четверг, 17 мая 2018 г.

Երկրին քաղաքական ,,սանմաքրում,, է պետք

Այն բանից հետո, երբ մայիսի 15-ին հերթական անգամ արձանագրեցի ֆեյսբուքում, որ Վանաձորի Լուսավորչի 38 հասցեում,բանկերի դիմաց  մայթը մշտապես լեփ-լեցուն է մեքենաներով, ու անցորդներն ստիպված են ավտոճանապարհով քայլել/ ՃՈ-ն էլ, որպես կանոն, չնկատելու է տալիս այդ օրինախախտումը/,եւ առհասարակ քաղաքում  հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ շարունակվում են  ապօրինաշինությունները՝տեղական իշխանության անտարբերության ներքո, թերեւս,ի պատասախան ոչ միայն այդ, այլեւ՝ նույն օրը գրած իմ մեկ այլ ֆեյսբուքյան հոդվածի առնչությամբ/ որ վերաբերվում էր ՀՀԿ-ի 20-ամյա տիրապետության օրոք տեղի ունեցող քաղաքական կոռուպցիային, պաշտոնների վաճառքին, եւ որում նշում էի, որ պետք է իրենց պաշտոններում թերացած, ապօրինություններ թույլ տված, մարդկանց խնդիրների հանդեպ անուշադրություն ցուցաբերած համայնքապետերը պաշտոնանկ արվեն՝նախքան նրանց պատասխանատվության են ենթարկելը, որպեսզի հնարավորություն չունենան վարչական լծակներն օգտագործելով հին, փորձված մեթոդներով նպաստել հեռացած իշխանության վերարտադրմանը՝ԱԺ նոր ընտրություններին/, երեկ երեկոյան տուն ուղեվորվելիս, իմ նկատմամբ կասկածելի հետապնդում նկատեցի՝մթնեցված ապակիներով մեքենայի կողմից/նման հետապնդումներ սովորաբար նկատվում են ռուսական կրիմինալ ֆիլմերի սցենարներում, իսկ այն, որ Վանաձորը վերջին 20 տարիներին մշտապես համարվել է կրիմինալ քաղաք, ոչ մեկի համար գաղտնիք չէ/։Ըստ այդմ, ստիպված էի ոչ միայն փոխել երթուղիս՝տհաճ զգացմունքից ու հետապնդումից ազատվելու նպատակով, այլեւ՝գրաֆիկական փոփոխություն կատարվեց բլոգային ազատ-անկախ ու ,,անտեր,, գործունեությանս ոլորտում։Ամենայն հավանականությամբ՝դա նախազգուշական միտում ուներ․այնպես, ինչպես տարիներ առաջ, վանաձորում Րաֆֆի Հովհաննիսյանի բազմամարդ  հանրահավաքից հետո, մի գործարար-քաղաքացի, որ զանգել էր իբր ներկայացնելու իր խնդիրը, նախապես հետաքրքրվեց, թե ,,իսկ որ ձեզ էսինչ տեղից զանգեն զգուշացնեն, որ իմ հոդվածը չտպեք, դուք կլսե՞ք նրանց,,/դե արի ու մի մտածի, թե հենց էդինչ տեղի հրահանգով էլ զանգել էր երեւի թե՝,,վախս չափելու,, ստուգողական նպատակով, որ ստուգեն,թե ի՞նչ դիրք կբռնեմ, եթե ինձ զգուշացնեն չլուսաբանել հանրահավաքը/այն, ի դեպ, լուսաբանեցի սույն բլոգում/,որովհետեւ երբ խնդրին ծանոթանալու համար առաջարկեցի հանդիպել մի իրավապաշտպան կազմակերպության գրասենյակում, ինքը հրաժարվեց, ասելով, թե ,,իրենք էլ են տեղյակ իմ խնդրից,,ու դրանից հետո այլեւս չզանգեց։

Այս համատեքստում հարկ եմ համարում տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանի՝վանաձորյան վերջին կարեւոր ու հաղթական հանրահավաքից 1-2 ժամ առաջ ինձ զանգահարեց մի քաղաքացի/տվյալ դեպքում նրա նշած անունը կարեւոր չէ, քանի որ այն կարող էր եւ իրականությանը չհամապատասխանել/, եւ տեղեկացրեց,թե ինձ որպես լրագրողի են ներկայացրել, եւ ցանկանում է իր խնդիրը ներկայացնել ինձ/ու իբր իմ հեռախոսահամարն իրեն տվել են․․․2 տարի առաջ/, եւ հատկապես հետաքրքրվում էր, թե արդյո՞ք այդ օրը ,,քաղաք եմ իջնելու,,/Վանաձորում տանից դուրս գալը երբեմն համարվում  է ,,քաղաք իջնել,,/։Կարճ կապելով, եւ տեսնելով, որ նա չի ցանկանում կոնկրետ ներկայանալ եւ կոնկրետ իր խնդիրը ներկայացնել, ասացի՝,,ոչ,,։Ու դրանից հետո վերջինս ներողություն հայտնելով՝ցած դրեց հեռախոսը։Հավանաբար, համապատասխան անձինք մտահոգված են եղել հանրահավաքի մարդաշատությունից, եւ փորձել պարզել եւ անգամ՝կանխել հնարավոր ակտիվիստների մասնակցությունը։Ցավոք պետք է արձանագրել, որ եթե հեղափոխության սկզբնական շրջանում ապահովության ու անվտանգության զգացում ունեի․այնպես, ինչպես ունեցել են մարդիկ՝ սովետական տարիներին, ապա վերջին օրերին եկա այն եզրակացության, որ երկրում դեռեւս փորձում է տեր ու տնօրեն լինել իշխանության հետ սերտաճած կրիմինալը,որից ազատվելու համար չի կարելի թույլ տալ, որ վարչական լծակները գտնվեն նախկին վարկաբեկված պաշտոնյաների, ժողովրդավարության թշնամիների ձեռքին, եւ միայն մարզպետերին ազատելով հարց չի լուծվի․պետք է հրաժարականներ ներկայացնեն կամ կառավարության անվստահությամբ աշխատանքից ազատվեն նաեւ այլեւս նախորդ, բայ՝դեռ դիրքերը չզիջող ռեժիմի ներկայացուցիչները։

Հարգելի Նիկոլ Փաշինյան․մեծարգո վարչապետ․

շնորհավորելով Ձեզ՝վարչապետի պաշտոնում նշանակվելու, քաղաքացիական հեղափոխության ոլորտում ժողովրդի աջակցության շնորհիվ ջախջախիչ հաղթանակ տանելու, եւ գերտերությունների կողմից շնորհավորանքների եւ միջազգային ճանաչման արժանանալու համար, միաժամանակ ցանկանում ենք նախկին գործընկեր-լրագրողի եւ հեղափոխության իրականացման գործում քաղաքացիական մասնակցություն ցուցաբերողի, քաղաքացիական հասարակության կայացման գործում ավելի քան 23 տարի շահագրիգիռ քաղաքացի եւ ակտիվ լրագրող լինելու իրավունքով հուշել, որ քաղաքական ,,սանմաքրումը,, պետք է ներառի նաեւ մարզերը, հանցագործ եւ ապօրինի որոշումներ կայացրած, երկրի ու համայնքի առաջընթացին չնպաստած, ժողովրդի հոգսերից կիլոմետրերով հեռու համայնքապետերը պետք է հեռացվեն համակարգից, իսկ նրանց ապօրինություններով զբաղվեն համապատասխան իրավապահ մարմինները՝չկոռումպացված շրջանակներից։Մի՞թե այդ մարդիկ ավելի հզոր են ,քան՝Բեռլուսկոնին, որ նախքան վերստին քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ստանալը, իր պատիժը կրեց ծերանոցում այլընտրանքային աշխատանքներ կատարելով։ՀՀ քաղաքացիներից գողացած եւ օֆշորներում պահ տված միլիոններով թող զբաղվեն/եվ զբաղվում էլ են/միջազգային կառույցները, իսկ ՀՀ նորաստեղծ իշխանությունը, հուսով ենք, կզբաղվի տեղական ,,մաֆիոզներով,,։Ժողովուրդն օգնում է Ձեզ,/որպես տերը այս երկրի, ում մասին Ձեր ելույթներում մշտապես նշում եք/,որպեսզի ոչ միայն ճիշտ կառավարեք, այլեւ՝ոգեորությամբ աշխատեք՝Ձեր թիկունքին զգալով ժողովրդի, քաղաքացիական հատվածի եւ առաջադեմ հանրության ուժը,ուստի Դուք էլ, հուսանք, որ կնպաստեք, որ այդ ժողովուրդն իրեն ավելի անվտանգ ու ապահով զգա չարիքի իշխանությունից դեռեւս կիսով չափ ազատագրված իր հայրենիքում։
Հուսով ենք, ավազակապետության կազմաքանդմանը հաջողությամբ ձենամուխ եղած Ձեր եւ Ձեր աջակիցների հզոր պայքարը կես-ճանապարհին չի մնա։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր,17․05․2018թ․

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն