вторник, 30 августа 2011 г.

Ու՞մ համար չեն գործում օրենքները

Հայաստանում օրենքներն առավելապես աշխատում են ի վնաս ընդդիմության, քան` ի շահ հասարակության շահերի: Շարքային զազրախոսներին, որպես կանոն, քիչ են ուշադրություն դարձնում օրինապահները: Թերևս, այդ զազրախոսներից, մարդկանց լսելիքը աղավաղողներից օգուտ չկա, քանի որ նրանց համար մեկ է, թե առավոտյան որտեղ կարթնանան. սթափարանու՞մ, թե՞` ինչ-որ ծառի տակ: Բայց այ զազրախոսության հոդվածը հարկ եղած դեպքում, եթե դա պետք է ընդդիմության ակտիվիստների աչքը վախեցնելու համար, կարելի է փաթաթել նույն ակտիվիստների գլխին: Ապացույցներ` որքան ասես, որոնք առանձին-առանձին մատնանշելը արդեն լուրջ հետաքննություն է: Իսկ այն, որ օրենքներն ի շահ հասարակության առավելապես չեն գործում, բերեմ մի թարմ օրինակ: Վանաձորի Երկաթուղայինների այգու սրճարաններից մեկում` նախկին «Բուրատինո» ռեստորանի հարևանությամբ, արդեն վատ ավանդույթ է դարձել մինչև կեսգիշերվա ժամը 2-ը հնչող երաժշտությունը` ի լուր շրջակայքի բնակիչների, որոնք այդ ժամին, բնականաբար, ունեն հանգստանալու իրավունք (հերթականը օգոստոսի 29-ին էր): Առավել դատապարտելի է, երբ բարձրագոչ երաժշտությունը զուգակցվում է սրճարանից հնչող աղմուկ-աղաղակով, հայհոյանքներով, որոնք վկայում են, որ այդտեղ նաև «ռազբորկաներ» են տեղի ունենում, որոնք շարունակվում են նաև սրճարանից դուրս, փողոցում: Զարմանալի է, որ այդ ժամին որևէ ոստիկան չի հայտնվում (թեպետ այնքան էլ զարմանալի չէ, քանի որ վերջիններիս հերթապահությունը մինչև ժամը 24-ն է): Ստացվում է, որ մեկ առանձին վերցրած սրճարանում գործում են առանձին օրենքներ: Այդ նույն սկզբունքով ՀՀ օրենքները հաճախ չեն գործում ահռելի արագությամբ սլացող արտասահմանյան մեքենաների վրա, բայց այ, «խեղճուկրակ» «Ժիգուլիներին» ու «Մոսկվիչներին» ճանապարհային ոստիկանների կողմից շուրջկալի ենթարկելու դեպքերը հաճախակի են: Մինչդեռ օր չկա, որ առնվազն մայրաքաղաքում վթարներ չարձանագրվեն, որոնք տեղի են ունենում ավելի հաճախ արտասահմանյան մեքենաների` միմյանց բախվելու արդյունքում, և եթե ժամանակին նրանց նկատմամբ օրինապահներն անհրաժեշտ ուշադրություն ցուցաբերեին, վթարներ հաստատ տեղի չէին ունենա: Ի դեպ, օրենքները չեն գործում նաև Վանաձորի կենտրոնական շուկայում, որի ներսում ու շրջակայքում հաճախ կարելի է տեսնել թափառող կենդանիների: Ո՞վ պետք է կանխի այդօրինակ երևույթները: Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ վաճառվող մսի ու պանրի կողքին բաց երախով գամփռներ պտտվեն: Թերևս, առանց դնչկալի շների հարցերով միայն մայրաքաղաքում են զբաղվում. այն էլ` եթե այդ թեման նպաստում է ընդդիմության ակտիվիստների հետ վիճաբանություն սկսելուն:

Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն