понедельник, 20 октября 2014 г.

Դանիաբնակ վանաձորցին ՝հայաստանյան այցից տպավորություններով

Հոկտեմբերի 4-ին,  ,,Վանաձորի օր,,  տոնակատարության ժամանակ, երբ հանդիպեցինք  նախկին վանաձորաբնակ , 1994թվից ի վեր Դանիայում բնակվող Հասմիկ Կուրղինյանի հետ / 20 տարի չհանդիպելուց հետո /, առաջին տպավորությունը տոնակատարության հետ էր կապված. շատ զարմացավ, երբ իմացավ, որ ,,Վանաձորի տոն,, է նշվում ՝ առանց քաղաքի տարեթիվը պաշտոնապես մատնանշելու: Այնուհետ մտահոգություն հայտնեց թափառող շների առատությունից, որոնք նույնպես ,,ինտեգրվել,, էին տոնակատարությանն ու ազատ վազուվազ էին անում կենտրոնական պողոտայով: / Հասմիկը, թերեւս, առիթ չունեցավ տեսնել, որ անգամ կենտրոնական շուկայում ու բացօթյա առեւտրի կետերի մոտ են շներ վխտում ՝ սննդամթերքի մոտ /:Մտահոգված էր նաեւ քաղաքի փողոցների քարուքանդ վիճակից / որի թվում նաեւ իրենց բակն էր հայտնվել / : Եվ, քանի որ արդեն իսկ տեղեկացված էր, որ փողոցները քանդելու նպատակը հիմնականում ջրատար խողովակների հետ է կապված, ուստի զարմացած էր, թե ,,Ուրեմն մինչեւ հիմա, երկրաշարժից 25 տարի անց ջրատար խողովակ չի փոխվել, նո՞ր են փոխում,,: Բայց ՝ գոհունակություն հայտնեց Երեվան-Վանաձոր ավտոճանապարհների վիճակից: ,,Գոնե հաջորդ այցիս ժամանակ ստիպված չլինեմ ոտքերիս տակ նայելով քայլեմ,,- հույս հայտնեց իմ զրուցակիցն ու, մատնացույց անելով Մ.Գոշի փողոցի ՝ երջանիկ պատահականությամբ ասֆալտապատված մայթը, որի վրայով քայլում էինք, ասաց.,,Այ որ մնացած փողոցներն էլ գոնե էս որակի լինեն, շատ լավ կլինի,,: ,,Արցախ,, պուրակի առնչությամբ առաջընթաց արձանագրեց, ասելով. ,,2009 թվին որ եկել էի, ,,Արցախը,, ոնց որ ցախանոց լիներ, խոտերը ծածկել էին արձանների երեսները: Հիմա էլի լավ է, մարդիկ կարողանում են նստեն, հանգստանան,,: Իմ զրուցակիցը թերեւս չէր նկատել, որ նստարաններն էլ ներկել են ու տեղ-տեղ նորը տեղադրել, որոնց վրա, ցավոք, երեկոյան ժամերի կարելի է տեսնել  նաեւ... մուրացիկ ու հարբեցող կանանց ՝ պառկած դիրքով: Հասմիկը մտահոգված էր նաեւ, որ Հայաստանում շատ-շատ են ծխում, ու նրա կարծիքով, ծխախոտի դեմ բավականաչափ պայքար չի տարվում այնպես, ինչպես, օրինակ, Դանիայում, որտեղ հիմնարկներում, անգամ ՝շենքերին մոտ տարածության վրա ծխել չի թույլատրվում, կան ծխելու համար սահմանված հատուկ տեղեր:Երբ նշեցի, որ հիմնարկներում պատերին փակցված են ծխելն արգելող հայտարարություններ, որ սահմանված են մեծ տուգանքներ ՝չարտոնված վայրերում ծխելու համար,  որ կան ծխախոտի վնասների մասին պատմող հոլովակներ,ասաց.,,Որեմն օրենքը չի աշխատում: Ուր գնում ես ՝ ծխում են. մեծ, փոքր, տեսնես ինչի՞ են էդքան շատ ծխում  երիտասարդները,,: Ես էլ իմ կողմից հռետորական հարցադրում արեցի .իսկ ի՞նչ ասես, երբ բացօթյա առեւտրի վայրերում ծխում են ՝կանանց ու երեխաների կողքով անցնելիս ու նրանց վտանգի ենթարկելիս. դա արդեն տարրական բարեկրթություն պակաս է, կամ ինչի՞նման է, երբ սննդամթերք վաճառողն սպասարկում է վառվող ծխախոտը ձեռքին: Ցավոք, նման դեպքերի համար տուգանք չկա, մինչդեռ այդ ճանապարհով էլ կարելի էր բյուջեն ,,լցնել,,: Սա նրանից է , որ մեր մոտ չկա բարքերի ոստիկանություն: Հասմիկի մտահոգությունը ՝ ամենուր ծխողներ տեսնելու առնչությամբ, հաստատվեց, երբ գողտրիկ մի սրճարանում, որտեղ զրուցում էինք հոկտեմբերի 9-ին ՝Վանաձոր այցելության երկրորդ հանդիպման ժամանակ, մի երիտասարդ,   մտնելով սրճարան ու տեղավորվելով սեղաններից մեկի մոտ, ծխախոտը հանեց ու սկսեց ծխել: ,,Տես, բա որ ասում եմ, հանգիստ ծխում է, ու մի հատ դիտողություն չեն անում աշխատողները,,: Այստեղ մի հարց առաջացավ ինձ մոտ. իսկ առհասարակ սրճարաններում թույլատրվու՞մ է ծխելը, չէ՞ որ կինոներում էլ մշտապես տեսնում ենք, որ  երիտասարդները, կանայք, սրճարաններում նստած ծխում են: Տրամաբանորեն, ենթադրվում է, թե պետք է ծխելն արգելվի նաեւ սրճարաններում կամ ՝ հատուկ ծխարաններ լինեն: ...Հոկտեմբերի 20-ին Հասմիկից ստացանք նամակ ՝Դանիայից, որտեղ ամբողջացրեց հայաստանյան այցից տպավորությունները. նրան զարմացրել էր, թե ինչո՞ւ օդանավակայանում տարադրամ դրամ մանրելիս ՝պարտադիր հայկական դրամ են վերադարձնում, արտարժույթը չեն մանրում:,,Օդանավակայանից արտասահման մեկնողին հայկական դրամ են վերադարձնում, արտասահմանում ի՞նչ է անելու այդ հայկական դրամը,,-գրում է զրուցակիցս :Վանաձորում գտնված ժամանակ Հասմիկի հետ պարզեցինք նաեւ մի զարմանալի իրողություն, այն է ՝ Վանաձորում չկա այպես կոչված ,,Սուվենիրի,, խանութ, որտեղից ցանկանում էր արտասահմանյան գործընկերների համար փոքրիկ հուշանվերներ գնել: Առանձնապես մեծ փնտրտուքներ չկատարեցինք, քանի որ եղանակը բարենպաստ չէր, բայց ՝ քաղաքի կենտրոնում նման խանութ չգտանք. դե այնպես, ինչպես նախկինում ,,Չինար,,խանութն էր, որտեղ գեղարվեստական իրերի արտադրանքն էր վաճառվում խորհրդային տարիներին: Ցանկանում էր անպայման ազգային խորհրդանիշ որեւէ հուշանվեր գտնել ՝ Դանիա տանելու համար, բայց ՝ փնտրտուքներն օգուտ չտվեցին: Հարց է ծագում, գեղարվեստական իրերի կոմբինատը, դիցուք, չի գործում, բայց չէ՞ որ կան ձեռքի աշխատանք կատարող, հուշանվերներ պատրաստող մարդիկ / ասեղնագործություն, մակրամե, փայտե փոքրիկ հուշանվերների պատրասրում, փայտի փորագրություն եւ այլ արհեստների տիրապետողներ /,  նրանցից ոմանք իրենց աշխատանքները ցուցադրելու համար ստիպված են Երեւան հասնել, մինչդեռ կարելի էր հուշանվերների վաճառք կազմակերպել  Վանաձորում /,,Արցախ,, պուրակի հոգեւոր գրատանն էլ նման նվերներ չէր գտել /: Ավելի ուշ ՝ մանրածախ առեւտրի կետերում, հազարումի ,,խնջիլքի,, արանքում հայտնաբերեցի տարատեսակ նկարներ, բայց ՝ ազգային խորհրդանիշ հանդիսացող որեւէ իր այդպես էլ չհայտնաբերվեց: Հետո էլ խոսում ենք տուրիզմի զարգացումից, երբ որ տուրիզմը խթանող գործոններից մեկն էլ խորհրդանիշ հանդիսացող հուշանվերների վաճառքը կազմակերպելն է ՝ պատշաճ մակարդակի վրա:                                                                                         ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                     

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն