среда, 24 августа 2011 г.

Գրական հայերենը հարմարեցնու՞մ են պաշտոնյաների խոսելաձևին

Փոխանակ մտածեն, որ խորհրդարանում գրագետ պատգամավորներ հայտնվեն, և առհասարակ որոշ պաշտոնյաներ սովորեն ամբիոնից խոսել գրական հայերենով, ինչ-ինչ շահագրգիռ ուժեր որոշել են “նոր գրական հայերեն” ստեղծելու պատճառաբանությամբ, թերևս, հայերենը հարմարեցնել այդ պաշտոնյաների խոսելաձևին: Պատճառաբանում են, թե Հովհաննես Թումանյանն իր ստեղծագործություններում “է” օժանդակ բայի փոխարեն “ա” էլ է օգտագործել, կամ Կոմիտասն ասել է` “Գարուն ա, ձուն ա արել”: Չէ՞ որ Թումանյանը այդ խոսելաձևն օգտագործել է երբեմն չափածոյի մեջ, իսկ Կոմիտասն էլ` ժողովրդական երգում: Մնում է ժարգոնը դարձնենք գրական հայերեն, ու այսուհետ ԱԺ նախագահն ամբիոնից սաստելով ասի` “3-րդ խոսափող, դուս չգաս, խոսալու կա” (ինչպես “Արմենիայի” հեռուստասերիալներից է պարբերաբար հնչում), կամ` “Ու՞ր ես կորում, արա, քանի սեսիայա` չկաս”, կամ միջանցքում հավաքված պատգամավորներին ասի` “Արագի մեջ անցեք դահլիճ” (այս արտահայտությունները պարզապես մարդկանց ուղեղներն “արդուկում” են սերիալներից` “արագի մեջ”, “վռազի մեջ”, “խոսալու կա”, “ձև չկա”): Այս համատեքստում բերեք մի “նորուցուն” էլ կիրառենք` “թյուն” վերջածանցի փոխարեն պաշտոնական գրություններում առաջարկենք օգտագործել նաև “ցուն” (“տգիտուցուն”, “իշխանուցուն”, որպեսզի “ցունով” “ականջ սղոցող” նախարարներից մեկը շատ չնեղվի): Կամ ռուսերենի նման “ь” կիրառենք ու ասենք` “լյավ”, “հովանյավոր” (նշենք, որ հենց այս առոգանությունն էլ հաճախ է հնչում հեռուստաեթերից, ընդ որում անգամ` հաղորդավարուհիների կողմից): Եվ եթե “ь” կիրառում ենք, “ъ” էլ կիրառենք ու գրենք “Եվռոպա”, “եվռո”, որոնք հաճախ են հնչում: Հետաքրքիր է, մեկը նախագծում է արևմտահայերենը դարձնել ուղղագրության ձև, մյուսն առաջարկում է գրական հայերենը նորացնել (դե բերեք բանտային լեզուն էլ գրականի մեջ տեղավորենք), փոխանակ մտածեն նախ և առաջ լեզվական աղավաղումները եթերից վերացնելու մասին: Թերևս այդօրինակ առաջարկներ ներկայացնելը նաև նպատակ է հետապնդում ինչ-ինչ դրամաշնորհային ծրագրեր “կորզել”:

Գայանե Հովսեփյան

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն