пятница, 5 августа 2011 г.

Որտե՞ղ է բնակվելու երեխաների մայրը




Վանաձորաբնակ Ալվարդ մարտիրոսյանը և նրա դուստրը` երաժիշտ-մանկավարժ Ինգան, սկսած 2006թ-ից դատարանի, դատախազության, ոստիկանության ու քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության բաժնի դռներն են “մաշում”: Այս գործի հետ կապված տարբեր դրվագների տարբեր ժամանակներում անդրադարձել են “Փակագիծ”, “Ժամանակ Երևան”, “Հրապարակ” օրաթերթերը: Ինգան փորձում է դատական ճանապարհով պաշտպանել իր և 2 նախադպրոցական տարիքի երեխաների` արժանավայել ապրելու իրավունքը: Նրա և նախկին ամուսնու հարաբերությունները եղել են ծայրահեղ լարված (այն աստիճան, որ ոստիկանությունն էլ է երբեմն միջամտել “ներընտանեկան” հարաբերություններին): Այդ ամենը հանգեցրել է ամուսնալուծության, և Ինգայի հետ բնակվող երեխաներին դատարանը ալիմենտ է որոշել` նախկին ամուսնուց: 2007թ. Վանաձորի դատարանը մերժել էր Ինգայի հայցը` իրեն և 2 երեխաներին բնակմակերես հատկացնել այդ երեխաների հորը պատկանող 4սենյականոց բնակարանից, որտեղից Ինգայի նախկին ամուսինը վռնդել էր նրան ու երեխաներին: Դատարանը պատճառաբանել էր սեփականաշնորհված բնակարանի` նվիրատվություն լինելու հանգամանքը, և այն, որ Ինգան այդ բնակարանում գրանցված չի եղել: “Դա էլ իրենց մեղքով է, դիտմամբ չեն գրանցել, չարությունը հասել է այն աստիճան, որ իր նոր կնոջը` մայրությունից զրկված, այս տարի գրանցել է, իսկ օրինական երեխաների մորը` Ինգային չէր գրանցում”,- դառնացած բողոքում է Ալվարդ Մարտիրոսյանը: Այս տարվա հունիսի 16-ին Վանաձորի դատարանը Ինգային և նրա 2 երեխաներին բնակության իրավունք հատկացրեց խնդրո առարկա բնակարանում (որտեղ Ինգային հաջողվել էր անձնագրային բաժնի միջոցով գրանցվել 2009թ.), բայց` մինչև երեխաների չափահաս դառնալը: Մինչ Ալվարդ Մարտիրոսյանը դժգոհում էր, թե “Բա չափահաս դառնալուց հետո որտե՞ղ են ապրելու էդ երեխաները”` բնակարանի տերը` Ինգայի նախկին ամուսինը, բողոքով դիմեց ՀՀ վերաքննիչ դատարան: ՀՀ վերաքննիչն էլ (դատավոր` Կ. Հակոբյան), կառչելով միմիայն սեփականության օրենքի տառից, սեպտեմբերի 14-ին Ինգա Մարտիրոսյանին վտարեց բնակարանից, երեխաներին “մեծահոգաբար” “ձեռք չտալով”: “Ի՞նչ է ստացվում, ուրեմն երեխաների մայրը նրանց դռան տակի՞ց է խնամելու, դատարանը պատճառաբանում է, թե սեփականության իրավունքի միջազգային կոնվենցիա կա: Բայց չէ՞ որ երեխաների իրավունքների կոնվենցիա էլ կա”,- դժգոհում է Ալվարդ Մարտիրոսյանը, իսկ Ինգան էլ վկայակոչում է քաղաքացիական օրենսգիրքը. “38 հոդվածի 2-րդ կետն ասում է, որ խնամակալը պետք է երեխաների հետ ապրի, իսկ վերաքննիչի դատավորը դա հաշվի չի առել”: Ալվարդ Մարտիրոսյանը, որ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում իր նեղվածք բնակարանում (որտեղ խնամում է նաև դիաբեդով հիվանդ 80-ամյա մորը), պատսպարել նաև Ինգային ու նրա երեխաներին, դժգոհում է, որ “հարգարժան” փեսան (այլևս նախկին) 5 ամիս է` ալիմենտ չի վճարում: Այդ առթիվ դիմել են Լոռու մարզի դատախազություն, որտեղից պատասխանել են, թե վերջինս “չի խուսափում” և գրավոր պարտավորվել է վճարել` “հնարավորության դեպքում”: “Դատախազությունն էլ իրենց է պաշտպանում, փոխանակ պարտավորեցնի վճարել”,- դժգոհում է Մարտիրոսյանը: Ի դեպ, Վանաձորի դատարանի հունիսի 16-ի վճռից հետո, երբ Ինգան ու երեխաները բնակության իրավունք ստացան, բնակարանի տերը` Ինգայի նախկին ամուսինը (որն այդտեղ չէր բնակվում և տևական ժամանակով մեկնել էր Ռուսաստան), պահանջել էր դադարեցնել բնակարանի գազամատակարարումը, և այն վերականգնվեց միայն այն ժամանակ, երբ գործին միջամտեց “Կանանց իրավունքների կենտրոն” վանաձորյան ՀԿ-ն և Լոռու մարզի դատախազությունը:
ՀՀ սահմանադրությամբ, երեխաների իրավունքների օրենքներով, Ինգայի երեխաներն էլ ունեն արժանավայել ապրելու, լիարժեք դաստիարակություն ստանալու իրավունք, որ կարող է իրականացվել նախ և առաջ մայրական հոգածության շնորհիվ: Ինչպե՞ս կարող է երիտասարդ կինը կատարել իր մայրական պարտականությունները, եթե դրանք ամենակոպիտ ձևով ոտնահարվում են տարիներ շարունակ, և դրան նպաստում է նաև օրենքի անկատարությունը: Ա. Մարտիրոսյանը վկայակոչում է, որ Ռուսաստանում բնակարանի սեփականության օրենքում փոփոխություններ են կատարվել` հօգուտ կանաց ու երեխաների (ի տարբերություն Հայաստանի): Հարցիս, թե դիմե՞լ է արդյոք որևէ օրենսդիր մարմնի կամ պատգամավորի` հիշյալ օրենքի անկատարության հարցով, Մարտիրոսյանը պատասխանեց. “Պատգամավորի երես ե՞նք տեսնում, որ բան հարցնենք”: Նա անգամ չէր հիշում, թե ով է իրենց ընտրատարածքի պատգամավորը: Օրերս Վանաձորում “բռնեցրել” է “Ժառանգության” համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, որն էլ պատճառաբանել է, թե իրենք (այսինքն այն հանձնաժողովը, որի կազմում աշխատում է) իրավական հարցերով չի զբաղվում: Այժմ Ալվարդ Մարտիրոսյանը պատրաստվում է դիմել ՀՀ օմբուդսմենին, ՀՀ արդարադատության խորհուրդ, Վճռաբեկ դատարան, բայց վստահ չէ, թե վճռաբեկը գործը կընդունի որպես վարույթ: Ի դեպ, տեղին կլիներ, եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (որ 2-3անգամ այցելել է Վանաձոր), բնակչության հետ էլ հանդիպեր, նրանց բողոքները լսեր, նամակներ վերցներ, և ոչ թե սահմանափակվեր մարզպետարան-քաղաքապետարան կառույցների ու մի քանի ՀԿ-ների հանդիպելով (ընդ որում, հաճախ այդ հանդիպումներին ներկա են գտնվում այնպիսի ՀԿ-ներ, որոնք իրավապաշտպանության կամ իրավաբանության հետ հեռավոր առնչություն անգամ չունեն):
Հոկտեմբերի 20-ին մեզ զանգահարեց Ալվարդ Մարտիրոսյանը և տեղեկացրեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը` Ինգա Մարտիրոսյանին ամուսնու բնակարանից վտարելու մասին, բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: Նաև տեղեկացրեց, որ Ինգայի երեխաների հայրը հիմա էլ նոր հայց է ներկայացրել Վանաձորի դատարան, պահանջելով, որ 2006-2010թթ. ժամանակահատվածում իրեն պատկանող բնակարանում իբր “ապօրինի” բնակվելու համար Ինգայից գումար բռնագանձվի` իր օգտին: Հայցվորը` Ինգայի նախկին ամուսինը, պատճառաբանել է, թե այդ ժամանակահատվածում, երբ ինքը Ռուսաստանում էր, կարող էր իր բնակարանը վարձով տալ, ուստի նախկին կնոջից պահանջում է իր “կորցրած” գումարի փոխհատուցում` ամսական 35-60 հազար դրամի չափով: “Նրան այդօրինակ անհեթեթ քայլերի է մղում իր փաստաբանը: Ո՞վ է տեսել, որ ամուսինը իր երեխաների մորից բնակարանի վարձ պահանջի: Ինգայից բաժանվելուց հետո ինքը իր առևտրի օբյեկտը փոխանակել է 2 տարբեր բնակարանների հետ, դրանք վաճառել, էդ փողերով գնացել Ռուսաստան, հետո եկել, կնոջն ու երեխաներին բնակարանից վռնդել, հիմա մեզնից գումար է պահանջում: Եվ զարմանալին այն է, որ Վանաձորի դատարանը այս հայցը վարույթ է ընդունել ու մեզ ծանուցագրով տեղյակ պահել, դատական նիստը նշանակված է նոյեմբերի 26-ին”,- տեղեկացրեց Ինգայի մայրը` Ա. Մարտիրոսյանը, մեզ հետ հեռախոսազրույցում: Ավելի ուշ տեղեկացանք, որ առաջին ատյանի դատարանը այնքան խելամիտ է գտնվել, որ Ինգայի նախկին ամուսնու ներկայացրած այդ արտառոց պահանջը մերժել է: Ինչ վերաբերվում է բնակարանի գործի հետագա ընթացքին, հավելենք, որ սույն գործը, որի առթիվ հրապարակում եղել է նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի “Դիտորդ” տեղեկագրի 2010թ. 13 համարում, անցել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանով ատյաններով և մնացել անփոփոխ` ի վնաս Ինգա Մարտիրոսյանի: Իսկ Եվրոդատարանի Վանաձորի ներկայացուցչությունից Ի. Մարտիրոսյանին ասել են, որ իմաստ էլ չունի այդ գործը Եվրոդատարան բողոքարկելը, ինչը կհանգեցնի անտեղի ֆինանսական ծախսերի:


Գայանե Հովսեփյան 05.08.2011թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն