ձվից հետո սա երկրորդ ապրանքատեսակն է, որ մրցակցության բացակայության պայմաններում, տեղական արտադրողների մենաշնորհային դիրքի պատճառով թանկանում է:Բայց այ, որքան էլ տարօրինակ է, սխտորի պարագայում մրցակցության հանգամանքն ամենեւին էլ դեր չի խաղում, քանի որ չնայած շուկայում առկա է Չինաստանից ներկրվող սխտոր, սակայն այս մթերքի գինը դեռ սեպտեմբերից սկսեց բարձրանալու հակումներ ցույց տալ ՝ 1կգ-ն 500 դրամից հասնելով 1000դրամի-ի, իսկ ներկայումս ՝ 2000-ի: ,,Այլընտրանքը,, չինական սխտորն է ՝ փնջով վաճառվող. 4 փնջանի 1 տուփ սխտորը, որ հազիվ 2-300գրամ կազմի, վաճառվում է 400դրամով: Պատճառը, թերեւս, պահածոյացման շրջանն է, ու դա շահարկելով ՝ շուկայական ,,մաֆիա,, ասվածը փորձում է ժողովրդից հավելյալ շահույթներ կորզել, քաջ գիտենալով, որ առանց դրա անհնար է ,,թթու փակել,,: Միգուցե խաշի սեզոնն է՞լ է սկսվել, ինչը նույնպես նպաստել է սխտորի գնի աճին. այն դեպքում, երբ դեֆիցիտ չկա: Վերջին մեկ ամսում ոչ միայն կարտոֆիլը, ձուն ու սխտորն են թանկացել, այլեւ ՝ մսամթերքները : Անկախության տոնի նախօրեից ՝ սեպտեմբերի 20-ից սկսած ՝ կտրուկ բարձրացավ բրազիլական խոզի մսի գինը ՝1700դրամից հասնելով 2100դրամի  / երեւի թե համարվելով եվրոպական մսամթերք, ու նկատի ունենալով, որ շուտով մաքսային միություն ենք մտնելու Ռուսաստանի ու Ղազախստանի հետ, եւ դրանից հետո պետք է Եվրոպայից ներմուծվող ապրանքը թանկանա ,մինչդեռ այդ թանկացումը կարող էր տեղի ունենալ առնվազն հունվարից, երբ եվրասիական միութուն մտնելու պայմանագիրն ուժի մեջ կմտներ /: Նույն կերպ, շուկայական ,,մաֆիայի,, ձեռամբ դեռ  եվրասիական մտնելու պայմանագիր ստորագրելուց ամիսներ առաջ,ապրիլից, ս. Զատկի նախօրեից միանգամից բարձրացավ ներկրվող ձկան գինը, ու խանութներում վաճառվող վիետնամական ,,Պանգաս,, ձուկը դարձավ 1300դրամ / նախկին 1000դրամի փոխարեն /, այսպես կոչված ,,խեկ,,-ը 1100-ից դարձավ 1300դրամ:Հիմա կարող են ասել ՝ ,,Բա գիտե՞ք, հոսանքը թանկացել է,,: Բայց հոսանքի թանկացման փոխհատուցման նպատակով  կարելի էր թանկացում կատարել համապատասխան հաշվարկով եւ հոսանքի թանկացումից հետո  ՝օգոստոսից, եւ ոչ թե ՝ առաջ: Թանկացել է նաեւ  տեղական ձուկը, ու,  ըստ հավաստիացումների, էլի կթանկանա, ինչի մասին օրերս հայտարարեց տեղական ձկնարդյունաբերության ոլորտի պատասխանատուներից մեկը. իբր ՝ քիչ էր թանկ: Անգամ ամառային շոգ եղանակներին Վանաձորի բացօթյա առեւտրի կետերում տեղական ձուկը վաճառվում էր 1կգ-ն 1500դրամից սկսած գնով, նախկին 1000դրամի փոխարեն: Թանկացել է նաեւ կաթնամթերքը, ու, մասնավորապես ՝պանիրը: Օրեր առաջ հայաստանյան թերթերից մեկը գրել էր, որ Մոսկվայի խանութներից անհետացել է պանիրը, քանի որ Եվրոպայից առհասարակ մթերք չեն ներմուծում, Հայաստանից էլ ներկրումը շատ քիչ է: Երեւի թե այդ լուրը թերթին հասնելուց առաջ ավելի վաղ էլ հասել էր հայաստանյան շուկայի տնօրինողներին, ու սեպտեմբերից կրկին սկսեց պանրի գինը բարձրանալ : Եթե հուլիս-օգոստոս ամիսներին պանրի գները շուկայում սկսվում էին 1000դրամից, ապա ներկայումս ՝ 1200դրամից .հասնելով 2500դրամի: Իսկ հիշու՞մ եք ինչպես էր առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարը հավաստիացնում, թե եվրասիական միություն մտնելուց հետո ապրանքները կէժանանան: Առայժմ չի թանկանում միայն ռուսաստանյան ձեթը, իսկ բանջարեղեններից ,,ամենահամեստ,, ,,կուրսը,, կաղամբինն է . 1կգ-ն ՝100դրամ: Ամեն դեպքում ՝ պահպանվում է ամսվա առաջին տասնօրյակում, թոշակների ու աշխատավարձերի օրերին առհասարակ բոլոր մթերքների գները որոշ ժամանակ բարձր պահելու ,,սովորույթը,, որ կարգավորվում է շուկայական ,,մաֆիայի,, կողմից:                                                                                                                                                                      ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն