вторник, 21 октября 2014 г.

Ձու չի ներկրվում, շաքարավազ չի արտադրվում. ինչու՞

,,Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա ՝ աշխարհն է շալակած տանում,,. Պարույր Սեւակի այս բանաստեղծությունը հիշեցի, երբ պարզվեց, որ տեղական արտադրողները կրկին անգամ ձվի գինը բարձրացրել են ,,փաթեթայինով,, ՝ միանգամից: Ասել կուզի ՝տեղական ձու արտադրողները ,,ելել,, են ժողովրդի  շալակը. թեպետ ՝ որ իրենց հարցնես, կասեն, որ իրենք են աշխարհն ու ժողովրդին շալակած տանում, շատ մեծ ու հանրօգուտ գործ են կատարում ու, դիցուք, աքլորներին անընդհատ համոզում են, որ չզլանան իրենց ,,ամուսնական պարտականությունները,, կատարեն ՝ հավային հարեմի նկատմամբ, որ հայ ժողովրդի հանապազօրյա ձուն ապահովված լինի:Նոր տարուց դեռ 2 ամիս կա, Զատիկն էլ 6 ամիս առաջ էր, բայց ՝ հոկտեմբերի 20-ից սկսած ՝ մեկ էլ հանկարծ Վանաձորի առեւտրի կետերում, որպես ,,աչքալուսանք,, ՝հայտնվեցին 80 դրամանոց ձվեր / ընդ որում ՝ նույն արտադրության ձուն մեկ այլ վաճառակետում էլ վաճառվում էր  70 դրամով, ինչը խոսում է շուկայական անտերության կամ ՝շուկայական կամ ,,ձվային մաֆիայի,, առկայության մասին /: Փաստորեն, մինչ ,,վերեւներում,, ԱԺ պատգամավորները քաղաքական լեզվակռվի մեջ են, մինչ իշխանություններն էլ արտաքին ու ներքին քաղաքական հարցերով են զբաղված, շուկայական մաֆիան զբաղված է ,,պղտոր ջրում ձուկ որսալով,, կամ ՝ ջուրն ավելի պղտորելով: Ո՞վ է վերահսկու՜մ....ու՞մ  դարդին է՜...Անգամ  մինչեւ 700հազար դրամի հասնող աշխատավարձ ստացող ՏՄՊՊՀ անդամների ,,դարդին,, չի, քանի որ ուզենան էլ չեն կարող վերահսկել մի ոլորտ, որտեղ մրցակցություն չկա, ասպարեզը մնացել է տեղական արտադրողներին, որոնց շահերից ելնելով էլ ՝ձու չի ներկրվում / Ասել կուզի, ներկրողների ոլորտում էլ է հիմա ճգնաժամ ու գործազրկություն / : Միգուցե ձվային հերթական թանկացումը ,,վերեւներից,,ժողովրդին ուղղած ,,մեսի՞ջ,, է ՝այն տրամաբանությամբ, որ ,,Հանրահավաք եք անում հա՞, դժգոհ եք հա՞, դե հիմի կերեք ՝ թանկացած ձվերը,, ու ,,տազ  արեք,, տեղներդ, թե չէ էլ բեթարը կբերենք գլխներիդ,, / Մի առիթով ,,Ազատություն,,ռ/կայանով մխիթարում,, էին, թե բա գիտե՞ք, Ադրբեջանում 1 հավկիթի գինը 100դրամ է, հիմա երեւի որոշել են այդ հարցում ,,հասնել եւ անցնել,,  Ադրբեջանին ՝ հանրահավաքներին ու սոցիալական բողոքներին ,,ընդառաջ,, /: Իսկ միգուցե տեղական արտադրողներն էլ իրե՞նց ,,հաշիվներն,, ունեն  իշխանության հետ ու փորձում են էլ ավելի մեծացնել սոցիալական լարվածությունը ՝ ջուր լցնելով ընդդիմության ջրաղացին. ամեն դեպքում ՝ տուժում է ժողովուրդը:Եվ այսպես ՝ շաքարավազի գինը մնում է պատկառելի բարձրության վրա  ու 350դրամից չի իջնում, որովհետեւ միմիայն ներկրվում է, երկրում չի արտադրվում / հայտնի չէ, թե ինչո՞ւ չի գործում Սպիտակի շաքարի գործարանը, չենք կարծում, թե ճակնդեղի պակաս կա երկրում  /, ձու էլ դադարեցին ներկրել ՝ ասպարեզը թողնելով տեղական արտադրողներին:Իսկ ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը պնդում է, որ երկրում ամեն ինչ կարգին է ու ընդդիմությունն իզուր է աղմկում ՝ ու այդ աղմուկը ,,ժողովրդի հետ կապ չունի,, եւ որ ընդդիմության ուզածը ,,միայն աթոռ է ,,:Միգուցե 300հազար դրամ եւ ավելի ստացող պատգամավորի ու նախարարի  ,,աչքին,, չեն գալիս բարձր գները / կամ ՝ այդ մասին հիշում են, երբ սկսում են տրտնջալ աշխատավարձի ,,քչությունից,, /, իսկ շարքային ժողովու՞րդը, որին բազմակի են կողոպտում, գների բարձրացմանը զուգահեռ ՝տարադրամի կուրսն իջեցնելով, հաշվի առնելով, որ ժողովրդի մեծ մասը գոյատեւում է ,,դրսից,, ստացվող գումարների հաշվին:                                   ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն