вторник, 2 августа 2011 г.

Ինչու՞ չի իջնում հեռախոսավարձը

Ավելի քան 3 տարի է, “Արմենտել” ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կայուն հեռախոսավարձ են մուծում` 1100 դրամ, որ դեռևս ներդրվեց հույների “տիրապետության” օրոք: Հետաքրքիր է, ո՞րն է այս թանկացած հեռախոսավարձի իմաստը (ՀՀ դրամի` 3 տարվա արժևորման պայմաններում), եթե զուգահեռ էլ րոպեավճար է գանձվում` տեղական խոսակցությունների համար: Իսկ այդ արժեքի մեջ մտնող 1-09 ծառայությունը շարունակում է անհասանելի մնալ բաժանորդների մեծ մասին, և անհասկանալի է, թե ինչու է այդ ծառայությունը կենտրոնացվել մայրաքաղաքում: “Ով է տեսել, Վանաձորի այսինչ հիմնարկի կամ այնինչ քաղաքացու համարն իմանալու համար Երևան զանգենք, բայց էլի չկարողանանք կապվել”,- իրավացիորեն դժգոհում են նրանք, ովքեր այդ ծառայության հեռախոսառոբոտի հրահանգները ճշտությամբ կատարում են (“Հայերենի համար սեղմեք 1”-ից սկսած), բայց չեն կարողանում օգտվել տեղեկատու ծառայությունից: Մինչդեռ ընդամենը 3-4 տարի առաջ այդ հեռախոսահամարից հայերեն լեզվով պատասխանում էին քաղաքացիների հարցերին, և տրամադրում պահանջվող հեռախոսահամարը: Մարդիկ ենթադրում են, որ դիտմամբ է 1-09-ը դժվար հասանելի դարձել, որպեսզի շատերը հնարավորություն չունենան այս կամ այն հիմնարկի հեռախոսահամարն իմանալ և պետական պաշտոնյաներին չանհանգստացնեն իրենց խնդիրներով: “Արմենտելի” ռուսաստանցի սեփականատիրոջ օրոք մի նոր ծառայություն ներդրվեց` 1-15, որ բաժանորդներին տեղեկություններ է տրամադրում հեռախոսային պարտքի մասին, բայց այդ հեռախոսահամարը շուրջ 2 շաբաթ է` Վանաձորում անհասանելի է դարձել շատերի համար, քանի որ համակարգչային ծրագիրը փոխվել է, և ռոբոտի կողմից առաջադրվող “տեստերի” թիվն ավելացել, այն էլ` ռուսերեն: Այդուհանդերձ, այդ հրահանգները կատարելու պայմաններում էլ բաժանորդը չի կարողանում իմանալ, թե որքան է կազմում իր հեռախոսային պարտքը (թեպետ, հեռախոսառոբոտը նրան ռուսերեն շնորհակալություն է հայտնում չմատուցած ծառայության համար և ասում, որ ժամանակն սպառվել է), և ստիպված ուղևորվում է “Արմենտելի” Լոռու սպասարկման բաժին: Իսկ այդտեղ ավելի հաճախ հերթ է, քանի որ համակարգիչներից մի քանիսը մշտապես պարապուրդի են մատնված: Հունիսի 16-ին մեր այցելության պահին մի պատկերավոր ցուցանակ էր փակցված հեռախոսավարձի գանձման բաժնում. “Չեմ աշխատում”, և, քանի որ բաժնի 3 համակարգիչների աշխատողները դեսուդեն էին գնում ու արդեն մի քանի օր հավաստում, որ “էս բաժինը չի աշխատում, գնացեք էն կողքի բաժինը”, տպավորություն էր ստացվում, թե այդտեղ գործադուլ է: Իսկ “կողքի բաժինն” էլ վարձ չէր գանձում, այլ միայն` խորհրդատվություն էր տրամադրում և տվյալներ` խոսակցությունների պարտքերի վերաբերյալ: Վարձ մուծել ցանկացողներին խորհուրդ էին տալիս ուղևորվել “Հայփոստ” կամ բանկ: Այն հարցին, թե ինչու՞ 1-15 ծառայությունը 2 շաբաթ է` անհասանելի է, աշխատակիցները պատասխանում էին. “Չգիտենք”, “Հավանաբար տեխնիկական խնդիր է”: Ի դեպ, մարդիկ նաև դժգոհում են, որ երկար ժամանակ հերթ կանգնելուց հետո հանկարծ հայտարարվում է, թե “ծրագիրը չի աշխատում”, կամ` մասնագիտական տերմինով ասած` համակարգիչը “կախում է”: Եվս մեկ նոր ծառայություն է ներդրվել, որ պարզապես խայծ է` քաղաքացիներից հնարավորինս շատ գումար կորզելու համար: “Զանգահարիր արտասահման” կոչվող այս ծառայությունը նախատեսում է, որ համապատասխան թիվ և աստղանիշ սեղմելու դեպքում միջազգային կոդը պետք է հաշվարկվի մի քանի անգամ էժան, բայց դժգոհություններ կան, որ աստղանիշ սեղմելու պարագայում էլ բարձր սակագնով է կոդը հաշվարկվում: Այսինքն մարդիկ աստղանիշի հանգամանքով ոգևորված ավելի շատ են խոսում, հուսալով, որ կապն էժան է, բայց հաջորդ ամսում փաստի առաջ են կանգնում, հասկանալով, որ աստղանիշի տարբերակը չի գործել: Անկեղծ ասած, հույս չունենք, թե “Արմենտելի” թարգմանիչները հասարակությանը հուզող վերոնշյալ խնդիրների մասին կտեղեկացնեն ռուս տնօրինությանը: Թեպետ այդ խնդիրներին տեղեկացված լինելը պետք է բխի նաև “Արմենտելի” ղեկավարության շահերից. չէ՞ որ ֆիքսված հեռախոսակապի 2-րդ օպերատորի մուտքն է նախատեսվում Հայաստան, որ, միգուցե, ավելի էժան լինի և ավելի հասանելի ծառայություններ կունենա: Իսկ ընդհանրապես, կարծում ենք, այնքան էլ տեղին չէր կապի համակարգի սեփականաշնորհումը, այն էլ` օտարերկրյա ներդրողի կողմից: Հարկ է հիշատակել, որ 1995-99թթ. կառավարության ծրագրում (Աժ տեղեկագիր թիվ 1-2, 1995թ.) ամրագրված է, որ որպես պետական սեփականություն կպահպանվեն էներգետիկայի, կապի օբյեկտները, երկաթուղին, օդանավակայանները և այլ կառույցներ: Թերևս այն ժամանակվա կառավարությունը չհասցրեց հետևել իր իսկ ծրագրին` 1998թ. իշխանափոխության պատճառով:


Գայանե Հովսեփյան “Հրապարակ” 20.06.2010թ.

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն