пятница, 11 апреля 2014 г.

Բաց նամակ ՝ ավագ գործընկերոջ իրավունքով

 Հարգելի Էդուարդ Արզումանյան, ես, որպես Lorinews.com / որ վերանվանվել է  lorinews.am  /ֆեյսբուքային խմբում ձեր իսկ նախաձեռնությամբ գրանցված անդամ / շնորհակալություն դրա համար /,  մարտի 25-ին Բաց նամակ տեղադրեցի  այդտեղ ՝ համատիրությունների թեմային առնչվող: Դրանից հետո դուք նույն օրը պատրաստակամություն հայտնեցիք նամակը ձեր իսկ նախաձեռնությամբ տեղադրել նաեւ  ձեր կողմից համակարգվող համանուն կայքում / ինչն ինձ առանձնապես ոչ մխիթարում էր, ոչ ՝ ոգեւորում / : Սակայն մի քանի օր անց , ձեր կայքում չտեսնելով այդ նամակը / այլ միայն ՝ խմբի էջում /, ֆեյսբուքային հաղորդագրությամբ հետաքրքրվեցի, թե ի՞նչ եղավ Բաց նամակի ճակատագիրը, կայքում, ի վերջո տեղադրվե՞ց, թե՞ ՝ ոչ: Դուք այդպես էլ չարձագանքեցիք:  Մարտի 25-ին դուք ինձ նաեւ համագործակցություն առաջարկեցիք ՝ lorinews.am կայքին հոնորարային վարձատրությամբ հոդվածներ  ուղարկելու պայմանով, նախապես զգուշացնելով, որ այն նախ պետք է հրապարակվի ձեր կայքում, այնուհետ ՝ իմ բլոգում, ձեր կայքին հղումով:Ես առաջարկեցի թեմաներ, միաժամանակ խնդրելով տեղեկացնել ձեր կողմից առաջարկվող պայմանների, համագործակցության իրավական հիմքերի, հեղինակային իրավունքների պահպանման եւ վարձատրության չափորոշիչների մասին, սակայն էլեկտրոնային փոստով ձեր ֆեյսբուքային հասցեին  մարտի 28-ին ուղարկված իմ նամակը եւս անարձագանք մնաց: Արդյոք դա կապ ունի՞ այն բանի հետ, որ օրերս նշանակվել եք քաղաքապետարանի մամուլի քարտուղար եւ այլեւս չեք ցանկանում / կամ ՝թույլ չեն տալիս / շփվել քաղաքապետարանին  կամ քաղաքապետին ընդդիմախոս  ,,ճամբարի,, հետ: Չէ՞ որ դուք իմ թեմատիկային ու գրելաոճին արդեն իսկ ծանոթ էիք, եւ, այդուհանդերձ, համագործակցության հրավեր էիք կատարել ՝մինչեւ ձեզ մամուլի քարտուղար նշանակելը:Ամեն դեպքում ես շարունակում եմ պահպանել իմ դրական վերաբերմունքը / որոշ վերապահումներով /, ձեր խմբագրած կայքի հանդեպ, որի մասին գրել եմ նաեւ ձեր կայքում ՝մինչ ձեր ՝քաղաքապետարանի մամուլի քարտուղար նշանակվելը / Դրական այն առումով, որ կայքից կարելի է մշտապես թարմ ինֆորմացիա ստանալ Լոռու մարզում կատարվող արտակարգ դեպքերի, քրեական իրավիճակի, համայնքների բազմազան խնդիրների մասին, ինչը, ցավոք, այսօր բավարար չափով չի լուսաբանվում տեղական հեռուստաալիքների կողմից. թեպետ, ձեր կայքում, պետք է նկատել, ավելի հաճախ արտատպություններ են լինում այլ կայքերից, երբեմն էլ ՝հեղինակային իրավունքների ,,յուրացումներ,,: Ամեն դեպքում ՝ այսօրինակ թերություններով հանդերձ կայքը դրական փոփոխություններ է մտցրել Լոռվա  միապաղաղ ու տաղտուկ  առօրյայում, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում  տեղական հեռուստաալիքներն  առավելապես մասնագիտացել են մանկապարտեզային հանդեսների լուսաբանմամբ, ինչը, թերեւս, մարզում առկա անուղղակի մի գրաքննության շրջանակներում է, երբ հասարակությանը հուզող  հարցերը  տեղական իշխանությունները նախընտրում են տեղափոխել ինտերնետային հարթություն, ու միգուցե ՝ հեռուստատեսություններին հատկացվելիք ֆինանսական միջոցներն ուղղել ինտերնետային տիրույթներին ՝մեր ժողովրդավարությամբ աշխարհին զարմացնելու մտայնությամբ /: Չեմ կարծում, սակայն, թե քաղաքապետարանում ձեր աշխատանքի անցնելուց հետո lorinews.am կայքը կարող է պահպանել իր լիակատար անկախությունը, քանի որ  ներկայիս քաղաքապետարանը իր 15 տարվա գոյության ընթացքում աչքի է ընկել լրագրողների հանդեպ իր կողմնակալ ու ոխակալ վերաբերմունքով, փակ աշխատաոճով, որի արդյունքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մի առիթով  Վանաձորի քաղաքապետր հայտնվել էր տեղեկատվություն չտրամադրող պաշտոնյաների սեւ ցուցակում, իսկ մեկ ամիս առաջ էլ արգելել էր տեղական հեռուստաստուդիաներին ՝ մասնակցել քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցություններին, ոչ վաղուց էլ ավագանու նիստերից մեկին էր լրագրողների մասնակցությունն արգելվել: Ավագ գործընկերոջ իրավունքով թույլ տվեք նաեւ մի փոքրիկ դիտողություն. ձեր կայքից կամ ֆեյսբուքից մի ջնջեք ձեր գործընկերների կարծիքը ՝ թողնելով միայն ձերը / այդ հանգամանքը քանիցս   նկատել եմ /, այլապես մարդիկ հնարավորություն չեն ունենում կողմնորոշվել, թե ինչի՞ մասին է բանավեճը կամ վիճաբանությունը, քանի որ միայն միակողմանի պատասխան են տեսնում, ու չեն կարողանում որոշել, թե ով է ճիշտ, ով ՝ սխալ, ինչը չի բխում ոչ ժողովրդավարության, ոչ էլ քաղաքացիական հասարակության շահերից:                                                                                                                 ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն