суббота, 12 мая 2018 г.

,,Ողջույն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի,,

Թավշե հեղափոխությանը հաջորդեցին արդար դատավճիռները։Այսօր ստացա ապրիլի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած վճիռը՝իմ նկատմամբ ,,Վեոլիա,, ընկերության հայցով, որով դատարանից պահանջվում էր ինձնից բռնագանձել 33700դրամ՝որպես ,,պարտք,,/ներառյալ՝1500դրամ պետտուրքը/։Հիշեցնեմ որ ,,Վեոլիան,, իմ նկատմամբ արհեստական ,,պարտք,, էր ստեղծել՝2016թ․ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատված անհիմն ու Հանրային լսումներով չանցած ջրի վարձի առասպելական բարձրացման միջոցով։Այդ ակնհայտ ապօրինության մասին, որով ՀՀ շարքային քաղաքացիները ենթակա էին աղքատացման, սնանկացման եւ անգամ՝բնակարանից զրկվելու, վերջին մեկուկես տարում քանիցս էի ահազանգել․տարածքային կառավարման նախարարություն, ջրային ռեսուրսների պետական կոմիտե, ՀՀ նախկին վարչապետ ու նախկին նախագահ, արդարադատության նախկին նախարար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իրավապաշտպան կառույցներ, բայց՝պետական կառույցներում նստած մարմինները փոխանակ կանխեին այդ ապօրինի որոշումը, հանցավոր անտարբերություն էին ցուցաբերում, որից ոգեւորված՝,,Վեոլիան,, ,,գործի անցավ,, ու իմ դեմ դատական հայց հարուցեց՝ջրի վարձի արհեստականորեն ուռճացված ,,պարտք,, նկարելով՝9 ամսվա կտրվածքով/2017թվի հունվար-սեպտեմբեր/, որի առթիվ դատարանին համապատասխան առարկություններ ներկայացրի՝որպես ,,Հայցադիմումի պատասխան,,։Եվ ահա, փետրվարից ընթացքի մեջ համարվող դատական գործի քննությունն ավարտվեց՝ապրիլին, եվ այսօր ստացա դատարանի վճիռը, որում, անհիմն եւ անապացուցելի է համարվում ,,Վեոլիայի,, պահանջը, ասվում է․

,,Վեոլիա-ջուր,, ՓԲԸ հայցն ընդդեմ Գայանե Գեորգիի Հովսեփյանի՝գումարի բռնագանձման մասին, մերժել։Վճիռը չի բողոքարկվել եւ մտել է օրինական ուժի մեջ,,։

Այսպիսով՝ավարտվեց ,,Վեոլիայի,,ապօրինությունների դեմ իմ կողմից սկսված պայքարի առաջին փուլը․այժմ պետք է հասնել նրան, որ չեղարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն տխրահռչակ որոշումը, որով ,,Վեոլիան,, ջրի վարձն անջաչափ բաժանորդների համար 1100դրամից դարձրել էր 5400դրամ՝առանց հանրային լսումների, առանց այդ մասին հրապարակայնացնելու,պարզապես՝բաժանորդների հաշվեհամարներին փաթաթելով ու ահռելի ,,պարտքեր,, գոյացնելով։Սա ոչ միայն իմ հաղթանակն է, այլեւ՝թավշե հեղափոխության հաղթանակը՝արդարադատության համակարգում։

․․․Պատմական անդրադաձի կարգով էլ հարկ եմ համարում հիշատակել, որ սա արդարադատության համակարգում իմ տարած երկրորդ հաղթանակն է՝անկախության պատմության ժամանակաշրջանում․առաջինը՝1991թվին էր, երբ Կիրովականի ժողդատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ինձ աշխատանքից ազատեց՝գտնելով, թե իբր ես ,,ժամանակավոր,, եմ ընդունված եղել դատարանի գրասենյակում՝որպես գործավար, բայց արդարադատության նախարարին գրած բողոքից հետո՝մեկ ամսվա ընթացքում վերականգնվեցի աշխատանքում՝նախարարի կարգադրությամբ։Իմ ազատումն այն ժամանակ քաղաքական ենթատեքստ ուներ․ես դարձել էի ,,քավության նոխազ,,՝քանի որ քաղաքական ենթատեքստով կալանքի վերցված ու մաֆիայի ձեռամբ վրան գործ սարքված հորս վտանգի չենթարկելու նպատակով, ստիպված էի համաձայնել աշխատանքի ընդունման երկրորդ դիմումը գրել՝իբր ,,ժամանակավոր,,/որի արդյունքում նախկին նախագահը հնարավորություն ստացավ հիմնական հաստիքով աշխատանքի ընդունել իր մտերիմներից մեկին/,բայց՝արդարադատությունը հաղթանակեց այն բանից հետո, երբ Հայաստանն այդ օրերին անկախացավ․ իմ իրավունքների ոտնահարումը տեղի էր ունեցել անցումային շրջանում՝հնի ու նորի սահմանագծում, եւ եթե ընդդեմ Գորբաչովի ,,պուտչը,,՝գենսեկյան ծերուկների կողմից, հաղթեր՝հաստատ ես չէի կարող արդարադատության հույս ունենալ։Հիմա՝կրկին անցումային շրջանում է իմ իրավունքների ոտնահարումը վերականգնվում՝իշխանափոխության շրջանում։

Իրավական դաշտում մի հաղթանակ էլ ունեցել եմ 2001թվին, երբ ,,Արմենթելն,, իմ նկատմամբ կրկնակի վարձ էր ներկայացրել, եւ երբ այդ մասին ,,Առավոտում,,/որին թղթակցում էի/ հանդես եկա,սույն հիմնարկի ղեկավարությունից մեկը զանգեց ինձ եւ սկսեց սպառնալ դատախազությունով։Բայց հետո՝դատախազությունն ինքն ինձ հրավիրեց՝պարզաբանումներ ստանալու նպատակով, որպեսզի իմանա, թե արդյո՞ք կոռուպցիոն տարրեր չեն պարունակվում իմ գրած հոդվածում, ու ես ստիպված էի ուղեվորվել դատախազություն՝պարզաբանումներ ներկայացնելու․ներկա էր նաեւ ,,Արմենթելի,, ղեկավարության ներկայացուցիչը/գնալուց առաջ էլ ապահովության համար հարկ էի համարել թերթին տեղեկացնել, որ հրավիրված եմ դատախազություն/եւ, ի վերջո,դատախազությունը համոզվեց, որ հաշվարկները սխալ են եղել, ու դրանից հետո արդեն վարձերի գանձման ծրագրային ձեւը փոխվեց՝ի շահ բաժանորդների։Շատ լավ հիշում եմ, որ երջանկահիշատակ նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանը/որ Լոռու մարզում լրջորեն ձեռնամուխ էր եղել կոռուպցիայի դեմ պայքարին, եւ 2007թվին սպանվեց դավադիր ձեռքով/ այդ պարզաբանումների ժամանակ ,,Արմենթելի,, ներկայացուցչին ասաց․,,Եթե մենք 2 գրագետ մարդկանցով չենք կարողանում ջոկել ու դժվարությամբ ենք հասկանում, թե էս ինչ անընթեռնելի հաշվարկ է, բա շարքային քաղաքացիներն ի՞նչ կերպ են կարողանալու հասկանալ,,/այդ առթիվ հանդես եկա թե ,,Առավոտում,, եւ թե ,,Մամուլ եւ իրավունք,, տեղեկագրում/։

․․․Դատարանի վճիռն ստանալուց հետո ակամա հիշեցի մեծն Եղիշե Չարենցի տողերը․,,Ողջույն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի,,

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն