среда, 24 августа 2011 г.

Որքա՞ն կարելի է կեղեքել ժողովրդին

Հանրապետական վիճակագրական ծառայությունը օգոստոսի սկզբին հերթական ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց հուլիս ամսվա կտրվածքով` նշելով և չնչին գնանկման մասին, և ավելի մեծ գնաճի: Բայց իշխանամետ հոռուստաալիքները նախ ահեղագոչ անոնսով ազդարարեցին գնանկման մասին, այնուհետ մի թեթև` գնաճի: Այժմ ներկայացնենք մեր ուսումնասիրության արդյունքները: Հուլիսից սկսած վանաձորյան շուկայում կրկին բարձրացել է պանրի գինը, որ մարտից սկսած` նվազելու միտում էր ցուցաբերում: Եթե մայիս-հունիս ամիսներին ոչխարի պանրի գինը 1200 դրամ էր, ապա հուլիսից կրկին դարձել է 1500-1800 դրամ, իսկ “Լոռին” ու “Չանախն” էլ` 1800-2200 դրամ: Պանրավաճառներն իրենք էլ չգիտեն թանկացման պատճառը, պարզապես երկիմաստ ժպտում են` ուսերը թոթվելով: Ենթադրվում է, թե պանիր արտադրող ընկերությունները ՏՄՊՊՀ հին տուգանքները մուծել են, և հիմա նոր թանկացումներ են անում, որ “տակից դուրս գան”: Եվ մինչ ժողովուրդը ստիպված էր այս թանկացումն էլ “մարսել”, օգոստոսի 23-ին ժողովրդին նոր թանկացում հրամցվեց. շաքարավազի 1կգ-ն, որ 1 տարի էր “լռվել-մնացել էր” 370-380 դրամ բարձր գնի վրա, հասավ 440-450 դրամի: Հիշեցնենք, որ Ռուսաստանում շուրջ 2 ամիս է շաքարավազի գինը պարբերաբար իջնում է: Նմանապես կաթնամթերքի գինն է Ռուսաստանում իջել: Ի՞նչ է, Հայաստանում կովե՞րն են պակասել, թե՞ կովերի խոտն է քչացել: Նմանապես Ռուսաստանում ու Ուկրաինայում 2 ամիս է` հնդկաձավարի գինն իջել է, մինչդեռ Հայաստանում հնդկաձավարի 1 կգ-ն 1000 դրամի վրա “կայունացել” է: Ի դեպ, օրերս “Միր” հեռուստաալիքը նշեց, որ հավկիթների և հավի մսի բարձր գնի առումով Հայաստանը ԱՊՀ երկրների թվում 3-րդ պատվավոր տեղում է (Ադրբեջանից ու Ուկրաինայից հետո): Ի տարբերություն նախորդ տարիների, այս ամռանը հավկիթների գինը 40-50 դրամից չիջավ: Մինչդեռ վիճվարչության տվյալներով, իբր, հավկիթների գինն իջել է: Իսկ ամենացավալին այն է, որ ծիրանի երկիր Հայստանում ծիրանը դարձել էր ոչ այնքան հասանելի` շարքային սպառողի համար, ինչը խիստ մտահոգել էր անգամ քաղաքական կանխագուշակ Ահարոն Ադիբեկյանին: Մինչ հայրենի մթերողները հունիս-հուլիս ամիսներին մեծաքանակ ծիրան էին արտահանում Ռուսաստան, ու պաշտոնապես հայտարարում, որ 7000 տ ծիրան է արտահանվել (իսկ մեծածախ գնումները կատարվում են 1 կգ-ն 100 դրամի հաշվարկով), շարքային սպառողի համար շուկայում ծիրանի գինը 400-1000 դրամ էր: “Ծիրանի ընտիր տեսակն արտահանում են, խլամն ուղարկում շուկա, կարգին ծիրան չկա, եղածն էլ` անորակ ու թանկ, մանր”, - դժգոհում էին վանաձորցիները: Կարճ ասած` շարքային սպառողը մնացել էր կիսախակ ու լխկած ծիրանի հույսին, իսկ մոսկվաբնակները հեռուստաեթերից “ջիջիլ էին անում”` ընտիր ծիրան գովազդելով: Ենթադրվում է, թե մրգի պահածոյացման շրջան է, ուստի շուկայական “մաֆիան” որոշել է առիթն օգտագործել` շաքարավազի գինը միանգամից բարձրացնելով: Մինչև ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրի, մի քանիսին տուգանի, օլիգարխները մի լավ կհարստանան, իսկ այդ տուգանքները հազիվ թե ժողովրդի “ցավին դարման անեն”:Փաստորեն, մինչ իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսում են, այդ նույն իշխանության հենարան կազմող օլիգարխները ծիծաղում են ժողովրդի վրա` վերջինիս գլխին պարբերաբար թանկացումներ “սարքելով” ու գները դարձնելով “աչքին սովոր մակարդակի”: Մինչդեռ թվում էր, թե երկխոսության գործընթացը կարող էր փոքր-ինչ չափավորել օլիգարխների ախորժակը” Ուրեմն էլ ի՞նչ օգուտ ժողովրդին այդ երկխոսելուց:
…Հարապետական վիճակագրական ծառայությունը սեպտեմբերի 1-ին հերթական անգամ զարմացրեց հայ հանրությանը` իր ուսումնասիրության արդյունքներով. ինչն էժանացել է` թանկացված ներկայացրեց, ինչը թանկացել է` էժանացած: Օրինակ, հավաստվեց, թե կաղամբի ու կարտոֆիլի գները բարձրացել են, մինչդեռ ճիշտ հակառակն է. կարտոֆիլի գները մայիսից հետո իջել ու “կայունացել” են 80-200 դրամի վրա, կաղամբինը` 50-80 դրամ: Միաժամանակ շարունակում են պնդել, թե հավկիթների գինն իջել է, այն դեպքում, երբ դրանց գները 50-65 դրամից ամենևին չեն իջնում (բացառիկ դեպքերում կարելի է “ստվերային” հավկիթների հանդիպել 30-40 դրամով. դրանք առանց մակնշման են): Պանրի կողքով էլ “սուսուփուս” անցավ, մինչդեռ այս ոլորտում էլ է պատկառելի թանկացում, ինչպես վերը նշեցինք: Թեյի թանկացումն էլ ներկայացվեց 1 տարվա կտրվածքով, մինչդեռ շուրջ 2 տարի է` թեյը գրեթե կրկնակի է թանկացել և 1 տարի է` նույն բարձր գնի վրա կայունացել: Էլի բարեբախտություն է, որ շաքարավազի թանկացումը արձանագրվեց. թեպետ` դրանից սպառողները ոչինչ չեն շահում: Ի վերջո մինչև ե՞րբ պետք է այս ոլորտի մենաշնորհային լինելու արդյունքում ժողովուրդը տուժի, իսկ ժողովրդի հաշվին միլիոններ դիզող օլիգարխը հարստանա ու դեռ մի բան էլ ՏՄՊՊՀ-ի տուգանքներից խուսափի` դատարան բողոքարկելով և գների անհիմն բարձրացումը պատճառաբանի համաշխարհային շուկայի գներով, ինչը քանիցս հերքվել է` իրականությանը չհամապատասխանելու պատճառով:
Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն