четверг, 2 октября 2014 г.

Հնացած հավեր ու ձվեր ՝ վաճառակետերում

Սեպտեմբերի 29-ին վանաձորաբնակ Հենրիետա Մխիթարյանը ՝ Վանաձորի վետերանների միության կանանց խորհրդի նախագահ, քաղաքի սուպերմարկետներից մեկից գնել էր ,,հավի թեվիկներ,, ապրանքատեսակը՝ 1կգ-անոց տուփը՝1500 դրամով, ռուսական ապրանքանիշի տակ վաճառվող: Տուն տանելուց հետո պարզել էր, որ ապրանքի որակը խիստ կասկածելի է, ու հաջորդ օրն շտապել էր խանութ ՝ չեկ պահանջելու: Որքան էլ զարմանալի է, բայց խանութում համաձայնվել էին արդեն իսկ գնված, տուն տարած ապրանքի չեկը հանձնել, արդարանալով.,,,Դե դուք էն ժամանակ չպահանջեցիք, մենք էլ չտվինք,,: Թեվիկները եփելուց հետո Մխիթարյանի կասկածները ՝ ապրանքի անորակության մասին, հաստատվել էին, քանի որ անմիջապես տհաճ բույր էր տարածվել: Մինչ հաջորդ օրը կտաներ ապրանքը ետ հանձնելու, շտապել է նաեւ սանէպիդկայան ՝ քաղաքի կենտրոնում գտնվող, բայց այդտեղ պարզվել է, որ սանէպիդկայանի ՝սննդամթերքի  որակի հարցերով զբաղվող մասը տեղափոխվել է քաղաքի ծայրամասային ,,Լագեր,, թաղամաս, ու նա  չի զլացել, այդտեղ էլ է գնացել ՝իր հետ տանելով ,,իրեղեն ապացույց,, փչացած հավի կտորտանքներն, ասելով, որ քաղաքի սուպերմարկետներից մեկից է գնել: Հավաստիացրել են, որ առաջիկայում պետք է զբաղվեն քաղաքի խանութներում առկա սննդամթերքի որակի հարցերով, ստուգայց են կատարելու:Նույն օրը, հոկտեմբերի 1-ին, Մխիթարյանի հեռախոսազանգով ուղեւորվեցինք ներկա գտնվելու փչացած հավի հանձնման հույժ կարեւոր իրադարձությանը ՝խանութում:Մինչ Մխիթարյանի ժամանելը. խանութի ցուցափեղկում նրա մատնանշած ապրանքատեսակից չգտանք: Այնուհետ Մխիթարյանը ժամանեց եւ աշխատողներին խնդրեց կանչել վաճառողներից ավագագույնին:Ու սկսվեց բանակցությունների փուլը:Քանի որ հնացած հավի ողջ պարունակությունը ՝ սառույցներից ձերբազատվելուց ու եփելուց հետո կշռում էր 400դրամ, ուստի վաճառողը դժգոհեց, թե ,,Կեսը կերել եք , նոր ե՞ք բերել,,: ,,Դա ուտել կլինե՞ր, որ ես ուտեի,,- զայրացած նկատեց Մխիթարյանն ու սպառնաց հավի կտորտանքը տանել ,,այնտեղ, որտեղ պետք է,,:՚Ի՞նչ իմանար վաճառողը, որ խեղճ թեվիկներին արդեն իսկ մի տեղ լավ ,,ամաչացրել,, էին ՝ անորակության համար: Այդուհանդերձ, դժկամությամբ, բայց ՝ ետ վերադարձրին Մխիթարյանին ապրանքի արժեքն ամբողջությամբ: Բայց այդ ամենի հետեւանքով վերջինս տեւական ժամանակ հաստատ ,,հավի թեւիկներ,, անունն անգամ լսել չի ցանկանա, ուր մնաց ՝գնել կամ ուտել:Մխիթարյանը չի բացառում, որ այդ ապրանքանիշը կարող է եւ կեղծված լինել ու հայտնում է.,,Ես գիտեմ, որ մարդիկ կան, որ կեղծ ապրանքանիշեր են վաճառում, դրանով հարստանում, հնացած ապրանք ունեցողներն էլ  դրանցից գնում-փակցնում են,,:Ընդ որում, նա խանութի վաճառողին էլ ամենայն համոզվածությամբ պնդում էր, որ հավը հաստատ հատուկ լուծույթով մշակել են, որ հնացածությունն անցնի, սպիտակի, բայց ներսի հոտը պահպանվել է:Այս կապակցությամբ հիշեցի, որ ամիսներ առաջ ,,Արմենիայի,, ,,Սուր անկյունը,, պատմեց, որ ՀՀ տարբեր քաղաքներում վաճառվել է հնացած հավ / կարծեմ ՝էլի խոսքը գնում էր հավի թեւիկների մասին /, ու կեղծ ապրանքանիշով է եղել, հետո պարզվել է որ հատուկ լուծույթով մշակել են հավն ու փորձել երկրորդ կյանք տալ ՝ սպառողների առողջությունը վտանգելու հաշվին: Այն ժամանակ երեւի թե հայկական ապրանքանիշի տակ են կեղծել, հիմա ՝ռուսականի տակ: Իսկ նախորդ շաբաթ տեղեկացանք, որ մայրաքաղաքի խանութներից մեկում սպառողի կողմից արձանագրվել է հնացած ձվի վաճառք. գնորդը տուփով ձուն տուն տանելուց հետո պարզել է, որ դրանք դեռ չեփած են ,,բուրում,, ու շտապել է տանել ետ հանձնել: Միգուցե ,,բուրումնավետության,, համա՞ր է ձվի գինն այդքան բարձր ու էլի բարձրանալու միտում ունի ՝65 դրամից հասնելով 75-80-ի, հիշեցնելով հայտնի բանաստեղծությունը.,,Ելնում եմ ես սարերն ի վեր, ելնում եմ ես քարերն ի վեր...,,: Ներմուծվող ձվերի ,,վերջը տվին,,՝ տեղական արտադրողների նվնվոցներից հետո, հիմա ասպարեզում մնացել են տեղական հավկիթները, որոնք էլ բարձր գնի պատճառով դժվարությամբ են իրացվում ու հնանում են: Ի վերջո խիղճ է պետք: Օստապ Բենդերի ասած ՝,,Բա սրանց չար երազները չե՞ն տանջում,,: Ո՞նց կարելի է  65-70 դրամով հնացած ձու վաճառել կամ ՝1500դրամով հնացած հավ ,,սաղացնել,,: Ի դեպ, Մխիթարյանը տեղեկացրեց, որ վերջերս նույն խանութից ձու էլ է գնել ՝ 65 դրամով, բայց տուն տանելուց հետո պարզել է, որ ձվի ավանդական դեղնուցը կանաչ գույնի է, ինչն անորակության ակնհայտ ապացույց է: Ասենք , Մխիթարյանը քաղաքի կենտրոնում է ապրում ու կարողացել է գոնե հավի հարցում պաշտպանել սպառողի իր իրավունքները /ինչը, բարեբախտաբար, եզակի երեւույթ չէ, երբ սպառողը կարողանում է տեր կանգնել իր իրավունքներին /, իսկ նրա՞նք, ովքեր գյուղերից գալիս են մարզկենտրոն, առեւտուր կատարում հապշտապ  ու գնում...Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել ՝,,Փողոցից միք գնի, փողոցում ինչ ասես վաճառվում է,,: Իսկ ի՞նչ ասես, երբ սուպերմարկետում է հնացած մթերք վաճառվում, որոնց թվում ՝ակնհայտ որակազրկված տեսքով երշիկ կամ նրբերշիկ:Ու կապ չունի, հնացած ապրանքը մայրաքաղաքու՞մ է վաճառվում, թե՞ մարզերում: Այս երեւույթը նոր չէ, եւ կապ չունի էներգիայի գնի բարձրացման հետեւանքով սառնարանները ոչ բավարար միացնելու հետ, քանի որ մշտապես էլ նկատվել են նման երեւույթներ ՝ անկախ էներգիայի թանկ կամ էժան լինելու հանգամանքից: Իսկ ամենավատն այն է, երբ հնացած մթերքներ են իրացվում մանկապարտեզների կամ մանկատների ճաշարանների վրա, ինչի վերաբերյալ քանիցս տեղեկացել ենք հանրապետական հեռուստատեսությամբ:                                                          ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն