суббота, 17 февраля 2018 г.

Նախընտրում է տառապել ու պայքարել սեփական երկրում, քան՝հեռանալ օտարություն

Շարունակվում են վանաձորցի միայնակ թոշակառու, Լենինգրադի բլոկադայի տուժած, Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ Հենրիետա Մխիթարյանի տառապանքները՝բազմահարկ շենքի 9-րդ հարկում գտնվող իր բնակարանի առաստաղի քայքայման խնդրով տարբեր մարմինների դիմելու առնչությամբ։Այդ խնդիրը, որի մասին քանիցս ենք ահազանգել /ու որին անդրադարձել են նաեւ վանաձորյան 2 հեռուստաալիքներ/,որի առթիվ վերջինս վերջին մեկ տարում գրել է եւ քաղաքապետարան, եւ մարզպետարան, եւ պատգամավորական գրասենյակներ, եւ վարչապետին, նրա համար դարձել է գերխնդիր, որ արդեն ձգվում է մեկ տարի։Վերոնշյալ պետական ու ՏԻՄ կառույցներին գրած բողոք-նամակներից հետո/որոնց թվում՝ամենավերջինը՝ՀՀ վարչապետին/, Մխիթարյանն ստիպված էր դիմել դատարան․փետրվարի 7-ի գործը՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընդմիջվեց՝Մխիթարյանի խմդրանքով, քանի որ զգացվում էր պաշտպանի մասնակցության անհրաժեշտություն, իսկ հանրային պաշտպանը, նախապես տեղյակ պահելով՝չէր մասնակցել նիստին/պատճառաբանելով փաստաբանների գործադուլը/։Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 25-ին, բայց՝հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ ինքն այդ օրն էլ է զբաղված լինելու եւ չի կարող մասնակցել նիստին։Ու հիմա Մխիթարյանը փաստաբան կամ հանրային պաշտպան գտնելու փնտրտուքների մեջ է․իսկ այդ ընթացքում առաստաղը, բնականաբար, չի սպասում եւ շարունակում է քայքայվել։Իրավական պաշտպանություն գտնելու նրա փնտրտուքները փետրվարի 15-ին հասցրին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, որտեղ ներկայացավ իր գործին առնչվող փաստաթղթերով ու իրեղեն ապացույց լուսանկաներով։Մոտ կես ժամ նրա բողոքը լսեցին, գրանցեցին․նրան հանձնվեց Լոռու մարզի փաստաբանների ամբողջական ցուցակ՝ընտրության նպատակով։Մխիթարյանն այս ընթացքում նաեւ հերթագրվել է Վանաձորի քաղաքապետի մոտ ընդունելության/հաջորդ շաբաթվա համար/․բայց մտահոգություն ունի․,,Բա որ քաղաքապետն էլ ասի՝դե որ գործը դատարանում է, էլ ի՞նչ ես պահանջում մեզնից, գնա դատարանից էլ պահանջի,,։

․․․Պարոնայք, ,,սիրուն չի,,․չի կարելի ավանդ ու վաստակ ունեցող մարդուն այդ տարիքում դռնեդուռ գցել ու ստորացումների միջով անցկացնել։Մի՞թե տեղական կառույցն՝ի դեմս քաղաքապետարանի կամ համատիրության, ի զորու չէ մի առաստաղի հարց կարգավորել, որ միայնակ թոշակառուին այսչափ չարչարանքների միջով է անցկացնում։Չէ՞ որ այդ տարիքում մարդը համոզված չէ, թե որքան ժամանակ է մնացել իրեն՝այս կյանքում․․․․Նշեմ, որ հենց տեղական ինքնակառավարման մարմնի խորհրդով էլ վերջինս դատարան է դիմել, ու արդեն վատ ավանդույթ է ձեւավորվել․բազմաբնակարան շենքի բնակիչների հետ կապված հարցերով, որպես կանոն՝դատարանի դուռն են ցույց տալիս ու հարեւաններին միմյանց դեմ տրամադրում։Փոխանակ նպաստելու միջհարեւանայաին հարաբերությունների կարգավորմանը, ավելի են թշնամացնում միմյանց ու հրահրում/2003թ․Մխիթարյանի նկատմամբ ներքեւի հարեւանի կողմից բռնության ենթարկվելու գործում էլ նախկին քաղաքապետարանի թերացումն էր/։Նրա գերխնդրով զբաղվելու փոխարեն, այժմ վերջինիս աղբի վարձի պարտքի մասին ծանուցումներ են ուղարկում/այն էլ՝վրան ապօրինաբար տոկոսներ դրած վարձի, որի անթույլատրելիոթւյան մասին քանիցս ենք ահազանգել․առ այն, որ 2017թ․հունվարից Վանաձորի դեռեւս ոչ լեգիտիմ ավագանու օրոք՝աղբի վարձի վրա տոկոսներ են դրվում/․եւ սա՝այն դեպքում, երբ այդ շենքի բնակիչները քանիցս են հեռուստատեսությամբ ահազանգել, որ շենքի ծխատարը վերածվել է աղբատարի, ու այդ հարցում Մխիթարյանը մատնանաշում է ոչ միայն ներքեւի հարեւանի մեղավորությունը,այլեւ՝համատիրության անտարբեր վերաբերմունքը շենքի խնդիրների հանդեպ։

Հարցիս, թե արդյո՞ք չի ցանկանում տեղափոխվել Ռուսաստան՝իր ծննդավայրը, մոտ լինել Ռուսաստանում ապրող միակ հարազատին/ով, ի դեպ, փետրվարի 7-ին ժամանել էր Ռուսաստանից՝նրա հայցով նիստին մասնակցելու համար /, վերջինս ասաց․,,Ես չեմ ուզում իմ երկրից գնամ, ես իմ երկիրը սիրում եմ, ես օտարության մեջ չեմ կարող ապրել, չեմ ուզում այնտեղ ինձ երկրորդ սորտի մարդ զգամ, բայց ինձ հրահրում են, որ ես թողնեմ-գնամ։Էսօր ինձ Ռուսաստանից էլ են մշտական բնակության հրավիրում, Իսրայելից էլ, բայց ես չեմ ցանկանում հեռանալ իմ հարազատ քաղաքից,,-նշեց Մխիթարյանը, որ քանիցս է դժգոհել, որ մարդիկ փոխանակ պայքարեն, թողնում-հեռանում են երկրից։,,Սա մեր տունն է, ու՞ր գնանք, ինչու՞գնանք,,,-ասում է իմ զրուցակիցը։

․․․Իսկ ինչպե՞ս պայքարեն նրանք, ովքեր սպառել են իրենց ռեսուրսները թե առողջական, թե նյութական առումով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն