вторник, 9 августа 2011 г.

Ի՞նչ է պետք իշխանափոխության համար

Ժամանակ առ ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը մի “օրիգինալ” միտք է հայտնում, որ հիշեցնում է հայտնի հեքիաթը` “Ով էնպիսի սուտ ասի, որ ասեմ` սուտ է, թագավորությանս կեսը կտամ” նախապայմանով: Նմանատիպ հերթական միտքը պատկանում էր Վազգեն Խաչիկյանին, որ օրերս հայտարարեց, թե Հայաստանում դեռևս չի գրանցվել սովամահության դեպք (հավանաբար, նկատի ուներ ներկայիս իշխանությունների ժամանակաշրջանը): Սա համարժեք է նրան, որ քաղաքական որոշ ուժեր ասում են` “Հայաստանում քաղբանտարկյալներ չկան”: Եթե մարդը թերսնվում է, հիվանդ է, կամ կենցաղային բազում հոգսերի հետևանքով սթրեսների մեջ է ընկնում ու սրտանոթային հիվանդություններ ձեռք բերում և օր-օրի թանկացող դեղեր գնելու փող չունի ու դրա հետևանքով մահանում է, մի՞թե դա համարժեք չէ սովամահության: Վանաձորում մշտապես կարելի է տեսնել աղբարկղ քրքրողների (որոնց թվում` թոշակային տարիքի մարդիկ), եթե նրանք բավարար եկամուտներ ունենային, հազիվ թե այդ անպատվաբեր ու հակահիգիենիկ գործով զբաղվեին: Խաչիկյանը նաև նկատում է, որ թոշակառուների մի մասին օգնում են “դրսում” գտնվող բարեկամները. ահա թե ինչու են իշխանությունները կանխամտածված ձևով արտարժույթի կուրսը գցում. չէ՞ որ “դրսից” անընդհատ փողեր են գալիս, դե ուրեմն` թող ավելի շատ գան` արժեզրկումը փոխհատուցելու նպատակով (Ռուսաստանում դոլարի կուրսը բարձրանում է, Հայաստանում դոլարի, եվրոյի ու ռուբլու կուրսն` իջնում): “Դրսում” գտնվողները հո չե՞ն թողնի, որ Հայաստանի իրենց հարազատները սովամահ լինեն: Հավանաբար այսպիսին է իշխանության ներկայացուցչի “փիլիսոփայությունը”, որ մայիսի 29-ին արժանի հակահարված ստացավ “Ազատություն” ռ/կ-ի “Ունկնդրի ձայն” հաղորդման ընթացքում` մի խումբ զայրացած թոշակառուների կողմից: Մի “օրիգինալ” միտք էլ ավելի վաղ “Հանրապետական” Ռազմիկ Զոհրաբյանը հայտնեց. այն է` իշխանափոխության համար հիմքեր չկան: Եթե Խաչիկյանի ու Զոհրաբյանի մտքերը համադրենք, ապա կստացվի, որ իշխանափոխության անհրաժեշտություն չկա, քանի որ Հայաստանում սովամահության դեպք չի գրանցվել: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ պետք է լինի, որպեսզի իշխանափոխության անհրաժեշտություն լինի: Երկիրը կեղեքվում է սոցիալական անարդարությունից ու կոռուպցիայից, ամենակուլ վարձերը խժռում են մարդկանց նվազագույն եկամուտները, արտագաղթը շարունակվում է, աշխատատեղերը պակասում են, պետական կամ ՏԻՄ համակարգում եղած աշխատատեղերը գերակշիռ մասն էլ “սեփականաշնորհվածի” կարգավիճակում են, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ “տաքուկ տեղերից” աղաղակում են, թե իշխանափոխության անհրաժեշտություն չկա: Եթե պետությունը թոշակառուների հոգսը ցանկանար մի փոքր թեթևացնել, գոնե նրանց խորհրդային տարիների խնայբանկի ավանդները կփոխհատուցեր, և ոչ թե` նախապայմաններ կսահմաներ. 50 տարվա աշխատանքի վետերանն իր ավանդը չի կարողանում ստանալ, ինչ է թե` “միայնակ” նպաստառու չի, կամ 70-նն անց թոշակառուն չի հասցնում ավանդն ստանալ` մահանում է, բայց նրա ժառանգներն էլ այդ ավանդը ստանալու իրավունք չունեն: Իչպես լոռեցիները կասեին` “հազար ու մի ֆլան-ֆստան” են հորինել, որ ինչքան հնարավոր է` քիչ փող դուրս գրեն: Եթե անգամ 70-ն անց մարդը չի կարողանում ստանալ ավանդը, ավելի երիտասարդները, որոնց համար էլ ժամանակին ծնողներն են ավանդներ ներդրել, էլ ի՞նչ ակնկալիքներ ունենան: Ի դեպ, վերջին օրերին Վանաձորի թոշակառուները հետնոկաուտային վիճակում են. շաքարավազի գինն առևտրի որոշ կետերում 1կգ-ի մեջ 50 դրամով իջել է` կազմելով 300 դրամ (թեպետ, նախորդ տարիների համեմատ այդ գինը բարձր է): Թերևս, այս “էժանացումը” բացատրվում է նրանով, որ վերջերս հեռուստաալիքներից մեկը մեղադրեց ՏՄՊՀ-ին, որ շաքարավազի գինը Հայաստանում բարձր է, մինչդեռ համաշխարհային շուկայում այն արդեն մի քանի ամիս է` իջել է: Փաստորեն, ժողովրդին մի լավ կողոպտելուց հետո իշխանությունները նոր են “գլխի ընկել”, որ համաշխարհային շուկայում շաքարավազի գինն իջել է: Եթե անգամ ՏՄՊՀ-ն տուգանքներ սահմանի` “անբարեխիղճ տնտեսվարողների” նկատմամբ, միևնույնն է, դրանից ժողովրդի կորցրածը ետ չի գա:

Գայանե Հովսեփյան, "Հրապարակ", 02.06.2010թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն